ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԿԱՅԻՆ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է, որ բնավ պետք չի զարմանալ ՌԴ արտաքին գործերի նախարարի արած հայտարարություններից, քանի որ նման հայտարարություններ ՀՀ իշխանությունները վաղուց են արել ու հաստատել: «Լավրովին ամրապնդեց այն, որ ՀՀ իշխանությունների համար Արցախի Հանրապետություն ու Արցախի հարց գոյություն չունի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

 

-Պարո՛ն Խաչատրյան, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը հարցեր  է առաջացրել հանրության մոտ, մասնավորապես, թե ինչպես ստացվեց, որ ՌԴ-ն բացեիբաց հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել Արցախում ապրող հայերի անվտանգությունը, կամ որ բանակցային գործընթացը փակուղի է մտել: Դուք նրա հայտարարություններն ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Լավրովի հայտարարության մեջ ավելի վտանգավոր ուղերձներ կային, եւ երեւի թե սկսենք այդ ուղերձներից:  Մարդը բացահայտ ասաց, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել  են քննարկել Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը, ընդհանրապես հրաժարվել են քննարկել: Այսինքն՝ իրենց համար Արցախի հարց գոյություն չունի, Արցախը որպես վարչաքաղաքական անկախ միավոր այլեւս գոյություն չունի, եւ Հայաստանի իշխանություններն Արցախի հարցն իջեցրել են մինչեւ Ադրբեջանում ազգային փոքրամասնության խնդիր: Եթե ՀՀ փաստացի ղեկավարը նման քաղաքական դիրքորոշում է որդեգրում, ապա ՌԴ-ից ի՞նչ եք սպասում: Մի՛ սպասեք, որ Ռուսաստանը կամ Ֆրանսիան, որը բացառություն է, եւ խորհրդարանը հայանպաստ որոշում է ընդունել, սակայն միջազգային հանրությունը չի կարող ավելի հայ եւ հայանպաստ լինել: Միջազգային հանրությունը կարող է աջակցել քեզ, բայց ինքը չի պաշտպանի մեր շահերը, եթե մենք չպաշտպանենք: Խորհրդարանում երեկ խոսում էին, որ անվտանգությունը երաշխավորում են ռուսները, սակայն որեւէ փաստաթուղթ Հայաստանը չի ստորագրել (եթե գաղտնի փաստաթուղթ չէ), որում գրված լինի, որ Հայաստանը հրաժարվում է պաշտպանել Արցախը, եւ այդ ամենը միայն ՌԴ խաղաղապահների գործն է, այլ ոչ թե հայկական զինված ուժերի հետ համատեղ: Այդպես է եղել 30 տարի,  թող առաջին գծում կանգնեին ռուսները, երկրորդ գծում՝ հայերը: Սակայն այս իշխանությունները հպարտորեն հայտարարում են, թե Արցախից հայկական զորամիավորումները հանել են: Այնպես որ, պետք է հասկանանք՝ ինչ է ուզում այսօրվա իշխանությունը, եւ համադրենք արտաքին ուժերից եկող ազդակների եւ հայտարարությունների հետ: Իհարկե,  վտանգավոր հայտարարություն էր, եւ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր ընդգծել, թե եթե հայերը չեն ուզում, ապա էլ ռուսական կողմից ի՞նչ եք ակնկալում:

-Արեւմտյան ուժերը սա մեկնաբանում են այնպես, թե սա վկայություն է այն մասին, որ ՌԴ-ն Արցախի հարցը մոռացության է մատնում կամ այն դիտարկում Ադրբեջանի կազմում եւ չի կատարում իր ռազմավարական գործընկերոջ պարտականությունները:

-Ռազմավարական գործընկերոջ պարտականությունները որո՞նք են, որտե՞ղ է դա սահմանված: Մարդիկ ասում են, որ պատրաստ են դիտարկել Հայաստանին աջակցության հարցը, Նիկոլ Փաշինյանը, սակայն, վետո է դնում ՀԱՊԿ-ի դեկլարացիայի վրա եւ ասում, որ քաղաքական գնահատական ենք ուզում: Այսինքն՝ մարդիկ ասում են, որ պատրաստ են քննարկել եւ ասել, սակայն ինքը կամակորություն է անում եւ ասում՝ կա՛մ սա, կա՛մ ոչինչ: ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Իրանի արձագանքը արձագանք է ՀՀ-ի քաղաքականությանը: Եթե ՀՀ-ն սխալ քաղաքականություն է վարում, ապա մի՛ սպասեք, որ մեկ ուրիշը հայանպաստ քաղաքականություն է վարելու: Մեր դարդը չենք կարող ուրիշներին պատվիրակել, մենք պետք է մեր խնդիրը լուծենք, ինչը հաջողությամբ անում էինք՝ 1988 թվականի փետրվարի 20-ից սկսած:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ

Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին ընդդիմության նախագիծը երեկ տապալվեց։ Իշխող ուժը չմասնակցեց քվեարկությանը, միայն ընդդիմադիրները կողմ քվեարկեցին այդ նախագծին: Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում էին՝ Հայաստանի խորհրդարանը հայտարարություն ընդունի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Արցախի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով, առանց սահմանափակումների։

 

Ընդդիմությունն առաջարկում է այսպիսով պատասխանել Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը, որն ընդունվել էր անցած ամիս։ Ընդդիմության գնահատմամբ՝ դրանով Միլի մեջլիսը արդարացրել է 44-օրյա պատերազմի հանցագործություններն ու Հայաստանի եւ Արցախի դեմ նոր սպառնալիքներ հնչեցրել։

Ինչո՞ւ իշխանությունը չի ցանկանում ընդունել այս հայտարարությունը, ինչի՞ն են դեմ։ Արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կետերով ու մանրամասն չթվարկեց, թե ինչը իրենց սրտով չէ. ընդհանուր նշեց, թե նախագծում առաջարկված ձեւակերպումները նախապատերազմյան արտաքին քաղաքականության կրկնությունն են։

Ընդդիմությունը կարծում է, որ միասնաբար ընդունված հայտարարությունը նաեւ միջազգային հանրությանը ուղերձ կլինի Հայաստանի արտաքին քաղաքականության կարմիր գծերի մասին։ Միջազգային դիվանագիտական կոնսոլիդացիան Հայաստանի շուրջ ընդդիմության ձեւակերպումներով ընկալելի չէ՝ ըստ իշխող ուժի։ Էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ դա ռիսկային է։

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգի առաջխաղացմանը», – նշեց Աղաջանյանը:

Արցախի մասին ընդդիմությունը ամիսներ առաջ էլ էր առաջարկում հայտարարություն ընդունել, բայց իշխանությունը չմասնակցեց նիստին, ու այն տապալվեց։ Դրանից հետո ընդդիմադիրները մի քանի ամիս չվերադարձան խորհրդարան։

 

 

 

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ԵՆ

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության թեւը լքել է խորհրդարանը: Կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ մանդատից նաեւ 2 պատգամավորներ՝ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն են հրաժարվել: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից միայն Զեմֆիրա Միզոեւան է պահպանել մանդատը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, մեր տեղեկություններով, Վահե Հակոբյանի ու թիմակիցների խորհրդարանական գործունեությունը դադարեցնելը կոնկրետ նպատակներ ունի: Չի բացառվում՝ իշխանության հետ համագործակցության արդյունք է մանդատներից հրաժարվելը: «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը երեկ հրապարակավ իր վրդովմունքն է հայտնել «Հայաստան» դաշինքի մաս կազմող այս կուսակցության պահվածքից: «Մենք եղել ենք այն քաղաքական ուժերից, որ ասել ենք՝ ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան: Մենք չենք ասում՝ գնացեք, կնքեք ձեր քաղաքական կապիտուլյացիան ու հեռացեք: Դուք քաղաքական կապիտուլյատներ եք, ձեզ ուղարկել ենք ընդեղ, որ պայքարեք, դուք գնում, գրում ու դու՞րս եք գալիս: Ինչո՞ւ եք գցում ամեն ինչ «Դաշնակցության» վրա, չի կարելի պայքարը թողնել միայն այդ կուսակցության վրա», – հայտարարեց կուսակցության առաջնորդը:  Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում Վահե Հակոբյանին եւ նրա փոքրաթիվ թիմին համարում են քաղաքական կապիտուլյանտ:

 

 

 

ՍՊԱՍԵԼ Է ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Փարիզաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի աշխատանքի եւ պահվածքի վերաբերյալ: Նա մեզ հետ զրույցում վերհիշեց մի պատմություն, երբ մի ամբողջ օր իր արվեստանոցում սպասել է նախարար Վահրամ Դումանյանին, սակայն վերջինս ոչ միայն խախտել է պայմանավորվածությունը եւ չի եկել, այլ նաեւ չի էլ զգուշացրել այդ մասին: «Ես նախարարին ասել եմ՝ Ձեզ սիրով կսպասեմ իմ տուն-արվեստանոցում, բացի այդ, կտեսնեք ստեղծագործություններ, որ երբեք չեք տեսել ոչ մի տեղ: Այդպես, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը չեկավ, անգամ չզանգեց, գոնե ունենար տարրական քաղաքավարություն, զանգեր, ասեր՝ կներեք, վարպե՛տ, չկարողացա գալ, կամ այս ինչ բանն էր պատահել: Գոնե ասեիք, զգուշացնեիք, իսկ ես ամբողջ օրը սպասել եմ, որ պետք է գար՝ հարգելով իր խոստումը, բայց չեկավ», – պատմեց նա: Քանդակագործի խոսքով՝ իր արած գործերն են հավերժ, իսկ նախարարները փոխվում են: «Այսօր նա նախարար է, բայց վաղը չի լինելու, բայց ես հավերժ եմ, տասնյակ գործեր ունեմ մայր Հայաստանում, Փարիզում, աշխարհում: Ես ստացել եմ պետական մասշտաբով ամենապատվավոր կոչումները: Այս վարչապետի դրած մշակույթի նախարարը երեւի չի հասկանում, նա մաթեմատիկայի մասնագետ է, բայց պետք է լավ հաշիվ աներ՝ նա հավերժ չէ, ես եմ հավերժը: Ես եմ մշակույթը ստեղծում», – հայտարարեց նա:

 

 




Լրահոս