Մոսկվան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առկախված, ասել է թե՝ ապագային թողնելու առաջարկ դեռեւս տասը տարի առաջ է արել։ Այս մասին դեկտեմբերի 1-ին՝ բավականին ծավալուն (մոտ երկու ժամ տեւած) մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ավելացրել՝ կարգավիճակի հարցը հայկական կողմը փակել է վերջերս՝ հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Լավրովը, նկատենք, հիշեցնելով մոտ տասը տարի առաջ Երեւան բերված առաջարկը, նկատի է ունեցել այն փաթեթը, որը հայ հասարակության մեջ առավել հայտնի էր որպես «Լավրովի պլան»։ Ըստ այդ մոտեցման, նշենք, ենթադրվում էր, որ Ադրբեջանին էին անցում Արցախի Հանրապետության հինգ շրջանները, եւս երկուսը՝ Քարվաճառն ու Բերձորը, որոնք Հայաստանը կապում էին Արցախին, մնում էին հայկական վերահսկողության տակ։ Դրանց ճակատագիրը նույնպես պետք է վճռվեր Արցախի կարգավիճակի հարցի հետ մեկտեղ։ Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, ապա այն թողնվում էր ապագային, ասել է թե՝ սերունդներին։
Ըստ Լավրովի հավաստիացումների՝ այդ տարբերակը կարող էր գործել նաեւ 44-օրյա պատերազմից հետո անգամ, երբ հակամարտող կողմերի ղեկավարները ռուսական միջնորդությամբ հանդիպել են։ Այդ կետն անգամ, ՌԴ արտգործնախարարի փոխանցմամբ, Ռուսաստանը նաեւ խաղաղության պայմանագրի իր տարբերակում է ներառել ու ներկայացրել կողմերին։
«Պաշտոնական Բաքուն պատերազմից հետո՝ նախնական շրջանում, համաձայնել է քննարկել այդ տարբերակը, բայց արդեն Պրահայի հանդիպումից հետո մերժել է այն։ Նրանք Սոչիի հանդիպման ժամանակ փոխանցել են, թե փաստաթուղթը ցանկանում են ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն ստորագրել։ Իսկ երբ բոլոր կողմերը հավանության են տալիս ինչ-որ փաստաթղթի (Ալմա-Աթայի հայտարարությունը նկատի ունի), ապա նշանակում է՝ կարգավիճակի հարցն արդեն իսկ դուրս է մնացել բանակցային գործընթացից։ Իսկ այդ հռաչակիրգն ասում է, որ միութենական երկրները անկախ պետություններ են ստեղծում՝ ճանաչելով այն սահմանները, որ եղել են ԽՍՀՄ ժամանակ»,-ներկայացրել է բանախոսն ու ընդգծել, որ պաշտոնական Երեւանը վերջին շրջանում ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ այնտեղ ապրող մարդկանց իրավունքների մասին է խոսում։
Լավրովը նաեւ տեսակետ է հայտնել, որ Ադրբեջանը հավաստիացումներ է տալիս, թե պատրաստ է ապահովել Արցախում ապրող հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։
Նա նաեւ անդրադարձել է եվրոպացի պաշտոնյաների ջանքերով տեղի ունեցող Փաշինյան-Ալիեւ հանդիպումներին՝ համարելով, որ նրանք փորձում են իրենցով անել ՌԴ միջնորդական ջանքերը։
Ավելի վաղ, հիշեցնենք, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել էր նաեւ Արցախի՝ ՌԴ կազմում ներառվելու հավանականության մասին՝ ըստ երեւույթին բացառելով թե՛ նման սցենարը, թե՛ Մոսկվայի նման մտադրությունը։
Ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասով մեր՝ Հայաստանի պաշտոնյաների հայտարարություններին, ապա առ այս պահը դրանք բացակայում են. ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու այլ պաշտոնյա որեւէ կերպ չեն արձագանքել։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իր սոցիալական ցանցի միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք տարածաշրջանում խաղաղության կառուցման եւ հակամարտությունների կայուն կարգավորման ուղիները:
Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ բանակցություններին նպաստելուն»:
51-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը ներկա է գտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 51-րդ տարեդարձի միջոցառմանը։
Փոխվարչապետը գոհունակությամբ նկատել է, որ վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հաջողվել է ձեւավորել ամուր եւ դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցություն։
Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ Համբարձում Մաթեւոսյանը կարեւորել է երկկողմ հարաբերություններում առկա զարգացման մեծ ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի է՛լ ավելի խորացնել եւ ընդլայնել համագործակցության երկկողմ օրակարգը:
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱՆԱԼ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, բան ու գործը թողած, հետեւում է գործադրի շենքի անվտանգության համար տեղադրված տեսախցիկների աշխատանքին։ Հետեւելը՝ դեռ ոչինչ, իրեն իրավունք է վերապահում տեսախցիկների արձանագրածները հրապարակել։ Երեկվանից իշխանամերձ լրատվամիջոցներն ու պաշտոնյաները (որոնց մեջ, ի դեպ, իրավաբաններ կան), մեկը մյուսին հերթ չտալով, տարածում են մոնտաժված մի տեսանյութ, որտեղ լրագրող-օպերատորը ցուցադրում է պատի մեջ մտցված հեղույսը։ Կադրը տեսախցիկով ֆիքսում է հեղույսը հանել-դնելը, ինչին էլ հենց հղում են անում իշխանության ներկայացուցիչներն ու արդարանում, թե օպերատորն է ծակ բացել ու հեղույսը պատի մեջ մտցրել։ Եթե անգամ ենթադրենք, որ ընդդիմադիր լրատվամիջոց ներկայացնող օպերատորը, գայլիկոն ձեռքն արած, պատը ծակել ու հեղույսն այդ անցի մեջ է տեղադրել, ապա պատմամշակութային արժեք համարվող շենքի վրա մի քանի հազար անցքերի հեղինակներն ովքե՞ր են. նորից լրագրողնե՞րը, թե՞, ամեն դեպքում, «նախկինները»։ Իհարկե, պարզից էլ պարզ է, որ իշխանության ներկայացուցիչներն այժմ արդարանալու ու մեղքն իրենց վրայից գցելու խնդիր են փորձում լուծել, բայց նախ պետք է սկսել այն հարցից, թե ինչ ճանապարհով է տեսանյութը Տարոն Չախոյանին հասել, ապա պարզել՝ ով է նրան իրավունք տվել հրապարակելու այն։ Որքանով տեղյակ ենք, նա ո՛չ ԱԱԾ-ի, ո՛չ էլ մեկ այլ ուժային կառույցի աշխատակից չէ, հետեւաբար ինչո՞ւ է իր լիազորությունները գերազանցող գործողություն կատարել։
3 ՄԵՂԱԴՐՅԱԼ
ArmLur.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Երվանդ Քոչարի միջադեպով վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 335-րդ հոդվածի 1-ին մասի եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Վարույթով նախաքննությունը շարունակվում է, տվյալ պահի դրությամբ որպես մեղադրյալ է ներգրավված 6 անձ, որոնցից 3-ը կալանավորված են, 3-ի նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ նախաքննության մարմին հարկադիր ներկայացնելու հանձնարարություն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ոստիկանությունը Երեւանում կանխել է մինչեւ ատամները զինված «ռազբորկան»։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ժամը 20։30-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում մի խումբ երիտասարդների միջեւ զինված «ռազբորկա» է տեղի ունենում։