Ապրիլի 12-ին առանձնակի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երեւան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ 58-ամյա Աբրահամ Ք.-ից, որը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19։00-ից մինչեւ 23։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դեռեւս անհայտ պայմաններում մտել են իր տուն եւ այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր եւ գումար։
Աբրահամ Ք.-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է, իսկ գողը կամ գողերը տանից հափշտակել են մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր, գումար։
Եվ, ահա, իրավապահները պնդում են, որ գողության դեպքը բացահայտված է, եւ գործը դատարանում է. մեղադրյալի աթոռին է հայտնվել Սեւակ Բաբայանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 19:00-ից մինչեւ 23:30-նն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Երեւան քաղաքի Դանիել Վարուժանի փողոցի՝ Աբրահամ Հակոբի Քաթաբյանին պատկանող 32 տուն, 1-ին հարկում գտնվող հյուրասենյակի սեղանից վերցրել է 180.000 ՀՀ դրամ արժողությամբ կանացի ոսկյա մատանի, տանից Մայքլ Քորս ապրանքանիշի 50.000 ՀՀ դրամ արժողությամբ կանացի պայուսակ, ապա տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով 2-րդ հարկի ննջասենյակի պատի մեջ ներկառուցված մետաղյա պահարանի դուռը՝ գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 20.000.000 ՀՀ դրամ գումար, 14.000.000 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար, ընդհանուր 350 գրամ, 7.500.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր՝ Աբրահամ Քաթալյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 42.325.900 ՀՀ դրամի գույքային վնաս:
Սակայն ուշագրավն այն է, որ Բաբայանը պնդում է, որ ինքը հափշտակության հետ կապ չունի: Այս իրավիճակը ցույյց է տալիս, որ ենթադրյալ գողություն անողը չի ընդունում մեղադրանքը. նրա տանը խուզարկություն են իրականացրել, չեն հայտնաբերել որեւէ բան, ուստի իրավիճակը ենթադրում է , որ 30.000 ԱՄՆ դոլար, ընդհանուր 350 գրամ, 7.500.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, 180.000 ՀՀ դրամ արժողությամբ կանացի ոսկյա մատանի, տանից Մայքլ Քորս ապրանքանիշի 50.000 ՀՀ դրամ արժողությամբ կանացի պայուսակը չկա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՅՈՒՐԱՑՐԵԼ Է ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ
Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Ս.Ե.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված եւ փաստացի իրեն վստահված ընդհանուր 2 մլն 441 հազար 985 դրամ արժողությամբ 4 հազար 515 լիտր ավտոբենզինի եւ 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոնները:
Ինչպես տեղեկացնում են դատախազության հանրային կապերի բաժնից, պարզվել է, որ Ս.Ե.-ն, պաշտպանության նախարարի՝ 2016 թվականի հրամանով նշանակված լինելով N զորամասի հրամանատար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զորամասին հատկացված եւ փաստացի իրեն վստահված «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի ու դիզելային վառելանյութի կտրոնները խոշոր չափերով յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ 2021 թվականի հունվարից մինչեւ 2022 թվականի հունվարը՝ քննությամբ չպարզված օրերին, ապօրինաբար, առանց փաստաթղթավորման զորամասի գույքային ֆոնդից դուրս է բերել եւ յուրացրել է նույն զորամասին հատկացված, իրեն վստահված 4 հազար 515 լիտր «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի եւ 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ, որոնց մի մասը հանձնել է որպես բնակարանի վարձակալության վճար, իսկ յուրացրած կտրոնների մի մասն էլ վաճառել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի, ընդհանուր՝ 2 մլն 441 հազար 985 դրամի գույքային վնաս։
Նշվածը հաստատվել է Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի նոյեմբերի 16-ի մեղադրական դատավճռով (նախաքննության ընթացքում զորամասի հրամանատարը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունք, զղջացել է կատարած արարքի համար եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը՝ 2 մլն 442 հազար դրամի չափով):
Հսկող դատախազը միջնորդել է Պաշտպանության նախարարությանը դիտարկել զորամասի հրամանատարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:
«ԷԿՈՏԱՎՈՒՇԸ» ԽԱԽՏՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ
Մի քանի օր առաջ Իջեւան քաղաքի շուկային հարակից տարածքում գտնվող «ԷկոՏավուշ» ընկերության ֆիրմային խանութում կլոր տուփով հալած յուղ եմ գնել: Այդ հալած յուղն արտադրվել է Իջեւան խոշորացված համայնքի Լուսաձոր գյուղում գործող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի պանրագործարանում։ Հալած յուղի տուփի վրա հայերեն ոչ մի գրառում չկա, բոլոր գրառումները ռուսերեն են, բացի արտադրող ընկերության անվան լատինատառ գրառումից։ Սա օրենքի կոպիտ խախտում է, քանզի Հայաստանում արտադրվող, վաճառվող արտադրանքը պետք է ունենա ապրանքի վերաբերյալ հայերեն տեղեկատվություն։ Լուսաձորի պանրագործարանի արտադրանք պանիրը, հալած յուղը հիմնականում առաքում են Ռուսաստան, ուստի հալած յուղի տուփին միայն ռուսերեն գրառումներ են արված։ 2010թ. մայիսի 22-ին Իջեւան քաղաքում Ֆրանսիայի Օ-ԴԸ-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր։ 2011թ. Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով, հետագայում նման նոր պայմանագրեր են ստորագրվել: Ֆրանսիական կողմի աջակցությունը նպատակաուղղված է եղել Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, մարզի սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը: Հայ-ֆրանսիական համագործակցությամբ ստեղծված «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը նաեւ բարեգործական ծրագրեր է իրականացնում, սակայն տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հետ կապված բազում խնդիրներ են առաջացել։ 2016թ. ամռանը, Լուսաձորի պանրագործարանին հարակից տարածքում հորելով, որպես անորակ արտադրանք ոչնչացրել են Լուսաձորի պանրագործարանում արտադրված 3.5 տոննա պանիրը: Սուրեն Գեւորգյանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրենն է, նա միաժամանակ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի ղեկավարն է, նրա կին Հասմիկը (Նանա) 2016թ. հուլիսի 1-ից Լուսաձորի պանրագործարանում արտադրվող պանիրը Ռուսաստանում իրացնող «էկոՏավուշի» տնօրենն է։ Ամուսինների կողմից ղեկավարվող «ՀիմնաՏավուշի» եւ «էկոՏավուշի» բիզնես հարաբերություններում կոռուպցիոն ռիսկեր կան։ Լուսաձորի պանրագործարանի արտադրական գործունեության հետեւանքով շուրջ 10 տարի Լուսաձորի տարածքում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին մշտապես ծանր գարշահոտ է տիրում, որը շնչում են ավտոճանապարհով անցնողները։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ