ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ԿԱՏԵՍՏԱՎՈՐՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որով արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները հնարավորություն կստանան իրենց նախաձեռնությամբ ատեստավորվելու եւ դրա արդյունքում ստանալու հավելավճար։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ 2021-2022 ուստարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել է 5099 ուսուցիչ (76.8 %-ը՝ կանայք), որոնց 42.6 %-ն ունեցել է միջին մասնագիտական կրթություն: Սպորտային կազմակերպություններում մարզումներն իրականացրել է 2104 մարզիչ-մանկավարժ (15.4 %-ը՝ կանայք):

Հարկ է նշել, որ առ այսօր որեւէ իրավական ակտով սահմանված չեն արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու նկարագիրը, մինչդեռ մանկավարժների ոչ միայն  մասնագիտական պատրաստվածությամբ, այլեւ գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պետք է օժտված լինի անձը կրթության կազմակերպման արդյունքում կարողունակ քաղաքացի ձեւավորելու համար։ Ներկայում գործող ֆինանսավորման բանաձեւը հնարավորություն չի տալիս գործընթացն իրականացնելու նույն սկզբունքով եւ այս ոլորտում չի ապահովում տեղական, մարզային, պետական մարմինների, ինչպես նաեւ միջգերատեսչական համագործակցության բարելավումը, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության իրագործումը։ Արտադպրոցական հաստատությունների ֆինանսավորման համար անհրաժեշտ է կիրառել միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար:

Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի՝

l սահմանել հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության եւ դաստիարակության ոլորտում նոր որակական նախադրյալներ ստեղծելու համար,

l նպաստել մատուցվող ծառայությունների որակի եւ մատչելիության բարելավմանը, որի ապահովումը ենթադրում է ոլորտի կադրային համալրում, զարգացնող միջավայրի ստեղծում, ինքնակրթություն, փորձի փոխանակում:

Մանկավարժական գործունեությունը մանկավարժից պահանջում է գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացում: Հայաստանում մանկավարժների, այդ թվում՝ արտադպրոցական ուսհաստատություններում աշխատող մանկավարժների ցածր աշխատավարձը խոչընդոտում է մարդկային լավագույն կապիտալի, այդ թվում՝ արական սեռի մասնագետների  մուտքը ոլորտ, վերջիններիս չի մղում մասնագիտական զարգացման: Այս խնդիրը լուծելու նպատակով պետք է մշակվի արդյունքի վրա հիմնված մանկավարժների կամավոր ատեստավորման կարգ, որը հնարավորություն կտա հավելավճարի տեսքով հասնելու աշխատավարձի բարելավման: Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ արտադպրոցական հաստատություններում մանկավարժները կարող են դասավանդել շաբաթական 24 ժամ, որը համարժեք է 1 դրույքի։ Ըստ այդմ՝ արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժի մեկ դրույքի համար հաշվարկվում է 132 276 ՀՀ դրամ աշխատավարձ: Առաջարկվող նախագծի ընդունմամբ եւ համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողները կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել գիտելիքների գնահատման գործընթացին եւ դրա արդյունքում ստանալ 30-50 % հավելավճար:

Ս.Հ.

 

 

ՍՏԱՑԱՎ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ժամանակավորապես՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչեւ ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի՝ նորերով փոխարինումը:

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացությունը:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտնեց, որ նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի մինչեւ ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանելը: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչեւ 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականի փետրվարի 15-ից: «Բացի այդ, ժամանակավորապես՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը մինչեւ ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի՝ նորերով փոխարինումը»,-ասաց Ֆիդանյանը:

Այսպիսով, նախագծով սահմանվում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), իսկ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր:

Օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

 

ԳՈՒՄԱՐ Է

ՀԱՏԿԱՑՐԵԼ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերում: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ տնտեսված միջոցներից 163 միլն 639 հազար ՀՀ դրամ գումար է նախատեսվել մի շարք կրթական հաստատությունների ջեռուցման ապահովման, նախագծման աշխատանքների, ինչպես նաւե գույքային հագեցվածության բարելավման համար: Համաձայն որոշման՝ գումար կհատկացվի հետեւյալ աշխատանքների համար՝

-«Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատան կառուցման եւ ներքին ջեռուցման ցանցի անցկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, փորձաքննություն,

-«Երեւանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կաթսայատան կառուցման եւ ջեռուցման ցանցի անցկացում,

– «Երեւանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի պարսպի կառուցման, մուտքի դռների, արտաքին կոյուղու եւ ջեռուցման ցանցերի մասնակի աշխատանքների իրականացման ձեռքբերում,

-«Գառնու Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ջեռուցման նոր կաթսայի տեղադրման աշխատանքներ: Հաշվի է առնվել, որ դպրոցում ներկա պահին գործում է մեկ կաթսա, որը տեղադրվել է 2008 թ., եւ կաթսայի խափանման ընթացքում դպրոցի ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջանում:

-«Երեւանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց», «Երեւանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց» եւ «Երեւանի Հ. Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների ջեռուցման կաթսաների փոխարինում:

 

 

 

ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

ԿԳՄՍ նախարարությունը Բրյուսովի պետական համալսարանը Մանկավարժական համալսարանին միավորելու նախագիծ էր դրել շրջանառության մեջ: Իշխանությունը մտադիր էր Բրյուսովը եւ Ֆիզկուլտ ինստիտուտը միավորել Մանկավարժական համալսարանին: Բրյուսովի համալսարանը փակելու լուրերի ֆոնին ուսանողները բողոքի ակցիաներ էին պարբերաբար իրականացնում: Բրյուսովի ուսանողները եւ դասախոսները նամակով դիմել էին նաեւ Նիկոլ Փաշինյանին: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ուսանողների այս պայքարն իր արդյունքը տվել է, եւ իշխանությունները մտադիր են հետ կանգնել իրենց մտադրությունից: Այս որոշման վրա ազդել է ուսանողների համառ պայքարը: Մեր տեղեկություններով՝ բուհում նման տպավորություն են ստացել նաեւ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներից: ArmLur.am-ը կհետեւի իրադարձությունների հետագա զարգացումներին եւ նոր մանրամասներ կհայտնի ընթերցողին: Հավելենք, որ, ArmLur.am-ի տեղեկություններով,  Նիկոլ Փաշինյանը հրահանգել է կանգնեցնել բոլոր կրթական համակարգի ծրագրերը, ֆինանսավորման հարցերը, մինչեւ բուհերի միավորման հարցերին լուծում կտրվի: Բոլորը սպասում են՝ հասկանալու համար, թե հարցը ինչպես է լուծում ստանալու:

 




Լրահոս