Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հանրահայտ փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համացանցում դիմում են իրենց հետեւորդներին՝ հորդորելով գնել հայկական գրություններով զարդերն ու այդպես աջակցել աշխարհի հինավուրց տաճարներից Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներին:
Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հոլովակ է զետեղել, որում նշում է՝ միշտ ճանապարհներ է փնտրում Հայաստանին աջակցելու համար, իր հետեւորդներին է ներկայացնում Metal Alchemist ապրանքանիշի «Հայր մեր», «Արարատ լեռ», «Սեր» եւ այլ գրություններով ապարանջաններն ու այլ զարդերն ու ասում, որ աշխարհում շատ պատմական վայրեր կան, սակայն ամենահինավուրց տաճարները Հայաստանում են։
Նա հիշեցնում է, որ այդ տաճարներից մեկում տարիներ առաջ կնքել է իր երեխաներին: Քարդաշյանը տեղեկացնում է, որ տաճարը վերանորոգման փուլում է, ու ընդգծում, որ ապարանջանների վաճառքից ստացված եկամտի հարյուր տոկոսը փոխանցվելու է տաճարի վերանորոգման աշխատանքներին։
Շերը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում մի լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է, որ իր հայկական արմատներն իր ինքնության հսկայական մասն են, եւ ինքը հպարտ է Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանն աջակցելու համար կազմակերպված նախաձեռնության մի մասը լինել:
ԶԵՓՅՈՒՌ ԲՐՈՒՏՅԱՆԸ ՀՂԻ Է
StarHit-ը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնում է, որ Պավել Պրիլուչնիի կինը՝ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը, հղի է։
Հրատարակության տվյալներով՝ զույգը երեխա կունենա 2023 թվականի մայիսին։ Հաղորդվում է, որ Բրուտյանին հսկում են «Լապինո» կլինիկական հիվանդանոցում, որտեղ դիմում են շոուբիզնեսի շատ աստղեր։
«Հղիությունը 14-15 շաբաթական է՝ չորրորդ ամիսը։ Զեփյուռն ու Պավելն արդեն մի քանի անգամ եկել են մեզ մոտ, միշտ միասին այցելում են բժշկի, ամուսինը հոգ է տանում ապագա մայրիկի մասին, աչքը նրանից չի կտրում»,- պատմել են կլինիկայում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանուհու հղիությունն ընթանում է առանց բարդությունների, ուստի ճանապարհորդությունը նրան հակացուցված չէ։
ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԱՆԱՆՑԻՑ
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Financial Times ամսագրի վարկածով ընդգրկվել է 2022 թվականի 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ «Բիլլի Այլիշը դարձել է Գլաստոնբերի եւ Կոաչելլա փառատոնների գլխավոր արտիստ, յոթ անգամ «Գրեմմի»-ի դափնեկիր, Ջեյմս Բոնդի թեմայով երգերի կատարող (2021-ի «No Time to Die» ֆիլմ) եւ «Օսկար»-ի դափնեկիր նախքան ԱՄՆ-ում ալկոհոլ օգտագործելու օրինական տարիքը», – հիշեցրել են վարկանիշը կազմողները։ Ստեղծագործական մասնագիտությունների մյուս ներկայացուցիչներից ամսագրի վարկանիշում ընդգրկվել են գրող Էննի Էռնոն, դերասանուհի Միշել Յեոն, նկարչուհի Էնն Իմհոֆը եւ ռեժիսոր Ցիցի Դանգարեմբգան, ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Քեթանջի Բրաուն Ջեքսոնը, ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Օլեքսանդրա Մատվիյչուկը, Saint Laurent-ի գործադիր տնօրեն Ֆրանչեսկա Բելետինին եւ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը:
3 ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 3 ՀԱՂԹԱՆԱԿ
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը 2010թ. աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո հաջորդ 3 առաջնություններում տարել է ընդամենը 3 հաղթանակ։
ԱԱ-2014-ում Իսպանիան 3:0 հաշվով հաղթել է Ավստրալիային, 2018-ին 1:0 հաշվով հաղթել է Իրանին, Քաթարում ընթացող առաջնության խմբային փուլում էլ 7:0 հաշվով պարտության է մատնել Կոստա Ռիկային։ Երրորդ տուրում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 1:2 հաշվով պարտվեց ճապոնացիներին եւ խմբում գրավեց երկրորդ տեղը։
1/8 եզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Մարոկկոյի թիմը։
ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆ ԱՀՌԵԼԻ Է
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը չհաղթահարելը։ Խմբային փուլի վերջին տուրում գերմանացիները 4:2 հաշվով հաղթեցին Կոստա Ռիկային, սակայն Իսպանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց ճապոնացիներին, որոնք բարձրացան առաջին տեղ, Իսպանիան 4 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ Գերմանիան 4 միավորով երրորդն է։
«Ես չեմ մեղադրում Իսպանիային։ Ինքներս ենք մեղավոր մեր տապալման համար, պետք է ավելի արդյունավետ խաղայինք առաջին երկու տուրերում։ Մենք շատ ժամանակ ունեինք, հատկապես՝ Ճապոնիայի հետ տանուլ տված խաղում եւ իսպանացիների դեմ։ Մեր հիասթափությունն ահռելի է»,- ասել է Ֆլիկը: Գերմանիայի հավաքականը ճապոնացիներին պարտվել էր 1:2 հաշվով, Իսպանիայի հետ խաղացել էր ոչ-ոքի՝ 1:1: 2014-ին՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո, Գերմանիան երկրորդ առաջնությունում անընդմեջ դուրս չեկավ փլեյ-օֆֆ։