ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ լուծարված «Շիրակ» հանրային հեռուստաընկերության աշխատակիցները չեն կորցնի իրենց աշխատանքը, քանի որ կա ներդրող։ Վարչապետը, մասնավորապես, նշել էր, որ կա պայմանավորվածություն ներդրողի հետ, եւ կառավարությունը «Շիրակ» հանրային հեռուստաընկերության ակտիվները կօտարի այդ ներդրողին, նա այդ աշխատատեղերը կպահպանի առնվազն առաջիկա մի քանի տարիներին: «Այդ մարդիկ առանց աշխատանքի չեն մնա՝ ըստ մեր պայմանավորվածության…»,- ասել էր Փաշինյանը: «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունում ներդրում չի կատարվել: «Փաստերի ստուգման հարթակ»-ի հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից հայտնեցին, որ ծրագրի քննարկման ժամանակ խնդիրներ են ծագել: ««Շիրակ» հանրային հեռուստաընկերությունում ներդրումային ծրագիր իրականացնելու հայտնի քննարկման ժամանակ ի հայտ են եկել այնպիսի իրավական եւ տեխնիկական խնդիրներ, այդ թվում՝ կապուղու հետ կապված, որոնք հնարավորություն չեն տվել իրականացնել ներդրումային ծրագիրը»,- նշված է պատասխանի մեջ: Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարել էր, որ կա ներդրող, որին կօտարվեն «Շիրակ» հանրային հեռուստաընկերության ակտիվները, ներդրում փաստացի չի կատարվել, իսկ հեռուստաընկերության աշխատակիցները ազատվել են աշխատանքից: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, նկարչությունից ու քրեական ենթամշակույթից զատ, նաեւ ֆուտբոլով է հետաքրքրվում: «Ժողովուրդ» օրաթերթը մոտ մեկ ամիս առաջ էր գրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի արվեստագետ սանիկը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, քրեական ենթամշակույթի առանձին ներկայացուցիչենրի հետ է մտերմություն անում, հետաքրքրվում այդ աշխարհի անցուդարձով եւ այլն: Աժմ էլ, փաստորեն, սպորտի ոլորտում է փորձում քայլեր անել ու ամրապնդվել այդտեղ: «Ժողովուրդ» օրաթերթի սյունիքյան աղբյուրների փոխանցմամբ՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբով հենց Դանիելյանն է զբաղվում: Խոսակցություններ կան անգամ, որ ակումբը նրան է պատկանում: «ՔՊ-ական պատգամավորը «Կապան-Գանձասարի» բոլոր խաղերին ներկա է, ակումբի հետ կապված ցանկացած բան ինքն է որոշում, լուծում եւ այլն: Վարչապետ Փաշինյանի՝ դեռեւս 2018-ի հոկտեմբերին Կապանում արած հայտարարությունը մատի փաթաթան դարձրած, թե ֆուտբոլը պետք է Կապան վերադառնա՝ հասել է նրան, որ գոծադիրն ամեն ամիս մոտ 8-9 մլն դրամ է փոխանցում ակումբին»,- «Ժողովուրդ» թերթին ասաց Սյունիքի մեր լավատեղյակ աղբյուրը: Թե ինչ վրձնահարվածով է նկարիչ պատգամավորը նաեւ ֆուտբոլի ասպարեզում հայտնվել, անձամբ նրանից փորձեցինք ճշտել: «Ես, այո՛, ակումբի բոլոր խաղերին հետեւում եմ, եւ, այո՛, գործադիրը, իմ տեղեկություններով, ֆինանսական օժանդակություն է տալիս ակումբին: Հուսանք՝ ակումբն այնքան կաճի, կզարգանա, որ որոշ ժամանակ անց պետական ֆինանսական աջակցության կարիք այլեւս չի ունենա: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ակումբն իմն է, ապա դրանք խոսակցություններ են, որ գոյություն կարող են ունենալ»,- փաստացի մեր լուրը հաստատելով՝ ասաց Դանիելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին մեղադրանք առաջադրելու համար խորհրդարան կգա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Մենք գրել էինք, որ նա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով արած հայտարարությունների համար: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել կամ ազատությունից զրկել հնարավոր է միայն Ազգային ժողովով՝ դատախազի միջնորդության հիման վրա: Ընդ որում՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ: Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով, ինչը հենց Մանուկյանը հաստատել էր մեզ հետ զրույցում: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, եւ բավականին խիստ է դրվել հարցը՝ պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայի ուժային կառույցներ մոտ: Հիշեցնենք նաեւ, որ երկու քրդերը Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 16-ին ապօրինի հատել էին Արաքս գետով անցնող՝ ՀՀ պահպանվող պետական սահմանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2022 թվականի հոկտեմբերի սկզբին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դատարանի անդամների մոտ բարձրաձայնել է իր՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման մասին հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը եւ պարզաբանեց, թե ինչու է իր հրաժարականի մասին հարցը բարձրաձայնել: «Երբ ես ընտրվում էի Սահմանադրական դատարանի նախագահ, այդ ժամանակ իմ գործընկերներին հայտնեցի, որ երկու տարի հետո բարձրացնելու եմ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում իմ հետագա պաշտոնավարման մասին հարցը: Ես կատարեցի խոստումս եւ այս տարվա հոկտեմբերի սկզբին ՍԴ դատավորների մոտ բարձրացրի իմ հետագա պաշտոնավարման հարցը, թե արդյոք իմ կոլեգաները կողմ են, որ ես շարունակեմ մնալ ՍԴ նախագահ, թե ոչ», – մանրամասնեց նա: Արման Դիլանյանը նաեւ հայտնեց, որ իր գործընկերներից որեւէ առարկություն իր հետագա պաշտոնավարման մասով չի եղել, ուստի շարունակելու է իր՝ ՍԴ նախագահի պարտականությունները: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հուլիսի 5-ին էր գրել, որ աշնանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձրացնելու է իր հետագա պաշտոնավարման մասին հարցը: