Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, վանաձորցի Արմենուհի Կյուրեղյանն ասում է, որ իշխանությունը մի կողմից խոսում է ժողովրդավարության մասին, մյուս կողմից չի հարգում այն մի քանի հազար վանաձորցիների ընտրությունը, որով հանրապետության՝ մեծությամբ երրորդ քաղաքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է։
«Ընտրություններից մեկ տարի անց ընտրված ավագանին նիստ չի գումարել, ու այդտեղ մեծ մեղավորություն ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը»,- նշում է Կյուրեղյանը։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ընդդիմադիր պատգամավորի հետ:
-Տիկի՛ն Կյուրեղյան, նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Վանաձորում ընտրություններ տեղի ունեցան: Անցել է ուղիղ մեկ տարի, Վանաձորն առ այսօր չունի գործող համայնքի ղեկավար, ունի միայն պաշտոնակատար: Քաղաքական կա՞մք է, դավադրությունների տեսությո՞ւն է, թե՞ մեկ այլ բան, որ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը փաստացի ղեկավարվում է ոչ ընտրված քաղաքապետի կողմից:
-Գիտեք, այդ ամեն ինչը նախ ապացուցում է, որ այս իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մեծությամբ երրորդ քաղաքում ունենալ ոչ գոնե իրեն հարող քաղաքապետ, եւ նրանք ամեն ինչ արեցին, որ այդ քաղաքապետի երդմնակալությունը տեղի չունենա: Եվ հենց դա է պատճառը, որ ավագանու առաջին նիստն անգամ տեղի չունեցավ, որի ժամանակ էլ պետք է քաղաքապետ ընտրվեր: Սա ապացուցում է միայն մի բան, որ այս իշխանություններն իսկապես եկել են բացասական առումով ժողովրդավարության հարցերը լուծելու եւ հայտարարելու ու հաստատելու երկրում բռնապետություն: Ի վերջո, այսօր Մամիկոն Ասլանյանն ինչո՞ւ դեռ քաղաքապետ չի ընտրվել. որովհետեւ նրան կալանավորել են չեղած մի քրեական գործով, որի ընթացքը վաղուց արդեն դադարել է: Նրանք ունեին 40 վկա, որոնցից ոչ մեկը Մամիկոն Ասլանյանի դեմ որեւէ փաստարկ չի ներկայացրել, եւ այս գործն առկախվել է: Դատելով այս ամենից՝ Մամիկոն Ասլանյանը կա՛մ պետք է ազատ արձակվի՝ ճանաչվելով անմեղ, կա՛մ պետք է դատվի: Երկու պարագայում էլ Մամիկոն Ասլանյանի մանդատը կգա գործածության մեջ նրա ձեռքում կամ այն մեկի, որ կգա նրանից հետո: Արդյունքում կունենանք 17 ընդդիմադիր եւ 16 ոչ ընդդիմադիր մանդատ: Երկու պարագայում էլ կընտրվի ընդդիմադիր դաշտից քաղաքապետ: Հենց սա էլ իրենք չեն կարողանում մարսել: Իսկ ի՞նչ արեցին իրենք Բերդի պարագայում. այնտեղ նույն բանը արեցին. երկարեց, երկարեց, առաջին անձին կալանավորեցին եւ երրորդ ընդդիմադիրը եկավ: Հիմա սա իրենց շատ խիստ է վախեցնում, քանի որ ի վերջո երրորդ քաղաքն է մեծությամբ Վանաձորը: Այս ամենին հասնելուն բացասական առումով նպաստել է Էդմոն Մարուքյանը՝ հանձնակատար-դեսպանը: Նա դատի տվեց, եւ առաջին նիստի կայացման ժամկետը հետաձգվեց, բողոքեց, բողոքեց, եւ նրա ձեռամբ ավագանու առաջին նիստը դեռ չի կայացել: Նրանք մտածում են, թե ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ հարցը կլուծվի, բայց՝ ոչ: Քաղաքը չունի ղեկավար, եւ այն գործում է նախորդ տարվա ծրագրով. խոսել ժողովրդավարությունից եւ անտեսել վանաձորցիների ընտրությունը բռնապետության հաստատում է:
-Իսկ ի՞նչ վիճակում է Վանաձոր քաղաքը: Ի՞նչ կարող եք ասել՝ որպես այնտեղի բնակիչ:
-Կատարվում են այն բոլոր ծրագրերը, որոնք նախորդ ավագանին՝ մինչեւ այս ընտրությունները գործող, ընդունել է եւ աշխատել, այսինքն՝ նույն Մամիկոն Ասլանյանի ղեկավարությամբ ընդունված քաղաքի բյուջեն է ծախսվում, եւ քաղաքի զարգացման ծրագիրն է իրականացվում: Եթե այսօր մաքուր է, նշանակում է՝ այն ժամանակ էլ է մաքուր եղել եւ գործել է: Երկու տարի առաջ վանաձորցիների խնդիրները եւ այսօր կարող էին փոխված լինել, սակայն երկու տարի է արդեն՝ վանաձորցին եւ Վանաձորը դոփում են նույն տեղում:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԱՂԱՂԱԿՈՂ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության, Արցախի շրջափակման Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների աղաղակող խախտման հերթական դրսեւորումն է։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է աստիճանաբար ընդհատել հայկական երկու հանրապետությունների միջեւ գործող ենթակառուցվածքը եւ առաջիկայում իրականացնել արցախահայության նոր ցեղասպանություն։
Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի այս անօրինական, մարդու հիմնարար՝ կյանքի, առողջության, ազատության եւ մյուս համընդհանուր իրավունքները ոտնահարող վարքագծի վրա։ Ադրբեջանցիները, Արցախը սնուցող միակ ճանապարհը փակելով, արգելափակել են բժշկական պարագաների եւ դեղամիջոցների տեղափոխումը Արցախ, առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդներին հնարավոր չի եղել այդ ողջ ընթացքում Արցախից հասցնել Հայաստան անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու համար։
Այս անօրինական գործողությունից 2 օր առաջ միջազգային օղակների ուշադրությունն էի հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի հանցավոր գործողությունների վրա, ընդգծել հայ ժողովրդի հիմնարար իրավունքները ոտնահարող Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը, այլապես միջազգային հանրության անպատժելիության պայմաններում Ադրբեջանը կդիմի նոր հանցագործությունների։
Միջազգային գործընկերներիս ահազանգում եմ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը Ադրբեջանի հերթական հանցագործությունների ընդամենը սկիզբն է։ Ադրբեջանը առաջիկայում ձգտելու է Արցախում ստեղծել հումանիտար աղետ, որպեսզի կյանքի կոչի իր ցեղասպանական ծրագրերը, զրկի արցախահայությանը իրենց հայրենիքում խաղաղ կյանք վարելու իրավունքից եւ հայաթափի Արցախը։
Իսկ թուրքի հետ խաղաղության օրակարգին հավատարիմ, Արցախի հարցում նշաձողը իջեցրած, ԼՂ հիմնահարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում անվտանգության երաշխիքներն ու իրավունքները դրած Փաշինյանի իշխանությունը համառորեն լռում է»։
ԱՆՕԳՈՒՏ ԿԱՌՈՒՅՑ
Չնայած ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կոմիտեն անգամ նախագահ չունի, սակայն մեկ անձից գնումներում բավականին ակտիվ է: Օրինակ՝ «ՎԻՆՈ-ՎԻՆՈ» ՍՊԸ-ի հետ կոմիտեն պայմանագիր է կնքել 184.500 դրամի չափով՝ ներկայացուցչական ծախսերի համար: Պայմանագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կոմիտեն այդ ՍՊԸ-ից 124 հազար 500 դրամ արժողությամբ «Ախթամար» եւ 60 հազար դրամ արժողությամբ «Արարատ» կոնյակներ է գնել: Եվս 80 հազար դրամի պայմանագիր կոմիտեն կնքել է «Կարեն Ռեզյան» ԱՁ-ի հետ՝ ավտոմեքենաների պահպանման ծառայությունների համար: Նույն ՍՊԸ-ի հետ նույն նպատակով կոմիտեն նաեւ 91 հազար դրամ արժողությամբ է պայմանագիր կնքել: Համակարգչային սարքերի պահպանման եւ վերանորոգման համար կոմիտեն միանգամից երկու ՍՊԸ-ից է մեկ անձից գնում կատարել՝ 28 եւ 365 հազար դրամ արժողությամբ պայմանագրեր կնքելով: Իսկ ինչո՞վ է զբաղվում ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կոմիտեն: Ինչպես արդեն նշեցինք, այն անգամ նախագահ չունի: Ամեն դեպքում, կառավարության պաշտոնական կայքում այդ տվյալները բացակայում են, եւ նշված է միայն առաջին տեղակալի եւ տեղակալի անունները: Ավելին՝ անգամ կոմիտեի պաշտոնական կայքն է գտնվում անմխիթար վիճակում, եւ որեւէ այլ տեղեկություն կամ կոմիտեի գործունեության մասին տվյալներ ուղղակի անհնար է գտնել: Մինչ այդ նկատենք՝ «Նկարագրություններ» բաժնում նշված է, թե Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը բնակչության եւ անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության եւ ՀՀ անվտանգության պաշտպանության նպատակներով: Այսինքն՝ իրականում կարեւոր գործառույթներ են, սակայն կոմիտեն ոչ միայն նախագահ, պաշտոնական կայք չունի, այլեւ անհասկանալի գործունեության համար կասկածելի գնումներ է անում:
ԹԵԺ Է ԱՆՑԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս հանգստյան օրերին դատավորների եւ ԲԴԽ նախագահի հետ հանդիպումն առանց թեժ խոսակցությունների չի անցել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական գործերով որոշ դատավորներ ԲԴԽ նախագահին առանձին են կանչել հարց ու պատասխանի ու թեժ զրույց ունեցել: Թե ովքեր են եղել այդ դատավորները, փորձեցինք անձամբ պարզել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին, թե բամբասանքները չեն մեկնաբանում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս շաբաթվա վերջին օրերին Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչները էլի կհավաքվեն Դիլիջանում: Գրել էինք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպումների շարք է սկսել դատավորների հետ՝ քննարկելու համակարգում առկա խնդիրները: