ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ՉԻ ԸՆՏՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի ընտրություններից ուղիղ մեկ տարի է անցել, բայց առ այսօր քաղաքի ավագանին նիստ չի արել ու համայնքապետ չի ընտրել։ Թեեւ քաղաքը կառավարության կողմից նշանակված պատոնակատարի կառավարմանն է հանձնվել, բայց, առանց գործող ավագանու, հանրապետության` մեծությամբ երրորդ քաղաքը չի կարող լիարժեք կառավարվել։

 

Նախ՝ ավագանին պետք է համայնքապետ ընտրի, ապա քաղաքի բյուջեն հաստատի, խոշորացված համայնքերում ներկայացուցիչներ նշանակի եւ այլն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու արտահերթ մի քանի նիստեր հրավիրել է, ինչը, սակայն, «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ու «Հայրենիք» խմբակցությունը բոյկոտել են՝ պատճառաբանելով, որ նախքան ավագանու արտահերթ նիստ գումարելը պետք է համայնքապետի ընտրության օրակարգով նիստ գումարել ու համայնքը ձեւավորել։

«Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանն ArmLur.am-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր՝ համայնքը ձեւավորված է համարվում այն ժամանակ, երբ բնակիչը՝ ավագանի, ավագանին համայնքի ղեկավար է ընտրում, ու ընտրված ղեկավարն ավագանու հետ մեկտեղ ձեւավորում է ապատասխանատու կաբինետը, այդ թվում՝ խոշորացված համայնքի բնակավայրերի պատասխանատուներն են նշանակվում, որոնք էլ ներկայացնում են գյուղական կամ համայնքային կարիքները: Ավագանու առաջին նիստը կկայանա միայն այն դեպքում, երբ դատարանը հանի նիստ գումարելու արգելքը։

Նշենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած ու անցողիկ շեմը չհատած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատարանում բողոքարկել է ընտրության արդյունքները, ինչից հետո է վարչական դատարանն արգելանք կիրառել։ Ու թեեւ վարչական ու վերաքննիչ դատարանները հայցը մերժել էին, ԼՀԿ-ի բողոքն այժմ Վճռաբեկում է։

Վանաձորի ավագանու ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը գլխավորող Մամիկոն Ասլանյանն այժմ անազատության մեջ է։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, քրեական գործն այժմ Հակակոռուպցիոն դատարանում է քննվում։ Ինքն իրեն Ասլանյանը քաղաքական բանտարկյալ է համարում։ Ինչ վերաբերում է քաղաքը ղեկավարող պաշտոնակատար Արկադի Փելեշյանին, ապա նրա հետ կապված տարաբնույթ շատ պատմություններ կան։ Վարչապետ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ առաջ ամենատարբեր բնորոշումներ է տվել նրան, այսօր փատացի, Փաշինյանի հրամանով, նա քաղաք է ղեկավարում։ Ի՞նչ է ստացվում. Վանաձորի ՏԻՄ ընտրություննրեից ուղիղ մեկ տարի անց ՀՀ երրորդ քաղաքն ավագանու կողմից ընտրված համայնքապետ չունի, քանի որ, ըստ երեւույթին, քաղաքական իշխանությունը չի հաշտվում ընտրության արդյունքների հետ ու ջանում է անել հնարավորը՝ այստեղ նույնպես իշխանություն վերցնելու համար։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները վարժանքներ են սկսել երկրի հարավային սահմանների մոտ։ Զորավարժություններն անցկացվում են՝ 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն. դրանք ղեկավարում է հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաեւը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ զորավարժությունների հետագա փուլերում հատուկ նշանակության ստորաբաժանումները կկատարեն մի շարք առաջադրանքներ՝ համագործակցելով իրենց աջակցող ռազմաօդային ուժերի եւ հրթիռային եւ հրետանային զորքերի ստորաբաժանումների հետ։ Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր տիպի զորքերի անձնակազմի, ռազմական եւ հատուկ ինժեներա-սակրավորային տեխնիկայի, ինչպես նաեւ ադրբեջանական բանակի եւ Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ, ընդգրկում են Բաքու քաղաքի, Աստարայի, օկուպացված Ջրականի (Ջաբրայիլ) եւ Իմիշլիի շրջանների տարածքները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։

 

 

 

ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ

Անհրաժեշտ է ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին։ Այս մասին երկուշաբթի օրը Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Զասը հիշեցրել է, որ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում մշակվել է դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ օպերատիվ շտաբի ղեկավարի գլխավորությամբ։

Այս աշխատանքի արդյունքներով պատրաստվել է Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ, որը քննարկվել է խորհրդի նոյեմբերի 23-ի նիստում. «ՀԱՊԿ պետությունների տարբեր դիրքորոշումների պատճառով այս նախագիծն ընդունել չի հաջողվել։ Հուսով եմ, որ որոշակի վերանայումից հետո կհասնենք այս որոշման նախագծի ստորագրմանը եւ այդ միջոցների ընդունմանը։ Վստահ եմ, որ դա պետք է, այդ թվում՝ Հայաստանին»։

 

 

 

ԱՄՓՈՓՈՒՄ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ամփոփելով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան, հիշեցնում է, որ Ռիքերը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Քննարկվել են տարածաշրջանի հիմնահարցերը եւ ԱՄՆ աջակցությունը չկարգավորված խնդիրների կառուցողական լուծման նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի ուղիղ ներգրավման հարցում։

Դեսպան Ռիքերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում։

 

 

 

ԱԺ ՆՍՏԱՇՐՋԱՆ

Այսօր կմեկնարկի ԱԺ նստարջանը.  ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված են 16 հիմնական եւ 7 լրացուցիչ հարցեր:

16 հիմնական նախագծերից 14-ը երկրորդ ընթերցում են անցնելու, այսինքն՝ միայն երկու նախագիծ է առաջին եւ երկրորդ ընթերցում անցնելու: Խորհրդարանում կշարունակվեն Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումները: Կառավարության անդամները կգան խորհրդարան՝ այդ քննարկումներին մասնակցելու համար: Նրանք նաեւ խորհրդարանում կլինեն չորեքշաբթի օրերին եւ կպատասխանեն պատգամավորների հարցերին:

Առաջին եւ երկրորդ ընթերցում կանցնի կառավարության կողմից ներկայացված ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը: Այս փոփոխությունն ընդունվելու պարագայում  2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր:

 

 

 

ՄՈՍԿՎԱ՝ ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Մոսկվա կմեկնի։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարդապետյանի հետ մեկտեղ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնեն դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանն ու դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Տեղեկացանք, որ այցի նպատակն է խորացնել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ ընթացիկ հարցերին անդրադառնալը։

Գործուղումը, որի հետ կապված ծախսերը ՀՀ պետբյուջեից են կատարվելու, 2022 թվականի դեկտեմբերի 7-10-ը կտեւի։

 

 

 

ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՆԻՍՏ

Էկոնոմիկայի նախարարությունն ընդամենը մեկ նիստ անցկացնելու համար կառավարությանը ավելի քան 1 միլիոն դրամի հաշվետվություն է ներկայացրել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 3-4-ը, Երեւանում կայացած հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստ կազմակերպելու համար էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանը հայտնել է, որ 1.116.130 դրամ է ծախսել։

Եվ այժմ, ըստ վարապետ Նիկոլ Փաշինյանի որոշման, ներկայացված գումարը պետբյուջեից է դուրս գրվելու։

 




Լրահոս