Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կինը՝ Ս.Գ.-ն (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք:
Մասնավորապես, Ս.Գ.-ն 2000 թվականի մայիսի 11-ից մինչեւ 2008 թվականի հուլիսի 24-ը զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների եւ դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի, 2008 թվականի հուլիսի 24-ից մինչեւ 2010 թվականի հուլիսի 1-ը՝ նույն բաժնի ավագ սպայի, 2010 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2011 թվականի նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների եւ դասալքության դեմ պայքարի բաժանմունքի ավագ սպայի պաշտոնները, այնուհետեւ տեղափոխվել է ոստիկանության կադրերի վարչության տրամադրության տակ: Վ.Գ.-ն, տեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Ս.Գ.-ն ավելի քան տասնմեկ տարի՝ 2000 թվականի մայիսից մինչեւ 2011 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ծառայության չի ներկայացել եւ պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբեւէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլեւ 2000-2010 թվականների ընթացքում ստորագրել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծերը, Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրերը, որոնցում ընդգրկված են եղել նաեւ Ս.Գ.-ի տվյալները: Արդյունքում հիշյալ ժամանակահատվածում Ս.Գ.-ին որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ: Մեկ այլ դեպքով Ս.Գ.-ն, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 11-ը հանդիսանալով ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, պաշտոնին նշանակվելուց ի վեր պարբերաբար ծառայության չի ներկայացել եւ ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ավելին՝ առանց վերադասին ուղղված՝ իրեն արձակուրդ տալու մասին զեկուցագրերի եւ դրանց հիման վրա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրամանների, մի շարք դեպքերում տարբեր տեւողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որով պայմանավորված՝ չի ներկայացել ծառայության: Այս պայմաններում, 2011 թվականի դեկտեմբերի 30-ի եւ 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով, նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաեւ նրա անվամբ փոխանցվել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար: Իր հերթին Վ.Գ.-ն, լավատեղյակ լինելով կնոջ՝ Ս.Գ.-ի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծառայության չներկայանալու եւ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու մասին, կնոջը կարգապահական խախտման համար կարգապահական տույժի չենթարկելու, այդ թվում՝ ոստիկանությունից չազատելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը դիտավորյալ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ժամանակին չի հայտնաբերել ենթակայի՝ Ս.Գ.-ի կատարած կարգապահական խախտումների պատճառները, չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, ավելին՝ վերջինիս կողմից պարբերաբար ծառայության չներկայանալու եւ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու պայմաններում 2011 թվականի դեկտեմբերի 30-ի եւ 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով նրան շնորհել է «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ինչպես նաեւ նրա անվամբ փոխանցել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար: Այսպիսով, Ս.Գ.-ն Վ.Գ.-ի հետ խմբի կազմում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Վերը նշված հանցանքները կատարելու համար 2022 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել Ս.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու եւ խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶՎՈՒՄ ԵՆ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարութային գործողություններ՝ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Կարբի գյուղի 33-ամյա բնակիչը, վարելով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշներին, որի հետեւանքով վերջինս եւ նրա 22 եւ 3-ամյա ուղեւորները տեղում մահացել են: Նախաքննությունը շարունակվում է, քրեական վարույթով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
ԳՈՂՈՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 30-ի ժամը 07.00-ից ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի իր տուն եւ գողացել ոսկյա մատանիներ ու պահածո:
Ոստիկանությունից հայտնում են, որ Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել է տուժողի հարեւանի 19-ամյա որդին:
19-ամյա երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ հարեւանի տնից ինքն է գողություն արել: Գողոնը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական վարչություն:
ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 00:25-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մայրաքաղաքի Պարոնյան փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ Կենտրոնական բաժին են տեղափոխել յոթ երիտասարդների:
Նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ եւ խախտելով հասարակական կարգը, վիճաբանում եւ հարվածներ էին հասցնում իրար: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին:
ԿԱ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 18:54-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի. այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1958 թ.) եւ «VAZ-2105» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության. ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
ՄԵՂԱԴՐԱՆՔ
Իրավապահները մեկը մյուսի հետեւից մեղադրանք են առաջադրում սեպտեմբերի 13-ին եւ 14-ին տեղի ունեցած պատերազմի դեպքերով: Նկատում ենք, որ իրավապահները հիմնականում մեղադրանք են առաջադրում Ջերմուկում ծառայություն իրականացրած հրամանատարներին, որոնք հրաժարվել են կոնկրետ գործողություն իրականացնել: Այսպիսով, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գուրգեն Սահակյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային գումարտակի պայթուցիկ սարքերի վնասազերծման վաշտի պայթուցիկ սարքերի վնասազերծման դասակի 1-ին պայթուցիկ սարքերի վնասազերծման ջոկի հրամանատար-օպերատոր, պայմանագրային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախաձեռնված եւ իրականացված ագրեսիայի ընթացքում, 2022 թվականի սեպտեմբերի 15- ին,ստորաբաժանման կազմում ժամանելով Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք եւ վերադաս հրամանատարության կողմից առաջադրված խնդիրների շրջանակում պարտավոր լինելով ստորաբաժանման կազմում ընդգրկվել մարտական հերթապահության ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, ստորաբաժանման կողմից առաջադրված խնդիր կատարմանը ձեռնամուխ լինելու ընթացքում, տեղեկանալով առաջադրանքի բովանդակության մասին, ի սկզբանե, դիտավորյալ, բացահայտ հրաժարվել է այդ զինվորական ծառայության առանձին պարտականությունը կատարելուց. վերադաս հրամանատարությանը հայտնել է, որ Ջերմուկ քաղաքից չի մեկնի մարտական հերթապահության տեղամաս եւ չի ստանձի ստորաբաժանման առջեւ դրված մարտական առաջադրանքով պայմանավորված պարտավորությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի կատարմամբ. Գ. Սահակյանը մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 19-ը՝ ժամը 11:20-ը, գտնվել է Ջերմուկ քաղաքում՝ ստորաբաժանման ժամանակավոր տեղակայման վայրում, ստորաբաժանման անձնակազմի հետ չի գնացել պահպանության տեղամաս, տվյալ տեղանքում չի իրականացրել մարտական հերթապահություն։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ