2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների եւ պատահարների վերաբերյալ գրանցվել է 47 հաղորդում՝ նախորդ շաբաթվա 73-ի փոխարեն: Նվազել է ինչպես հաղորդումների, այնպես էլ իրավախախտումների նկարագիրը:
Ստացված հաղորդումներից 30-ը հանցագործության մասին է, դրանք բոլորը բացահայտվել եւ քննության փուլում են. հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից:
Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու վերաբերյալ գրանցվել է 3 դեպք: Շրջակա միջավայրի պահպանության եւ ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքում՝ ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է ապօրինի ծառահատման 1 դեպք:
Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
Քրեական հետախուզության վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 2 դեպք:
Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված սադրանքի 2 դեպք է գրանցվել Շուշիի եւ Մարտակերտի շրջաններում:
Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ընդհատվել է Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային կապը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը եւ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ. ավելի քան երեք ժամ տեւած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է:
Դեկտեմբերի 4-ին ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում՝ հանգեցնելով քաշքշուկի:
Շարասյունը տեխնիկական նպատակներով կանգնել է Գետավանի տարածքում, որտեղ քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցի իջել են մարդատար ավտոմեքենայից եւ ակնհայտ սանձարձակ ու սադրիչ վարք դրսեւորել տեղի երիտասարդների հետ, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։ Միջադեպի մասնակիցները ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ։ Արցախի Հանրապետության ոստիկանությունը հանգամանքները պարզել ու փաստերը ներկայացրել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով՝ 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, այդ թվում՝ 3-ը վրաերթի ելքով:
Պատահարներից 24-ը նյութական վնասով է, 6-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի:
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 13 դեպք, 17 վարորդ եղել է անսթափ վիճակում, 195-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
Հանցագործությունների բացահայտման եւ դրանց կանխարգելման նպատակով ոստիկանությունը 24 ժամ շարունակ ծառայություն է իրականացնում Արցախի ողջ տարածքում՝ մշտապես համագործակցելով ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ իրավապահ կառույցների հետ:
ՎՃԱՐՄԱՆ ՆՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ՝ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ
2023 թ. փետրվարի 1-ից 1000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներում նոր նշանակվող նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքների դեպքում` 2023 թ. հուլիսի 1-ից: Ներկայացնելով ընտանեկան նպաստի վճարման գործընթացում առաջարկվող կարգավորումները, ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ, նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Արդեն հաստատված եւ նշանակված վճարվող ընտանեկան նպաստների դեպքում պարտադիր անկանխիկին անցման մեկնարկը քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում կտրվի հուլիսի 1-ից, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցողների դեպքում` 2024 թ. հունվարի 1-ից: 2024 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկ վճարման ժամանակացուցային նույն ընթացակարգը:
Հաջորդ փոփոխությունները վերաբերում են կենսաթոշակների վճարմանը: Գործող կարգավորումներով անկանխիկի վճարման երկու տարբերակ է գործում. վճարումն իրականացվում է բանկերի կողմից եւ Հայփոստի էլեկտրոնային փողի հաշվի միջոցով, որը հիմնականում կանխիկացվում էր շահառուների կողմից: 2023 թ. փետրվարի 1-ից սոցիալական հաշվի հիման վրա բացված էլեկտրոնային փողի հաշվի միջոցով այլեւս կանխիկացում հնարավոր չի լինելու իրականացնել, ուստի առաջարկվում է 2023 թ. փետրվարի 1-ից հետո Հայփոստի էլեկտրոնային փողի հաշիվների գործարքները փոխանցել բանկերին, այսինքն` վճարումը կիրականացվի բանկային քարտի միջոցով:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հստակեցնող հարցին ի պատասխան` փոխնախարարը պարզաբանել է, որ մինչեւ 2023 թ. փետրվարի 1-ը նշանակված բոլոր դիմումներն ու նպաստները կտրվեն անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ըստ նպաստառուի ցանկության, բայց դրանից հետո 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում, այդ թվում` քաղաքներում, գործընթացը կիրականացվի պարտադիր անկանխիկ եղանակով, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքների բնակիչները մինչեւ հուլիսի 1-ը կունենան կամավոր ընտրելու հնարավորություն:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Պետական նպաստների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթի քննարկումը դեկտեմբերի 2-ի նիստում ընդմիջվել էր որոշ հարցեր ճշգրտելու նպատակով:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
ՓԱԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
«Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2016 թ-ին Երեւանում։ 2018 թ. սեպտեմբերին «Իրական դպրոցը» մասնաճյուղեր է բացել Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, իսկ 2019-ին՝ նաեւ Գորիս քաղաքում, 2021 թ.-ին` Իջեւանում։ Հիմնադրամն իրականացնում է «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր, ծրագրին մասնակցում են 9-րդ դասարանն ավատած աշակերտներ։ Ուսումնական ծրագիրն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության համագործակցությամբ։ Իջեւանում գործող «Իրական դպրոցի» աշակերտների ծնողները «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն Վահագն Պողոսյանից ծանուցագիր են ստացել, որ ՊԵԿ-ը վարույթ է սկսել «Իրական դպրոց» հիմնադրամի նկատմամբ, որ հիմնադրամը Հայաստանի մարզերում ուսուցում իրականացնելու հավաստագիր չունի, ուստի պետք է նոյեմբերի 28-ից մարզերում դադարեցնի ուսուցումը։ Իջեւանի «Իրական դպրոցում» ուսուցումը տարվում է գրաբարով, մեծ տեղ է տրվում ազգային ոգու սերմանմանը, աշակերտների էքսկուրսիաներին եւ այլն։ Նախատեսվում է, որ դեկտեմբերի 5-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, «Իրական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը Իջեւան քաղաքում հանդիպում կունենա «Իրական դպրոցում» սովորողների ծնողների հետ, որտեղ կքննարկվի վերոհիշյալ խնդիրը։ «Իրական դպրոցի» աշակերտների ծնողները նախատեսում են առաջիկայում Երեւանում, ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա անել։
«ՋՐԵԼ ԵՆ» ԱՎՏՈՎԹԱՐԻ ԳՈՐԾԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, 2021թ. ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանի որոշումով Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ նրան մասնավորապես հարցնելով. «Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը 2022թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել մի երիտասարդի։ Կիրակի՝ ոչ աշխատանքային օրը, ծառայողական ավտոմեքենայով Նարեկ Ղուշչյանն իր պաշտոնի հետ կապված ի՞նչ գործ ուներ Երեւանում։ Այդ վթարի հետ կապված Նարեկ Ղուշչյանը ենթարկվե՞լ է կարգապահական տույժի»։ Մարզպետի փոխարինող տեղակալ Ֆելիքս Ափինյանի ստորագրությամբ մարզպետարանից դեկտեմբերի 2-ին պատասխան է ստացվել, ուր նշված է. «ՀՀ մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը 2022 թվականի հոկտեմբերի 23-ին Երեւանում հանդիպում է ունեցել մասնավոր ներդրողի հետ»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ