Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Ավստրիա) համալսարանի Քրիստոնյա արեւելքի հետազոտությունների կենտրոնը, որը 2013 թվականից հայագիտության հետազոտությունների նպատակով ֆինանսավորում է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, հայագետ Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգությանը նվիրված դրամաշնորհային առաջին մրցույթի շրջանակում հետազոտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։ Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Զալցբուրգի արքեպիսկոպոսական թեմը:
Կարճաժամկետ դրամաշնորհների այս ծրագիրը նպատակ ունի խթանել Արցախի (քրիստոնեական) պատմության, մշակույթի, հնագիտության, արվեստի, ինչպես նաեւ պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ երիտասարդ գիտնականների հետազոտությունները, նպաստել հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը։
Խրախուսված հինգ հետազոտություններն էլ Հայաստանից են, որոնք ներկայացնում են գիտահետազոտական տարբեր հաստատություններ, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Դրանք են՝
-Նժդեհ Երանյան, Հայաստանի պատմության թանգարան, փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող, «Արցախի մ.թ.ա. 3-1 ին հազարամյակի սկզբի մշակույթը՝ ըստ թանգարանային նյութերի»,
-Հայր Աթանաս աբեղա Սարգսյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հռոմի պապական արեւելյան ինստիտուտ, մագիստրանտ, «Քրիստոնեական ընկալումներն արցախահայ բանահյուսության մեջ»,
-Շողակաթ Դեւրիկյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, ասպիրանտ, «Հայկական մանրանկարչության ընդհանուր օրինաչափությունները եւ տեղային յուրահատկությունները՝ Արցախում նկարազարդված Ավետարանների Տերունական պատկերներում»,
-Օվսաննա Խաչատրյան, Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, գիտաշխատող, «Արցախում գրված ձեռագրերի հիշատակարանները՝ որպես պատմամշակութային կարեւոր սկզբնաղբյուր»,
-Աշոտ Մկրյան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, աշխատակից, լեզվաբան, «Արցախի բարբառը Զմյուռնիայում. հանրալեզվաբանական քննություն»:
Հետազոտական նախագծերն իրականացվելու են Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի հետ սերտ համագործակցությամբ եւ փորձագիտական ու գիտական խորհրդատվությամբ։ Արդյունքները գիտական զեկուցումների ու հոդվածների տեսքով ամփոփվելու են հաջորդ տարեվերջին՝ նաեւ Զալցբուրգի համալսարանում: Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժինը նպատակ ունի աջակցել երիտասարդ հետազոտողներին ու նրանց ստեղծարար գիտական նախագծերը, խրախուսել հայագիտական, ինչպես եւ մշակութային ժառանգությանն առնչվող հետազոտությունների միջառարկայնացումն ու միջազգայնացումը, նպաստել Արցախի վտանգված մշակութային ժառանգության պահպանությանը։
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ի ԴԻՆԱՄԻԿ ԱՃԸ
«Ամերիաբանկ»-ն արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` TheBanker ամսագրի կողմից: «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 1-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է լավագույն ֆինանսական արդյունքներ ցուցաբերած եւ նորարարական բանկային լուծումներ առաջարկող ֆինանսական հաստատություններին ավելի քան 100 երկրում:
Որոշում կայացնելիս The Banker-ի հաղթողներին գնահատող միջազգային հանձնաժողովը հաշվի է առել «Ամերիաբանկ»-ի դինամիկ աճը, հիմնական ֆինանսական ցուցանիշներով վերջին տարիներին բանկի առաջատար դիրքերը շուկայում, շահութաբերության աճը, բանկին մրցակցային առավելություն ապահովող ռազմավարական նախաձեռնությունները, սպասարկման որակը: Փորձագետները կարեւորել են նաեւ բանկի հաջողությունները թվային փոխակերպման ճանապարհին, «կանաչ» պորտֆելը եւ Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:
«Ամերիաբանկ»-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենք հպարտ ենք, որ ստացել ենք «Տարվա բանկ» հեղինակավոր մրցանակը՝ համալրելով 2022թ. մեր ձեռքբերումների եւ մրցանակների տպավորիչ ցանկը: Մեր կորպորատիվ կառավարման ամուր համակարգը, փոփոխություններին արձագանքելու մշակույթը եւ թվային փոխակերպումն առանցքային նշանակություն են ունեցել շուկայի անհանգիստ իրավիճակը հաջողությամբ հաղթահարելու եւ թվային սերնդի հաճախորդների աճող կարիքները բավարարելու համար: Մենք կշարունակենք ներդրումներ կատարել թվային փոխակերպման եւ մարդկային կապիտալի մեջ մեր գործառնական արդյունավետությունը բարձրացնելու եւ նորարարական լուծումներով հանդես գալու նպատակով, որպեսզի դառնանք ֆինանսական եւ տեխնոլոգիական վստահելի միջավայր` առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ»: «Ամերիաբանկ»-ն արժանանում է «Տարվա բանկ» մրցանակին արդեն ութերորդ անգամ:
«ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ»
Բիզնեսի վերազինման նպատակով «Ակբա Լիզինգը» մինչեւ 31.12.22թ. առաջարկում է լիզինգով ձեռք բերել ագրոպարենային ոլորտի անհրաժեշտ սարքավորումները պետական աջակցության ծրագրով՝ սկսած 0.63% փաստացի տոկոսադրույքից։
Լիզինգի տրամադրման պայմաններն են՝ արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում ՀՀ կառավարության սուբսիդավորումից հետո կկազմի 2.35-6.95%, արտարժույթի դեպքում՝ 0.63-6.82%:
Լիզինգը տրամադրվում է առանց տրամադրման միջնորդավճարի: Կանխավճարը 20% է (գույքի արժեքից), մարման ժամկետը՝ մինչեւ 60 ամիս:
Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1 մլրդ ՀՀ դրամը:
Ապահովագրության ծախսերը հոգում է «Ակբա Լիզինգը»: