ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ տեղի ունենա Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիեւ եւս մեկ հանդիպում: Երեկ խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց, թե Երեւանը ստացել է Բաքվի առաջարկների 3-րդ փաթեթը, եւ այժմ ընթանում է քննարկումների 3-րդ փուլը:

 

«Այո, ճիշտ է՝ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների, բայց, այո, ճիշտ է՝ հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները: Իսկ ինչ վերաբերում է երկրների ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների մակարդակով հնարավոր հանդիպմանը նախքան տարեվերջ, կարծում եմ, այո, չի կարելի բացառել», – ընդգծեց Աղաջանյանը:

Նշենք, որ մեկ օր առաջ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որից հետո երկու կողմերը հանդես էին եկել նաեւ մամուլի համար հայտարարություններով: Հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նշել էր, որ հայկական կողմի ներկայացրած առաջարկները Բաքվի համար ընդունելի չեն եղել, հետեւաբար Ադրբեջանն իր կողմից նոր առաջարկներ է ուղարկել։ Ըստ Բայրամովի՝ հայկական կողմն առաջարկները վերածել է բազմաշերտ շրջանակային համաձայնագրի, իսկ Բաքուն ցանկանում է ստորագրված փաստաթղթի տեսքով որեւէ հիմք ունենալ առաջ շարժվելու համար, եւ անիրատեսական է համարում կարճ ժամանակում հարցերի բարդ փաթեթ համաձայնեցնելը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ այդ նույն հանդիպումից հետո կրկին նկատեց, թե  Պրահայում ձեռք բերված բանակցություններից հետո Մոսկվայի գործը հեշտացել է, քանի որ «Պրահայում կողմերը իրենք հայտնեցին, որ մտադիր են բոլոր խնդիրները լուծել՝ ՄԱԿ-ի կանոնադրության ու 1991 թվի Ալմա-Աթայում ստորագրված հռչակագրի հիման վրա»։ Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ Մոսկվան առաջարկել եւ փորձել է առկախել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ հիմա, փաստորեն, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները տրամագծորեն այլ բան են պայմանավորվել։ Ինչպես հայտնի է, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել՝ երկու կարեւոր արձանագրմամբ։ Նախ՝ Բաքուն եւ Երեւանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա-Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրին։ Կողմերն ընդգծում են, որ սահմանազատումը կայանալու է հենց այդ հիմքով։ Բացի այդ, Հայաստանը համաձայնել է Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, Ադրբեջանը համաձայնել է համագործակցել այնքանով, որքանով որ առնչություն կունենա դրա հետ։

Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ նաեւ Սերգեյ Լավրովի հայտարարություններին.  «Հարցի էությունը, ինչպես եւ ի սկզբանե Հայաստանի դիրքորոշումն է եղել, ժողովուրդների, իրավունքների եւ տվյալ պարագայում արցախցիների ինքնորոշման իրավունքի շրջանակում է եղել: Եվ փորձում ենք հենց փաստերի ու փաստարկների լեզվով հնարավորինս ապացուցողական տվյալներ ներկայացնել այն մասին, թե ինչու է մշտապես եւ մասնավորապես այս պահի դրությամբ կարեւոր արցախցիների հենց գոյութենական խնդրի վերհանումը եւ դրա մասին մեր գործընկերներին ներկայացումը», – ընդգծեց Աղաջանյանը:

Ալմա-Աթայում ստորագրված հռչակագրին հղում կատարելը որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ. վստահեցնում են իշխող խմբակցության պատգամավորները՝ ավելացնելով, թե հակառակ դեպքում կստացվեր, որ ԼՂ հիմնախնդիրը տարածքային վեճ է, ինչպես պնդում է Բաքուն։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնական Էլիոթ Քանգի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարեւորվել է մաքսային ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի եւ ԱՄՆ տարբեր գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը։ Կողմերն անդրադարձել են նաեւ Արտահանման վերահսկման եւ հարակից սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) շրջանակում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել բարձր մակարդակի հանդիպումները դարձնել շարունակական երկու երկրների մաքսային ծառայության ոլորտներին առնչվող ընթացիկ խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ:

Փոխտեղակալ Օլսոնը նշել է, որ իրենք շարունակում են աշխատել բազմաթիվ հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման եւ այլն։

Քրիստիննե Գրիգորյանը փոխտեղակալին ներկայացրել է Պաշտպանի հաստատության արտահերթ զեկույցները, որոնցում փաստագրել ու վերլուծել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հարձակման ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների շարունակական խախտումները, հարձակման ենթարկված համայնքներում ապրող մարդկանց հումանիտար խնդիրները, պատերազմական հանցագործության այն փաստերը, որոնք Պաշտպանի աշխատակազմը հաստատել է հատուկ մեթոդաբանությամբ, ինչպես նաեւ հայերնադարձված ռազմագերիների վկայությունների հիման վրա կատարված հետեւությունները Ադրբեջանում իրենց պահման ընթացում խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերի մասին։

Պաշտպանը կարեւորել է կատարված հանցանքների համար պատասխանատուների պատասխանատվության ու պատժի անխուսափելիության հարցը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունի հանցագործը։

 

 

 

ՀԱԿԱՍԱԿԱՆ

Երեկ հակասական հայտարարություններ տարածվեցին Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու շուրջ։ Ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը տարածվեցին Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի՝ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ արված հայտարարությունից հետո։ Վոլկովն ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով»։ Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը: Ստեփանակերտը հայտնեց, որ հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Վոլկովի հետ, որի ընթացքում «վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու, եւ միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում, ադրբեջանցիներ չեն լինելու»: Այժմ էլ այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության խորհուրդը։ Ըստ հայտարարության՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։

 

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 5-ի եւ 6-ի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, նաեւ՝ առաջխաղացումների ձեւով: Մասնավորապես՝ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Արդարադատության առաջին դասի խորհրդական Գեւորգ Խալաթյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: Արարատի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Գագիկ Մնացականյանը փոխադրվել է եւ նշանակվել մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Վերժինե Առաքելյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Արեգ Խաչատրյանը փոխադրվել է եւ նշանակվել Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռազմիկ Արսենյանը փոխադրվել է եւ եւ նշանակվել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Հրանտ Մուրադյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:




Լրահոս