Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելուց հետո պաշտոնական Բաքուն դեռեւս չի հանդարտվում: Ադրբեջանական «ակտիվիստները» ամենատարբեր առիթներով խոսում են Ստեփանակերտ կամ այլ համայնքներ այցելելու մասին: Չնայած ռուս խաղաղապահները տարածքը վերահսկում են, բայց տեղի բնակչությունն ու Արցախի իշխանություններն են անհանգստացած, թե ինչ հետին նպատակ կարող են ունենալ ադրբեջանցիները:
Հենց դա է պատճառը, որ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։ Հանդիպման առանցքում վերջին օրերին ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանքներն էին:
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ստեղծված իրավիճակի եւ հանդիպման մանրամասների մասին:
-Պարո՛ն Գալստյան, ի՞նչ մանրամասներ կարող եք փոխանցել Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումից:
-Այո, հանդիպումը եղել է: Հինգ խմբակցությունների ղեկավարները հանդիպում են պահանջել ռուս խաղաղապահների հրամանատարից, եւ երբ տեղի է ունեցել այդ հանդիպումը, քննարկվել են մի շարք հարցեր՝ բնապահպանական, էկոլոգիայի անվան եւ պատրվակի տակ ադրբեջանցիների կողմից կազմակերպված հերթական սադրանքի մասով: Այդ ընթացքում ռուս խաղաղապահների հրամանատարի տված բացատրությունը, որ, այսպես ասած, պետք է «մինի տամոժնյա» դրվեր… այդ մտահոգությունները բարձրացվել են, ու փոխանցվել է նաեւ ժողովրդի մտահոգությունը: Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնել, որ մեզ համար անընդունելի է այդ բոլոր լրացուցիչ ինչ-որ վերահսկողական կամ անցակետեր տեղադրելը: Նրա կողմից ընդունելի է եղել, ավելի ճիշտ՝ պարզաբանում է տրվել, որ «տամոժնյա» ասելը սխալ է, քանի որ այդպիսի բան չի լինելու, այլ լինելու է, իր իսկ մեկնաբանությամբ, սկաներ սարքավորում, որի մասով մենք նույնպես մեր մտահոգությունը, վրդովմունքն ու անհամաձայնությունն ենք հայտնել: Ասել ենք, որ դա անթույլատրելի է եւ լրացուցիչ խոչընդոտներ է մեզ համար հարուցելու մեր ամենօրյա կյանքը կազմակերպելու համար: Այդ հարցը վերջնական որոշված չէ, քննարկման փուլում է, ինձ թվում է՝ մենք համոզիչ կերպով կարողացել ենք նրան ներկայացնել մեր բոլորի մտահոգությունները, եւ ավելի քան համոզված եմ, որ այդ սարքավորումը չի տեղադրվելու:
-Այսինքն՝ ամեն դեպքում, ինչ-որ բան տեղադրելու պայմանավորվածություն կա՞:
-Ոչ, սարքավորում տեղադրելը կամ նման որեւէ այլ բան մեզ համար անընդունելի է: Նորից եմ կրկնում՝ ես համոզված եմ, որ դա չի լինելու:
-Ձեր կողմից, մեր կողմից պարզ է, որ անընդունելի է, բայց, փաստորեն, ռուսական կողմի հետ քննարկումներ կան այդ սկաներները տեղադրելու առումով:
-Քննարկումներ կան, այո։ Ադրբեջանական կողմը բացատրում է նրանով, որ, իբր թե, այդ ճանապարհով, որը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է, զենք-զինամթերք է տեղափոխվում։ Ադրբեջանը ցանկանում է, որ անգամ այդ սարքերը հենց ադրբեջանական կողմը տրամադրի։ Այդ ստուգումները վերաբերելու են միայն բեռնատարներին, այլ ոչ թե մարդատար ավտոմեքենաներին: Բայց, նորից եմ կրկնում, մեր՝ հինգ խմբակցությունների կողմից ասվել է, որ դա անընդունելի է ոչ միայն քաղաքական ուժերի, այլեւ Արցախում ապրող բոլոր քաղաքական ուժերի համար:
-Իսկ եթե, ամեն դեպքում, որոշում կայացվի որեւէ բան տեղադրելու հարցում, ապա այն որտե՞ղ է տեղադրվելու: Կա՞ հստակություն:
-Տեղադրվելու է հենց առաջին անցակետում, այսինքն՝ երբ որ Հայաստանի սահմանից մտնում ենք Լաչինի միջանցք:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի համապատասխան որոշմամբ՝ ՀՀ-ում թոշակները ավելացել են երեք հազար ՀՀ դրամով, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են 18 հազար ՀՀ դրամ սոցիալական նպաստից:
Քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր եմ ստանում նպաստի գումարից զրկվելու վերաբերյալ:
Ի՞նչ հարց է լուծել կառավարությունը այս որոշմամբ. գործադիրից նշում են, թե սոցիալական խնդիրների լուծմանը միտված կարեւորագույն գործիք է սա, որը տեղ է գտել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրում. մի՞թե սա կարելի է համարել սոցիալական խնդիրների լուծման գործիք, երբ հազարավոր քաղաքացիներ զրկվում են համեմատաբար ավելի բարձր եկամտից:
Սա անթույլատրելի է եւ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները, Սահմանադրության մեջ արտացոլված սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու նպատակադրումներն էլ՝ աղավաղում: Հարցը խիստ մտահոգիչ է եւ հրատապ կարգավորման ենթակա, որի կապակցությամբ էլ համապատասխան գրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունից պարզաբանումներ եմ պահանջել: Ինչո՞ւ են քաղաքացիները զրկվել սոցիալական նպաստից, եւ ե՞րբ է լուծվելու խնդիրը»:
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ, որի առանցքում քաղաքապետարանի ամենաառանցքային պաշտոնյաներից մեկն է` աշխատակազմի քարտուղարի Ժ/պ Սեյրան Մեջլումյանը: Մեզ հայտնում են, որ քրգործը «նախաձեռնել է» Հակակոռուպցիոն կոմիտեն ու ՀՀ ոստիկանությունը. այն կապված է ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացների հետ: Ուժայինների ուշադրության կենտրոնում Մեջլումյանի հայտնվելը մեր աղբյուրները անակնկալ չհամարեցին, ավելին՝ նշեցին, որ քաղաքապետի մերձավոր թիմակիցների շրջանում որոշակի խուճապային տրամադրություններ առկա են արդեն տեւական ժամանակ: Հաջողվեց պարզել, որ քրեական գործը, որով անցնում է աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ-ն, ներառում է 10-ից ավելի առանձնացված դեպք: Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների` դեպքով ձեռք բերված ապացույցների մի մասն է հայտնի Հրաչյա Սարգսյանին ու իր մերձավոր թիմակցին, ուժայինների կողմից դեռեւս տարվում են աշխատանքներ, եւ՝ ոչ անարդյունք: Այն հարցին, թե ինչն է հիմք հանդիսացել աշխատակազմի քարտուղարին գործի շրջանակներում ներգրավելու համար, պատասխանեցին, որ իրացվել են օպերատիվ տեղեկություններ, մյուս կողմից՝ կասկածներ են հարուցել ինքնակամ շինությունների գործերի ընտրության ու դրանց լուծման ուսումնասիրությունները։ Հարցերին մոտեցել են տարերայնորեն, առանց հստակ մեթոդոլոգիայի: Ամենայն հավանականությամբ, հիմքում եղել են օպերատիվ տեղեկություններ, ինչից հետո էլ սկսել են ուշադրություն դարձնել վերոնշյալ անձին: Քննչականի մեր աղբյուրները հայտնեցին, որ հավանաբար սկզբնական փուլում Մեջլումյանի լիազորությունները կկասեցվեն գործը քննող քննիչի միջնորդությամբ: Հավելենք, որ վերջին շրջանում հետաքրքիր տեղեկություններ են ստացվում Երեւանի քաղաքապետի ու նրա շրջապատի գործունեության մասին, որոնց կանդրադառնանք հընթացս:
5 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԳՈՒՅՔ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է 5 մլն 430 հազար դրամի նոր գույք ձեռք բերել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով վերաբաշխում է կատարվելու ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագծում: Մասնավորապես, ըստ նախագծի՝ նախատեսվում է առաջնահերթ ձեռք բերել չհրկիզվող պահարաններ, գրասեղաններ, աթոռներ եւ բազկաթոռներ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նաեւ հիմնավորում է ներկայացրել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված գրասենյակային կահույքը նախարարությանն է հանձնվել 2016 թվականին՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված Կառավարական 2 նոր մասնաշենք տեղափոխվելու ժամանակ: Կահույքն ունի որակական լուրջ խնդիրներ, զգալի մասը վնասված է ու մաշված: Վնասված կահույքի մեծ մասը դարձել է շահագործման համար ոչ պիտանի եւ ենթակա չէ վերանորոգման։ Եվ, ահա, ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացման անհրաժեշտությունը առաջացել է նախարարության աշխատանքային պայմանները բարելավելու, գույքը թարմացնելու նպատակով: Բացի այդ, նոյեմբերի 27-29-ին Հայաստանում տեղի է ունեցել «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային համաժողովը, որի ծախսերի փոխհատուցման համար էլ անհրաժեշտ է 8 մլն 500 հազար դրամ: Այսինքն՝ այս երկու միջոցառումների համար համատեղ ԱԳՆ-ն կստանա 13 մլն դրամից ավելի գումար: