34 ՏԱՐԻ ԱՆՑ ԷԼ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակի երկրաշարժից 34 տարի անց անգամ աղետի գոտի եզրույթը դեռ առկա է, քանի որ տնակներում ապրող մարդկանց բնակարանային խնդիրը ամբողջությամբ չի լուծվել:

 

Իսկ իշխանության գալուց հետո ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը, եւ ի՞նչ ունենք այսօր. 2020 թվականի հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապան քաղաքում լրագրողների հետ հանդիպմանը հերթական 100 փաստը ներկայացրեց եւ խոսեց աղետի գոտու տուժած ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրի մասին: Նա այդ ժամանակ հայտարարել էր, որ 2020 թ. կլուծվի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած 453 ընտանիքների բնակարանի խնդիրը, որի համար բյուջեից հատկացվել էր 3 մլրդ դրամ։ Ինչպես պարզվեց, այդ ընտանիքների կեսի դեպքում նախորդ տարվա բյուջեից 1.3 մլրդ դրամ արդեն իսկ հատկացվել էր, եւ այս տարվա բյուջեով հատկացված գումարը ուղղվելու էր անօթեւան ընտանիքների մյուս կեսի բնակարանների կառուցմանը։

«Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել էր, որ վարչապետը 227 ընտանիքի բնակարանով ապահովելու լուծված հարցը ներկայացրել է եւ՛ արդեն իսկ կատարված աշխատանքների ցանկում, եւ՛ 2020-ին կատարվելիք աշխատանքների ցանկում։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի մեկ այլ պնդմամբ՝ նախկինում բնակարաններով էին ապահովվել չնչին թվով ընտանիքներ։ «Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է 40-45 աղետից տուժած ընտանիք, այսինքն՝ 10 անգամ ավելանում է այդ ծավալը»,- հայտարարել էր վարչապետը։ Մինչդեռ ինչպես ներկայացրել է կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը եւ հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը, ծրագրի մեկնարկից մինչեւ 2017 թվականը ներառյալ, բնակարաններով են ապահովվել 4838 ընտանիք, այսինքն՝ տարեկան միջինում 483 ընտանիք, ինչը մոտ տասն անգամ ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի հայտարարած ցուցանիշը։

Ամփոփելով փաստենք, որ տարեսկզբին վարչապետի կողմից հայտարարված՝ 453 ընտանիքներին բնակարանով ապահովման մասին հայտարարությունը թեեւ ճիշտ է, սակայն դրա կեսի ֆինանսավորումն արդեն իսկ կատարվել էր նախորդ տարի, իսկ նախկինում յուրաքանչյուր տարի 40-45 ընտանիքի բնակարանով ապահովելու մասին հայտարարությունը կեղծ էր եւ նվազեցված ավելի քան 10 անգամ։

ArmLur.am-ը նկատում է՝ 2018թ. նոր կառավարությունը հայտարարեց «աղետի գոտի» եզրույթը շրջանառությունից հանելու մտադրության մասին, եւ, վարչապետի որոշմամբ, աշխատանքային խումբ ստեղծվեց, որը պետք է փաստագրեր, տվյալներ հավաքեր պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի իրականացումից հետո աղետի գոտու բնակավայրերում դեռ առկա ոչ հիմնական շինությունների ու դրանցում ապրող մարդկանց մասին։ Արդյունքում 2022-ի հոկտեմբերին կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարում աղետի գոտին վերջնականապես ազատել տնակային տնտեսություններից։ Այդ նպատակով դեռ այս տարվա հոկտեմբերին գործադիրը որոշում էր կայացրել մինչեւ 2027-ը ապամոնտաժել համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, իսկ բնակիչներին վերաբնակեցնել։

Նոր ծրագրի շահառու բոլոր ընտանիքները վեց ամսում պետք է լքեն տնակները ու քանդեն դրանք, այլապես դրա իրավասությունը կհանձնվի համայնքային իշխանությանը: Ապամոնտաժման ենթակա կառույցներն ամենաշատը Գյումրիում են, Սպիտակում եւ  Վանաձորում: Դրանց 60 տոկոսը տեղադրված են հենց համայնքային նշանակության հողերի վրա։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱԳՆ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտնել է դեկտեմբերի 6-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ:

«Սահմանը մշտադիտարկելու միջոցով այս առաքելությունն իսկապես սահմանափակել է էսկալացիայի վտանգը»,- ասել է Կոլոննան:

Կոլոննան նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը չի թուլացել: Նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի եւ Եվրոպական Միության աջակցությունը Հայաստանին եւ խոստացել, որ շարունակական ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

 

 

 

ՄԱՆԴԱՏԸ ՉՎԵՐՑՐԵՑ

«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մարիա Պետրոսյանը հայտնել է, որ չի վերցնի պատգամավորական մանդատը. «Այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ: Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ ու հասկանալի է՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշումը»:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Մարիա Պետրոսյանը չի վերցնի մանդատը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, դեկտեմբերի 6-ին տեղի են ունեցել պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայի Հանրապետության Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների եւ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատասխանատուների հետ։

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախ-Ֆրանսիա կապերին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

Խոսելով Ֆրանսիայի, մասնավորապես՝ նրա օրենսդիր մարմնի հետ հարաբերությունների զարգացման հարցում Արցախի շահագրգռվածության մասին՝ նախագահը բարձր է գնահատել Սենատի եւ Ազգային ժողովի հետեւողական ջանքերը՝ ուղղված ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այցի ընթացքում նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ:

 

 

 

«ՉԵՆՔ ԲԱՑԱՌՈՒՄ»

«Մենք չենք բացառում, որ հանդիպումը կլինի։ Որեւէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով։ Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման։ Երեկ փոխվարչապետերն են հանդիպել, բայց երկրի ղեկավարների մասով դեռ կոնկրետ ինֆորմացիա չունենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Երեկ Ազգային ժողովի նիստում 65 կողմ, 5 դեմ, 22 ձեռնպահ ձայներով ընդունվեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Այն ամբողջությամբ կներդրվի 3 տարվա ընթացքում, առաջին հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչեւ 2024-ի ապրիլի 20-ը: Առաջին փուլի շրջանակում ընդգրկված են հետեւյալ անձինք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներ, նոտարները՝ անձնական եկամուտների մասով: Հաջորդ ենթախումբը ձեռնարկատիրական գործունեության հետ ուղիղ կամ անուղղակի կապված ֆիզիկական անձինք են՝ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիներ, որոնք 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ եւ ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունների բաժնետերեր են, նաեւ ռեզիդենտ քաղաքացիներ, որոնք 2023-ի ընթացքում ստացել են 20 մլն դրամ կամ ավել փոխառություններ՝ նշված առեւտրային կազմակերպություններից: 2024 թվականից նախատեսվում է այդ շրջանակն ընդլայնել աշխատանքային պայմանագրերով աշխատանք կատարողներով, նաեւ քաղաքացիական պայմանագրերի հիման վրա ծառայություններ մատուցող եւ աշխատանքներ կատարող ռեզիդենտ քաղաքացիներով: 2025 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիներին հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ բոլոր քաղաքացիները:

 

 

 

Ո՞ՒՄ ՄԱՆԴԱՏ ԿՏԱ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ Ազգային ժողովի նախագահի ստորագրությամբ չորս արձանագրություն է ստացել, որ վերաբերում է պատգամավորներից մանդատը վերցնելուն: Նրանք բոլորն էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր են՝ Արամ Վարդեւանյանը, Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը: Վերջին երեքը, նշենք, ԱԺ-ում ու «Հայաստան» դաշինքում գործունեությունը դադարեցրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ են: ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի 4 անձի՝ նոտարական հաստատումով ինքնաբացարկի դիմում են ստացել: «Ռոբերտ Հայրապետյանը, Ռուբեն Մելքոնյանն ու Ռիմա Ղազարյանն ինքնաբացարկի դիմումով հրաժարվել են մանդատ վերցնել»,- նշեց Ղուկասյանը: Նշենք, որ ինքնաբացարկի դիմում ներկայացնելու մասին Facebook-ի իրենց էջերում նաեւ Սայաթ Շիրինյանն ու Մարիա Պետրոսյանն են տեղեկացրել: Ղուկասյանը նշեց նաեւ, որ Արամ Վարդեւանյանի արձանագրության ժամկետը դեկտեմբերի 9-ին է լրանում, ու մինչ այդ կամ այդ օրը ԿԸՀ-ն նիստ կանի ու Վարդեւանյանին փոխարինող պատգամավորին մանդատ տալու արձանագրություն կկազմի: Կարող ենք ենթադրել, որ նա ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հասարակական հիմունքներով օգնականն է՝ Մհեր Սահակյանը: Ըստ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի՝ պատգամավորական մանդատ կարող են ստանալ Մհեր Սահակյանը, Արփինե Վարդանյանը, Արման Ղազարյանը եւ Դավիթ Սահակյանցը:

 




Լրահոս