Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի տան թալանի գործով վճիռը: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տունը թալանած անձն ազատազրկման է դատապարտվել 5 տարի 3 ամիս ժամկետով:
Ինչպես հայտնի է, 2021 թվականի դեկտեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս եւ այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ եւ հուշանվերներ: Հիշյալ տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ավելի ուշ հայտնաբերվեց գողություն կատարած անձը. վերջինս Հրանտ Գրիգորյանն է:
Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել, որ նա ապօրինի մուտք էր գործել Բյուրական գյուղի 3-րդ փողոցի 89-րդ հասցեում գտնվող, Նարեկ Հովսեփյանին պատկանող բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 2441260 ՀՀ դրամ արժողության ապրանքներ: Ի դեպ, այս առանձնատուն առաջին անգամ չէին մտել:
Նկատենք, որ մեղադրյալ Հրանտ Գրիգորյանը միջնորդել է կիրառել դատաքննության հատուկ կարգ՝ համաձայնեցման վարույթ, եւ հայտնել, որ համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր եւ գիտակցում է իր միջնորդության բնույթը եւ հետեւանքները:
Դատարան դիմում է ներկայացրել նաեւ նախկին գլխավոր դատախազի որդին՝ տուժող Նարեկ Հովսեփյանը, եւ հայտնել է, որ մեղադրյալի դեմ բողոք եւ պահանջ չունի, միաժամանակ չի առարկում համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ:
Եվ, ահա, Արագածոտնի մարզի դատավոր Սուրեն Մնոյանը հրապարակել է այս գործով վճիռը եւ Հրանտ Գրիգորյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի 3 ամիս ժամկետով: Քննիչի 30.05.2022թ. որոշմամբ՝ իրեղեն ապացույց ճանաչված եւ Ստեփան Մաթեւոսյանին ի պահ հանձնված ARMENIAN COGNAC, ARARAT EREBUNI- YEREVAN, ERIVAN 30 տեսակի կոնյակների դատարակ տուփերը, փայտե շրջանակը, ինչպես նաեւ 1 հատ պատյանով թուրը, 1 հատ գորգը, 1 հատ սրբապատկերը, ERIVAN տեսակի 2 շիշ կոնյակը, ARAME COLLECTIONS տեսակի 1 շիշ կոնյակը. ԺՐպՉվՌռ նՐՌՉՈվՖ տեսակի 1 շիշ կոնյակը եւ EREBUNI YEREVAN 2796 տեսակի 1 շիշ կոնյակը հանձնել տուժող Նարեկ Հովսեփյանին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից, Տոլիկ մականունով հայտնի անձին վերջինիս՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում դիմել են նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից պարտք-գումարները ստանալու նպատակով:
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից հիշյալ անձը իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու, այն է՝ պարտք-գումարը վերադարձնելու նպատակով, օգտվելով իր կարգավիճակից եւ իրականացնելով համապատասխան գործողություններ, ստանձնել է վեճերի լուծումը` դրա դիմաց ստանալով անօրինական օգուտ:
Պարզվել է նաեւ, որ պատիժը կրելու ընթացքում Տոլիկ մականվամբ հիշյալ դատապարտյալին են դիմել, որպեսզի վերջինս իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, իր կարգավիճակից օգտվելով, որոշակի առավելություն տրամադրի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված անձանց: Հարուցված քրեական հետապնդման հիման վրա ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ դատապարտյալին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերին:
Եվս մեկ դատապարտյալի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 223.4-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասին (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը):
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան ըստ էության քննության առնելու նպատակով:
ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել. «Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի եւ երեք ամիս անց վերջապես ավարտվեց մեղադրանքի կողմի գրավոր «ապացույցների» հետազոտումը, ինչպես նաեւ քննիչի կողմից փորձագետին ներկայացված հարցադրումների պատասխանների եւ հետեւությունների հետազոտումը, որի ընթացքում չներկայացվեց որեւէ փաստ, տվյալ, փաստաթուղթ, ինչը կարող էր հիմնավորել «վատնման» հանցակազմի առկայությունը, Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքում տեղ գտած որեւէ ձեւակերպում կամ այս ամբողջ ժամանակամիջոցում կալանավորման տակ գտնվելու անհրաժեշտությունը:
Ավելին, ներկայացված «ապացույցների» մի մասն առհասարակ վերաբերելի չէր մեղադրանքին կամ ոչինչ չէր հիմնավորում, իսկ մյուս մասը հերքում էր մեղադրանքը, որի վերաբերյալ պաշտպանական կողմը արել է համապատասխան հայտարարություններ եւ ներկայացրել է հակափաստարկներ: Ամեն դեպքում, կարող ենք վերահաստատել, որ Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան»:
Ո՞Վ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրում մեքենայի պայթյունի հետեւանքով 4-րդ անձն է հայտնաբերվել եւ կալանավորվել: Կալանավորվածը քրեական աշխարհում հայտնի Ծուխ անվանմամբ Արթուր Ասատրյանն է: Այս աղմկահարույց պայթյունի գործով երեք անձ այս պահին կալանքի տակ են եւ եւս մեկը կալանավորվեց:
Հիշեցնենք, որ պայթյունից մահացել էր Փարաքարում հայտնի Վարազդատ Բարոյանը, որը հայտնի է փարաքարցի Վարո անվամբ, իսկ թե ինչ հանգամանքներում է նրա մեքենան պայթել կամ միգուցե պայթեցվել, կպարզի քննությունը:
Փաստ է մեկ բան, որ կատարվածը խիստ անհանգստացրել է իրավապահներին, եւ տեւական ժամանակ նրանք փնտրում էին պայթյունը կազմակերպողներին:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արտյոմ Յարալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից օգտագործելու նպատակով կեղծել է պետական մարմնի՝ զորամասի կողմից տրվող, իրավունք վերապահող ազատ արձակման թերթիկը եւ կեղծ փաստաթուղթ օգտագործելու եղանակով ժամանակավորապես խուսափել զինվորական ծառայությունից։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ