ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական ավարտական քննությունների ժամանակացույցը եւ աշխատակարգը:
Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում՝ ավարտական, եւ 12-րդ դասարաններում՝ պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը եւ բողոքարկումը:
4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է՝
o «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ),
o «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ),
o ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար՝ նաեւ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում,
o ազգային փոքրամասնությունների դասարաններում՝ նաեւ իրենց մայրենի լեզու եւ գրականություն առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում:
Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են հաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգումն անցկացվում է հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 15 օրվա ընթացքում:
9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ՝
o «Հայոց լեզու» առարկայից` գրավոր թեստ,
o «Գրականություն» առարկայից՝ բանավոր,
o «Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր,
o «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր,
o «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ),
o «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» եւ այլ լեզուներ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր,
o «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում),
o ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար սահմանված գիտելիքների ստուգումն անցկացվում է նաեւ «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` քննաշրջանի ընթացքում,
o ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաեւ գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:
«Գրականություն», «Հայոց պատմություն» եւ «Օտար լեզու» առարկաների 9-րդ դասարանների ավարտական քննությունների տոմսերը կազմում են հաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված եւ տրամադրված հարցաշարերի եւ տոմսերի նմուշների: «Գրականություն» եւ «Օտար լեզու» առարկաների ավարտական քննական առաջադրանքների հարցաշարերը եւ տոմսերի նմուշները կազմվում են 7-9-րդ դասարանների ծրագրային նյութից, «Հայոց պատմություն» առարկայի քննական առաջադրանքները՝ 6-9-րդ դասարանների ծրագրային նյութից:
9-րդ դասարաններում ավարտական քննություններն անցկացվում են հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: 9-րդ դասարանի ավարտական քննություններ հանձնողների հայտերը հաստատության տնօրենը լրացնում եւ ԳԹԿ-ին է փոխանցում փետրվարի 20-ից մինչեւ մարտի 15-ը:
12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ՝
o «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ),
o «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ),
o «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ),
o «Ֆիզկուլտուրա» առարկայից` նորմատիվների հանձնում (ստուգարք)՝ հունիսի 6-րդ աշխատանքային օրվանից մինչեւ քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
o «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում,
o «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից՝ բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում:
12-րդ դասարաններում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում, եւ հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչեւ դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին. հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 15-ից մինչեւ 30-ը` ժամը 12։00-ն, քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին: Հունիսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչեւ ապրիլի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենն ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 2-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերն էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին: Միասնական քննությանը մասնակցող սովորողը պետական ավարտական քննություն կարող է հանձնել այն առարկայից, որը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Ե՛վ հունվարին, եւ՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։ Միեւնույն առարկայից եւ՛ միասնական, եւ՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը): 9-րդ եւ 12-րդ դասարանում ավարտական եւ պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից եւ հաստատությունում գործածվող դասագրքերից եւ (կամ) ձեռնարկներից: Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար ՀՀ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության գերազանցության մեդալի հավակնորդները «Հայոց լեզու եւ հայ գրականություն» եւ «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննություններին կարող են մասնակցել հունվարին կամ հունիսին, իսկ նույն առարկաները որպես ավարտական քննություններ ընտրելու դեպքում՝ միայն հունիսին: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների՝ հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈՒՊ):
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ArmLur.am ԿԱՅՔԻՆ
Հայաստանի փաստաբանական համայնքն Ադրբեջանից մի քիչ է փոքր տարիքով. նկատեց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, փաստաբան Արա Զոհրաբյանը: Հիմնադրվել է 104 տարի առաջ՝ 1918 թվականին: Փաստաբանները երեկ տոնում էին իրենց մասնագիտական տոնը՝ միեւնույն ժամանակ իրենց շարքերը ընդունելով նոր՝ երիտասարդ փաստաբանների:
.Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի խոսքով՝ յուրաքանչյուր փաստաբանի հաջողություն փաստաբանական համայնքի հաջողությունն է: Փաստաբանների գործունեությունը, փաստաբանների հետ համագործակցությունը հնչեղություն ունեցող գործերով ակտիվ լուսաբանման համար փաստաբանական համայնքը գնահատեց նաեւ լրատվամիջոցների աշխատանքը. շնորհակալագրեր ստացան նաեւ մի շարք լրատվամիջոցներ: ArmLur.am-ը կայքը փաստաբանական ինստիտուտի հետ ակտիվ համագործակցության, փաստաբանների հետ արդյունավետ աշխատանքի եւ իրավական ոլորտի խնդիրները պատշաճ լուսաբանելու համար արժանացավ շնորհակալագրի:
ԲՅՈՒՋԵ ՉԵՆ ՄՏՆՈՒՄ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ
Նախկինում բազում փաստերով գրել եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ. փետրվարի 26-ին Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, 2021թ. հոկտեմբերի 17-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքներով Դիլիջան համայնքի ղեկավար ընտրված Դավիթ Սարգսյանը, բացի Դիլիջան համայնքի բնակիչներին հողեր օտարելուց, Դիլիջան քաղաքի հողերը ձեւական աճուրդներով, շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների։ Դիլիջանի համայնքապետարանը շարունակում է քաղաքի հողերը ձեւական աճուրդներով, էժան գներով օտարել Երեւան քաղաքի բնակիչների։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է , որ, Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. հոկտեմբերի 13-ի թիվ 745-Ա որոշմամբ, 2022թ. նոյեմբերի 14-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 5000.0քմ հողամաս /Լոտ-60(ՔՀ-22)/՝ Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 12 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 35000000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 35000000 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւան քաղաքի Գ. Նժդեհ փողոց 27/1 շ. բն. 33 հասցեի բնակիչ Արթուր Հարությունյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 5 արձանագրությունը: Դիլիջան համայնքի ղեկավարի՝ 2022թ. հոկտեմբերի 13-ի թիվ 745-Ա որոշմամբ՝ 2022թ. նոյեմբերի 14-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 3400.0քմ հողամաս /Լոտ-61(ՔՀ-22)/՝ Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 14 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 23800000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 23800000 դրամ առավելագույն գնով հաղթել է «ԴԻԼԻ ՏՐՈՊԻԿ» ՍՊԸ-ն ( գտնվելու վայրը՝ Երեւան քաղաք, Դավիթ Անհաղթի փողոց 23 շ., 6-րդ հարկ), որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 6 արձանագրությունը: Դիլիջանի համայնքի ղեկավարի՝ 2022թ. հոկտեմբերի 13-ի թիվ 745-Ա որոշմամբ՝ 2022թ. նոյեմբերի 14-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 6281.7քմ հողամաս /Լոտ-62(ՔՀ-22)/՝ Դիլիջան քաղաքի Հովքի փողոց 3-րդ նրբ. թիվ 1/1 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 43971900 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 43971900 դրամ առավելագույն գնով հաղթել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոց 5 շ., բն. 15 հասցեի բնակիչ Սերոբ Ներսիսյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 7 արձանագրությունը: Շուկայականից էժան գներով, ձեւական աճուրդներով Դիլիջան համայնքի, Երեւանի եւ Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներին Դիլիջան քաղաքի հողերը մեծ թափով օտարելու հետեւանքով Դիլիջան խոշոր համայնքի բյուջե չի մտնում հարյուրավոր միլիոն դրամներ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ