«Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրեք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015թ.-ի մի ելույթից: Փաշինյանն այս երեւույթը անվանել էր «պադավատապետություն»: «Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- հավելել էր պատգամավորը: Հոկտեմբերի 19-ին պարզ դարձավ, որ կառավարությունը մտադիր է 200 ավտոմեքենա գնել ու թարմացնել պետական ավտոպարկը: Եվ չնայած տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը շատ կտրուկ էր արտահայտվում, սակայն այս հարցում հեղափոխական քայլեր չեն արվել, եւ պետական ապարատում ավտոմեքենաների թիվը կրկին մեծ է: 2023 թվականի բյուջեի նախագծից պարզ է դառնում, որ կան գերատեսչություններ, որտեղ ծառայողական մեքենաների թիվն ավելանալու է: Եթե այս տարվա՝ 2022-ի դրությամբ ծառայողական մեքենաների թիվը պետական մարմիններում 933 է, ապա 2023-ին այն կավելանա 6-ով՝ կազմելով 939։ Կրկին ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը հակադրվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, եւ չնայած նախկինում նա եւ նրա թիմակիցները դեմ էին արտահայտվում «պադավատներին», սակայն հիմա ոչ միայն չեն կրճատում ավտոպարկը, այլ ձգտում են բարձրարժեք եւ նոր մեքենաներով համալրել այն:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը գնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» ֆրակցիայի է վերածվում: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդարանական խմբակցությունում, որն ի սկզբանե քաղաքական դաշինք էր եւ տարբեր ուժեր ներկայացնող անհատներից էր կազմված, այժմ գերիշխող դիրք ունի ՀՅԴ-ն: Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ խմբակցությունում այս պահին ընդգրկված 25 պատգամավոր կա, եւս 4-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն մանդատ են ստացել. նրանք խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորական երդում կտան ու կստանձնեն խորհրդարանականի պարտականությունները: Այսպիսով, «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորներից 14-ը դաշնակցականներ են, 13-ը, այդ թվում՝ Աղվան Վարդանյանը, անկուսակցական են, 1-ը՝ ասորի համայնքը ներկայացոնղ Զենֆիա Միրզոեւան է՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից: Հաշվի առնելով հանգամանքը, որ Վարդանյանը նախկին դաշնակցական է (իսկ դաշնակցականի նախկինը չի լինում), ապա ձայների հարաբերակցությունն այնպես է դասավորվում, որ «Դաշնակցությունը» խմբակցության ներսում գերիշխող է դառնում: «Ժողովուրդ» օրաթերթը, ի դեպ, նկատել է, որ «Հայաստան» խմբակցության, այսպես ասած, հին պատգամավորները եկող՝ նոր պատգամավորներին չգիտեն, չեն ճանաչում, նրանցից շատերն անգամ միմյանց երբեւէ չեն էլ տեսել:
ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը մտել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ստուգումների: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել Պետական վերահսկողության ծառայությանը՝ մանրազնին ուսումնասիրել կոնկրետ ոլորտներ: Տեղեկացանք, որ մի քանի ուղղություններով արդեն սկսվել են ստուգումները: ՊՎԾ աշխատակիցները քրքրում են Հայաստանի պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը, ուսումնասիրում տարբեր պայմանագրեր, փոխանցումներ, որպեսզի հասկանան՝ նոր նախարարի օրոք որքան են փոխվել գերատեսչության գործունեությունը, գործող ավանդույթները, եղած բարքերը: Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ սեփական թիմում խարդավանքներ են հյուսում, երբեմն կեղծ ինֆորմացիաներ տրամադրում Նիկոլ Փաշինյանին: Լուրեր կան, որ Սուրեն Պապիկյանի դեմ արշավի մի մասը կազմակերպում եւ կառավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Շուրջ 1,5 ամիս է, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կալանավորումից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները մի քանի անգամ այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հարցաքննեն դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, սակայն դատավորը միշտ հրաժարվել է ցուցմունք տալուց: Ասել է թե՝ քրեական վարույթով ուրշագրավ իրավիճակ է. մեղադրյալ դատավորը հրաժարվում է քրեական վարույթով որեւէ ցուցմունք տալ, քննիչներն էլ անիմաստ գնում-գալիս են կալանավայր: Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21-ին կալանավորվել է նաեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար, եւ դատավորի օգնականը, որը հետագայում ազատ արձակվեց: