ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը չի բացառում, որ Ադրբեջանի կողմից այս օրերին Արցախում իրականացվող սադրանքները կարող են ռազմական գործողությունների վերածվել, որովհետեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից ամեն ինչ սպասելի է:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է, որ, բարեբախտաբար, ռուս խաղաղապահների ակտիվ միջնորդությամբ հարցը կարգավորվում է:

Ադրբեջանցիները, ասում է, չեն էլ թաքցնում իրենց ցանկություններն ու նման միջոցներով են փորձում հասնել ցանկալի նպատակներին, կորզել թվացյալ խաղաղությունը:

Հիշեցնենք, որդ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ընդհատվել էր Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային կապը: Դրանից հետո հակասական հայտարարություններ տարածվեցին Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու շուրջ։ Ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը տարածվեցին Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի՝ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ արված հայտարարությունից հետո։

Վոլկովն ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով»։ Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը: Ստեփանակերտը հայտնեց, որ հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Վոլկովի հետ, որի ընթացքում «վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու, եւ միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում, ադրբեջանցիներ չեն լինելու»:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի հետ:

-Պարո՛ն Թարվերդյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի կողմից վերջին օրերին իրականացված սադրանքներին: Արդյոք տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ այդ սադրանքները կարող են ռազմական գործողությունների վերածվել:

-Ադրբեջանական հերթական լկտիությունն է, եւ ագրեսիան չի իրականացվում միայն ռազմական ճանապարհով: Նրանք նաեւ փորձում են այդ թվացյալ խաղաղությունը խալխլել: Պետք է արժանին մատուցենք ռուս խաղաղապահներին, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ միջադեպի դեպքում էլ հարցը կարողացան կարգավորել շատ արագ, առանց այլ միջադեպերի:

-Իսկ ի՞նչ եք կարծում, այդպիսի դեպքեր հաճախակի՞ կտեսնենք:

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վաղուց իրականությունից կտրվել է, շեղվել է, աստղային տարերքի մեջ է այս օրերին: Ադրբեջանական զորավարժություններ են հիմա ընթանում, որը ինչ-որ տեղ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ է ուղղված: Այդ ամենի ֆոնին Ադրբեջանը չի կարողանում թաքցնել իրենց ագրեսիվ ցանկությունները, եւ, ինչու ոչ, այդպիսի միջոցներով նրանք ցանկանում են կորզել իրենց պատկերացրած եւ թվացյալ անկախությունը:

-Այսինքն՝ տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ այս գործողությունները կարող են վերաճել ռազմական ագրեսիայի:

-Այդ պատուհասից ամեն ինչ կարելի է սպասել: Մենք ոչ միայն հիմա, այլեւ միշտ պետք է պատրաստվենք եւ պատրաստ լինենք պատերազմի: Խոսքը միայն հիմիկվա մասին չէ, երբ գեոքաղաքական առումով եւս խառը իրավիճակ է: Պետք է հասկանալ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեր դեմ ամեն րոպե կարող է նոր ագրեսիվ գործողություն սկսել, եւ մենք պետք է միշտ պատրաստ լինենք այդ ամենին:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՔՊ-Ն ՉԶԻՋԵՑ

Շիրակի մարզի Անի համայնքում նոր ընտրություններ կլինեն։ Կառավարությունն իր երեկվա նիստում որոշեց վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել:

Բանն այն է, որ Շիրակի մարզի Անի համայնքում ընտրություններից հետո որեւէ ուժ միայնակ իշխանություն ձեւավորելու համար բավարար ձայներ չէր ստացել։ Երկու խմբակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հայկական երազանքի» բոյկոտի պատճառով նորընտիր ավագանու առաջին նիստը չի կայացել, եւ համայնքապետ չի ընտրվել։

«Ազգ-համայնք» դաշինքի թեկնածուն 18 տարի ղեկավարած Արտակ Գեւորգյանն էր, ում սեպտեմբերին կայացած ընտրություններում ընդամենը մեկ մանդատ չհերիքեց միայնակ իշխանություն ձեւավորելու համար։

Արդյունքում նորընտիր ավագանին չկարողացավ հավաքվել, ու նշանակեցին արտահերթ ընտրություններ։ Փաստորեն, այս համայնքում եւս ՔՊ-ն հրաժարվեց իշխանությունը տալ ուրիշին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ

Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նորից գործուղման է մեկնում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա դեկտեմբերի 10-13-ը Փարիզ է մեկնելու՝ մասնակցելու ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին:

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր էլ՝ Ալեքսեյ Սանդիկովը, դեկտեմբերի 12-16-ը Մոսկվա կմեկնի: Նա՝ որպես փորձագետ եւ ժյուրիի անդամ, կմասնակցի «Բանավեճերի դաշնային լիգա» միջազգային երիտասարդական մրցույթին:

Նշենք, որ Վարդանյանի գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը, ՀՀ պետբյուջեի հաշվին են կատարվելու: Ինչ վերաբերում է Սանդիկովի գործուղմանը, ապա նշենք, որ գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կատարելու է հրավիրող կողմը:

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿԱՎԵԼԱՑՆԵՆ

Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին եւ դուրս կբերվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից: Այս պարագայում վարչապետին նոր լիազորություն է տրվելու, եւ ՊՊԾ պետ առաջադրելու իրավասություն  հենց Նիկոլ Փաշինյանն է ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխության արդյունքում կբարձրանա նաեւ ՊՊԾ պետի եւ նրա տեղակալների աշխատավարձը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր թիկնազորի եւ ղեկավարի աշխատավարձը բարձրացնում է: Բանն այն է, որ այժմ, երբ Պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է ԱԱԾ-ի մաս, պետը ստանում է Ազգային ժողովի պատգամավորին, մարզպետին, դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին, քրեակատարողական ծառայության պետին հավասար աշխատավարձ (661 հազար 400 դրամ՝ հարկերը ներառյալ): Նոր փոփոխություններով Պետական պահպանության ծառայության ղեկավարը ստանալու է ԱԱԾ տնօրենին, Ոստիկանության պետին, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահին հավասար աշխատավարձ (793 հազար 680 դրամ՝ ներառյալ հարկերը). նրա աշխատավարձն ավելանալու է 132 հազար դրամով: ՊՊԾ պետի տեղակալն էլ կստանա այնքան գումար, որքան ստանում են Ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի տեղակալները (562 հազար 190 դրամ՝ ներառյալ հարկերը): Այս փոփոխություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր լիազորություններն է ավելացնում եւս մեկով, այլ իր պահպանությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար բարձրացնում է թիկնապահների աշխատավարձը:

 

 

 

 

ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ

«Մենք մեր ջանքերը կներդնենք, որ մինչեւ տարվերջ խաղաղության պայմանագիր ունենանք. հիմա ավելի մոտիկ լինելով տարեվերջին՝ դժվար է ասել, որ կստացվի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը ասաց, որ դեռեւս վերջնական որոշում չկա, թե խաղաղության պայմանագրով է արդյոք ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե առանձին միջազգային մեխանիզմ են ստեղծելու։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի տարբերակներին՝ Գրիգորյանը ասաց, որ կա երկու տարբերակ։ «Մեկը առաջարկել է ՌԴ-ն, իսկ մյուսն այն տեքստն է, որը մեզ փոխանցել է Ադրբեջանը, եւ որի վրա մենք աշախատում ենք։ Արեւմուտքը որեւէ տեքստ մեզ չի առաջարկել, Արեւմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցության համար»,- ասաց Արմեն Գրիգորյանը։




Լրահոս