«Հրապարակ» օրաթերթը գրում է. Բոլորովին վերջերս Երեւանի կենտրոնում` Սայաթ-Նովայի 38 հասցեում, բացվել է «Ասպար հոթել» հյուրանոցային համալիրը։ Սա այն հասցեն է, որն ուղիղ մեկ տարի առաջ հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում։ Անցած տարվա դեկտեմբերի 8-ին, երբ Երեւանը դեռ կառավարում էր Հայկ Մարությանը, քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որով արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին կոչ էր անում՝ անհապաղ դադարեցնել Այգեստան 12-րդ փողոցի 8 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունը։
Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունը նշում էր, որ նշված հասցեում իրականացվում են տան տանիքի վերակառուցման, ինչպես նաեւ երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ։ «Ըստ ձեռք բերված բանավոր տեղեկատվության՝ Գ․ Մանուկյանի մահից հետո այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները նախաձեռնվել, կազմակերպվել են եւ իրականացվում են վերջինիս որդու՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Հովհաննես Մանուկյանն անմիջապես ֆեյսբուքյան գրառում արեց եւ փաստացի հերքեց իր կապն այդ աշխատանքների եւ հասցեի հետ՝ նշելով, որ հանձնարարություն է տվել իր փաստաբաններին՝ հայց նախապատրաստել՝ «ակնհայտ զրպարտության եւ անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին»։ Մանուկյանի ներկայացուցիչները 2022-ի հունվարի 7-ին հայց ներկայացրին դատարան` ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ լրատվության վարչության արդեն նախկին պետ Հովսեփ Կուբատյանի՝ պահանջելով զրպարտություն հանդիսացող տվյալները հերքել, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցել: Մանուկյանը պահանջում էր ոչ միայն հերքել հրապարակումները, այլեւ, որպես փոխհատուցում, քաղաքապետարանից բռնագանձել 3 մլն դրամ, իսկ Կուբատյանից՝ 2 մլն դրամ։
Հետո տեղեկացանք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանը հայցադիմումը վերադարձրել է հայցվորին, քանի որ վերջինիս կողմից «չի պահպանվել մինչեւ դատարան դիմելը կողմերի միջեւ առկա վեճի կարգավորման՝ օրենքով նախատեսված արտադատական կարգը»։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մարտի 18-ին բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հայցադիմումն ընդունեց վարույթ։
Ավելի ուշ Civilinet.am-ը հետաքննություն իրականացրեց եւ օգտվելով Կադաստրի կոմիտեի տրամադրած փաստաթղթերից՝ փաստեց, որ այդ հասցեում գտնվող շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Հովհաննես Մանուկյանի հանգուցյալ հորը՝ Գերասիմ Մանուկյանին, ով մահացել է 2021-ի հոկտեմբերին։ 2003-ին Գերասիմ Մանուկյանը տան մի մասը՝ 192 քմ մակերեսով, նվիրատվությամբ փոխանցել էր թոռնուհուն՝ Հովհաննես Մանուկյանի դստերը՝ Անահիտ Մանուկյանին։ Տան այդ հատվածը քաղաքապետարանի կողմից ստացել է Սայաթ-Նովայի պողոտա 36 հասցեն։ Եվ չնայած հյուրանոցի ֆեյսբուքյան էջում հասցեն նշված է Սայաթ-Նովայի 38, սակայն լուսանկարներից էլ երեւում է, որ դա այն հասցեն է, որտեղ անցած տարի քաղաքապետարանը լուսանկարել եւ տարածել էր իր կողմից ապօրինի հռչակված շինաշխատանքների նյութը։
Ի դեպ, ըստ քաղաքապետարանի պարզաբանման՝ այդ աշխատանքները սկսվել են անցած տարվա սեպտեմբերին, իսկ հոկտեմբերին մահացել է սեփականատերը՝ Մանուկյանի հայրը։ Ըստ քաղաքապետարանի՝ վերը նշված հասցեում այլ սեփականատեր չկա, սակայն սեփականատիրոջ ներկայացուցիչ է հանդիսանում Մարգար Սողոմոնյանը, ով Հովհաննես Մանուկյանի մյուս դստեր՝ Բելլա Մանուկյանի ամուսինն է։ Նշենք, որ հյուրանոցը, որը, ի հեճուկս քաղաքապետարանի, արդեն պատրաստ է, աշխատանքի ընդունման եւ հյուրանոցից օգտվելու հայտարարություններ է տարածում։ Այն կառուցվել է Հովհաննես Մանուկյանի հայրական տան տեղում։ Մեզ չհաջողվեց զրուցել Հ․ Մանուկյանի հետ, բայց պատրաստ ենք ներկայացնել նրա պարզաբանումները։ Մի ուշագրավ հանգամանք էլ նշենք՝ հյուրանոցի ֆեյսբուքյան էջն ակտիվորեն տարածում են նրա ազգուտակն ու մերձավորները։
Կապ հաստատեցինք քաղաքապետարանի լրատվականի վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանի հետ, ով մեզ փոխանցեց, որ Մանուկյանի հայցով առաջին նիստը տեղի է ունեցել սեպտեմբերին, ինքը դատարանին փոխանցել է, որ ընդամենը տարածել է քաղաքապետարանի պատկան վարչության հայտարարությունը եւ իր կողմից զրպարտություն թույլ չի տվել։ Երեւանի քաղաքապետարանին գրավոր հարցում ենք ուղարկել՝ ե՞րբ է այս կառույցի շինթույլտվությունը տրվել խնդրո առարկա հասցեում, որի հետ կապված՝ ժամանակին քաղաքապետարանը զայրացած հայտարարություն էր տարածում՝ սեփականատիրոջ անունը մատնանշելով։ Եթե նման թույլտվություն առկա է, ապա ո՞ր իրավաբանական կամ ֆիզիկական անձին է այն տրվել։ Սպասում ենք հարցման պատասխանին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում