«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու հերթական ընտրություններին դեռ 9 ամիս կա, եթե, իհարկե, օրենքով սահմանված ժամկետում դրանք կայանան։ Իշխող ուժը` ՔՊ-ն, լրջորեն նախապատրաստվում է բոլոր ուղղություններով։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Երեւանի բոլոր համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացվում, որոնք որպես նախընտրական շտաբներ են ծառայելու։
Ավելի ճիշտ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացված գրասենյակները, որոնք կարճաժամկետ վարձակալվել, ապա փակվել էին, վերաբացվում են։ Օրինակ, Նորքի զանգվածում այսօր գրասենյակի հանդիսավոր բացում կլինի, որին կմասնակցի նաեւ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն Արմեն Կոտոլյանն է։ Ի դեպ, ՔՊ ակտիվը որոշել է ակտիվ քարոզչական աշխատանքներ տանել իրենց թեկնածուի հաղթանակի օգտին։
Իհարկե՝ կլինեն խմբեր, որոնք, ինչ-ինչ շահերից ելնելով, կփորձեն տակից «պադնոժկա» տալ՝ ունենալով քաղաքապետ դառնալու երազանք, սակայն հիմնականում միասնական պայքար են տանելու՝ հասկանալով Երեւանի «ռազմավարական» նշանակությունը։
ՔՊ աղբյուրը պատմեց, որ չնայած Ավինյանը գլխավոր շեշտը դրել է մայրաքաղաքում հեղինակություն եւ ձայն ունեցող անձանց վրա եւ կարծում է, որ նրանց հետ պայմանավորվածությունների արդյունքում են իր ձայները գալու, սակայն ընդունել է նաեւ թիմակիցների դիտողությունները, որ Երեւանի պողոսների վրա էլ է պետք աշխատել»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում