Մարոկկոյի հավաքականի դարպասապահ Յասսին Բունուն ճանաչվել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի՝ Պորտուգալիայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ 31-ամյա դարպասապահը երեք գնդակ է հետ մղել և անառիկ պահել սեփական դարպասը (1-0)։
Ինչպես փոխանցում է armsport.am-ը, Բունուն Պորտուգալիայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել է թիմակից Յուսուֆ Էն-Նեսերիին, որի միակ գոլի շնորհիվ իրենք հաղթանակ տարան և դուրս եկան կիսաեզրափակիչ։
Բունուն ԱԱ-ի 4 խաղերից 3-ում գնդակ բաց չի թողել։ Նա մեկ գոլ է ընդունել միայն Կանադայի դեմ խաղում, այն էլ՝ Նայիֆ Ագերի ինքնագոլի արդյունքում (2-1):
Պորտուգալիայի դեմ պատմական հաղթանակից հետո էլ դարպասապահը ժամանակ է անցկացրել խաղադաշտում իր որդու հետ։