ArmLur.am-ի տեղեկություններով՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներն են փոխանցում:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ էր գրել, որ Մաթեւոսյանի գլխին սեւ ամպեր են կուտակված, ու կառավարությունը մտադիր է հրաժեշտ տալ նրան: «Չի բացառվում՝ Փաշինյանն առաջիկայում նրան հրաժարական տալու դիմում գրել տա»,- գրել էր թերթը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ փոխվարչապետի՝ հրաժարական գրելու դիմումը կապված է եղել Բրյուսովի անվան պետական համալսարանի՝ վերջերս կայացած ռեկտորի ընտրությունների հետ, ինչի ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել էր:
Բանն այն է, որ Համբարձում Մաթևոսյանը Բրյուսովի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել, որ իրենց ցանկալի թկնածուն (ըստերևույթին՝ Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը) չի ընտրվել:
Չնայած իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ ու ծածուկ ճնշումներին՝ դեկտեմբերի 9-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն անգամ սեփական լրատվամիջոցներով էին փորձում ստվերել Հարությունյանի գործունեություն ու ռեկտորի ընտրություններից մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով գրում էին Պետական վերահսկողական ծառայության՝ բուհում իրականացրած ստուգումների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 9-ին գրել էր նաև, որ Բրյուսովում ռեկտորի պաշտոնում սեփական թեկնածուին ունենալու ակնկալիքով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ուսանողների, նրանց ծնողների վրա տարբեր ճնշումներ բանեցնելով, փորձում էր Գյուջինյանի համար ճանապարհ հարթել, ինչը, փաստորեն, չի ստացվել. բուհի խորհուրդը նախընտրել է գործող ռեկտորին:
Սևակ Վարդումյան