Արցախից արձագանքում են ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստների» գործողություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արտակ Բեգլարյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը Շուշիի հատվածում արդեն շուրջ 5 ժամ:
«Քաղաքացիական» ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հանցագործություններ են իրականացնում ադրբեջանական պետության ու ալիևյան ռեժիմի անունից: Այս միջոցով Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել մեր լիովին շրջափակված 120,000 բնակչությանը, ինչպես նաև հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը:

Ադրբեջանական կողմը չարաչար սխալվում է ճնշման այս միջոցի կիրառման հարցում, եթե մտածում է, որ դրա հետևանքով զիջման ենք գնալու մեր արժեքների, սկզբունքների ու իրավունքների հաշվին: Մեր վճռականությունն անկոտրում է մեր սեփական հայրենիքում ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու առումով»:

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նույնպես անդրադարձել է խնդրին.

«Այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ադրբեջանական կողմը 2-րդ անգամ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին:

Աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը:

Փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդում է մի քանի նպատակ.

  1. Փոխել ստատուս քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո:
  2. Վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը:
  3. Ստուգել մեր զգոնությունը, եթե բացակայում է ՝ հայաթափել Արցախը:

Կոչ ենք անում միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ադեկվատ զսպման մեխանիզներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի»:

Հայտարարությամբ են հանդերձ եկել նաև Արցախի ԱԺ խմբակցությունները.

«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Դիմում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիներին` ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն, որպեսզի միասնական ջանքերով կանխենք ադրբեջանցիների ցանկացած սադրիչ գործողություն: Իր գոյապայքարի ընթացքում բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը այս անգամ էլ կդիմակայի առկա և ապագա մարտահրավերներին:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:
Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները»:




Լրահոս