Պատերազմական հանցագործություններով հայտնի Ադրբեջանում, փաստորեն, գոյություն ունի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով. այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Լրատվական կայքերում տարածվում է Ադրբեջանի խորհրդարանի` մարդու իրավունքներով զբաղվող ինչ-որ հանձնաժողովի նախագահ Զ. Օրուջայի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը պատերազմով տիրեց Շուշիին, խաղաղությամբ էլ կտիրի Երեւանին։
Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ մարդու իրավունքներով զբաղվող Ադրբեջանի այս պաշտոնյան, ըստ էության, անտեսում է մարդու անօտարելի, համընդհանուր իրավունքների պաշտպանությանը վերաբերող այն առանցքային դրույթները, որոնցով պետությունները պարտավորված են առաջնորդվել իրենց միջազգային հարաբերություններում։ Մասնավորապես. այս հայտարարությամբ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, փաստորեն, ողջունում է Ադրբեջանի վարքագիծն առ այն, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքները:
Իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հետեւանքով հազարավոր մարդկային կյանքերի կորուստը ցավալի է, որ որեւէ կերպ չի հետաքրքրում մարդու իրավունքներով զբաղվող այս պաշտոնյային։
Զ. Օրուջան, հավատարիմ Ադրբեջանի նվաճողական քաղաքականության տրամաբանությանը, խոսում է միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու մասին, որը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։
Ինչ վերաբերում է վերջինիս հիշատակած խաղաղությանը, ընդգծում եմ՝ Ձեր խաղաղությունը՝
l ամենօրյա հրաձգային, ականանետային կրակոցներն են,
l հայ խաղաղ բնակչության, զինծառայողների սպանություններն ու վիրավորումներն են, քաղաքացիական բնակչության ուղղակի թիրախավորումը,
l հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց պատանդառությունը, գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները,
l բռնի անհետացումը,
l քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ խոշտանգումները, դաժան եւ անմարդկային վերաբերմունքը,
l հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելությունը, նոր ցեղասպանության իրագործման պետական քաղաքականության կյանքի կոչումը,
l Արցախի շրջափակումն ու աշխարհի հետ կապի արգելափակումը,
l երեխաներին սննդի մատակարարումների արգելափակումը, նրանց կյանքի իրավունքի ոտնահարումները,
l վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնության արգելափակումը,
l առհասարակ անարգանքը միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ…
Թերեւս այս պաշտոնյային հիշեցնեմ՝ Ձեր խաղաղության օրակարգն այնքան կեղծ է, որ Արդարադատության միջազգային դատարանը ձեզ պարտավորեցրել է՝
l «Պաշտպանել բռնությունից եւ մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, որոնք գերեվարվել են՝ 2020թ. զինված հակամարտությամբ պայմանավորված, եւ դեռեւս շարունակում են մնալ գերեվարված, եւ ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջեւ հավասարությունը»,
l «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ եւ էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը եւ խթանումը՝ ներառյալ Ադրբեջանի պաշտոնյաների եւ պետական հաստատությունների կողմից»…
Միաժամանակ կարող եք ընդունել ի գիտություն, որ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020թ. Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում եւ դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի զարգացմանը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր: Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Անն Իդալգոի ջանքերը՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, անկախության միջազգային ճանաչման համար պայքարին սատարմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը: Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձեւի օգտին քվեարկելու համար:
Փարիզի քաղաքապետը վստահեցրել է, որ Փարիզը միշտ կլինի Արցախի եւ նրա ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա ինքնորոշման եւ խաղաղ ապրելու իրավունքները:
ԺԱՄԱՆԵԼՈՒ Է ԵՐԵՎԱՆ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ մեկնում է Երեւան: Նա այս մասին գրել է իր սոցիալական միկրոբլոգում: «Բարի առավոտ:
Այսօր փորձարկում ենք Վիեննա-Երեւան ուղիղ չվերթը։ Կեսօրին ակնկալում եմ բովանդակալից հանդիպումներ»,- գրել է ԵՄ պաշտոնյան՝ կից հրապարակելով օդանավում արված լուսանկար:
ՆՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս օրենքների նախագծերի ընդունման դեպքում վարչապետն է որոշելու, թե արդյոք պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետերին պետական պահպանություն կտրամադրվի, թե ոչ: Փոփոխություն է կատարվելու Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն տրամադրելու կարգում, եւ ամրագրվելու է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: Բացի այդ, ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, սակայն ԱԺ նախագահի համար՝ ոչ: Այս հանգամանքը եւս կփոփոխվի, եւ առաջարկվում է ամրագրել, որ ԱԺ նախագահի, նրա ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) համար եւս ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը:
Մյուս փոփոխությամբ՝ Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին եւ դուրս կբերվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԱՆԴԱՏ ՍՏԱՑԵԼ
Ազգային ժողովը չորս նոր պատգամավոր ունի. բոլորը «Հայաստան» դաշինքի անդամներ են: ArmLur.am-ը պարզել է՝ ովքեր են նրանք:
Այսպես, Արամ Վարդեւանյանի փոխարեն մանդատ ստացած Մհեր Սահակյանը դաշնակցական է: Նա ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ հասարակական հիմունքներով օգնականն է:
Վահե Հակոբյանի փոխարեն մանդատ է ստացել նորից դաշնակցական Արփինե Վարդանյանը: ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ նա մասնավոր ընկերություններից մեկում է աշխատում՝ որպես ծրագրավորող:
Հռիփսիմե Ստամբուլյանի մանդատը Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին համայնքապետ Արման Ղազարյանին է անցել: Նա, նշենք, նախորդ տարի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի որոշմամբ է ազատվել պաշտոնից: «Հետք»-ի հրապարակումների հիման վրա, նշենք, Ղազարյանի մասով մի քանի քրեական գործեր էին հարուցվել:
Ելենա Կիրակոսյանի մանդատն էլ Իրինա Գասպարյանին կանցնի: Նա, ArmLur.am-ի տեղեկություններով, Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահն է: