ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԿԳՈՐԾԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ միաձայն ընդունել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Ըստ այդմ, «Ես եմ» ծրագրին այսուհետ կփոխարինի նոր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

 

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո, Կառավարության սահմանված կարգով, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի:

Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանել է պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը 5 միլիոն դրամ է, որը շահառուն ազատորեն կարող է տնօրինել:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչեւ 380 հազար դրամ աշխատավարձ եւ օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է նաեւ պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի ներդրման նախագիծը, որին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, ձեռնպահ՝ 26, դեմ՝ 0։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար, եւ դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով: Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր:

Նախքան քվեարկությունը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց՝ ներդնում են շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համարագ, որը զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակ ունի։

«Գոյություն ունեցող համակարգն այսօր չի բավարարում մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, եւ մենք սահմանում ենք ավելի բարձր նշաձող. պայմանագրայինը պետք է ունենա ավելի բարձր պատրաստվածություն եւ ավելի բարձր կարողություն, եւ պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է, որ մեր բանակի զինվորները պետք է ունենան ավելի բարձր ստանդարտներ եւ ավելի բարձր սոցիալական ապահովություն», – իր եզրափակիչ ելույթում ասաց նախարար Սուրեն Պապիկյանը։

Այս նոր ծրագիրը ներդնելով՝ կառավարությունը դադարեցնում է 2018 թվականից գործող «Ես եմ» ծրագիրը, որն ընդունվել էր նախկին իշխանությունների օրոք։

Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Արմեն Խաչատրյանը հավելեց՝ նախագծով առաջին համարձակ քայլն է կատարվում պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ուղղությամբ։ Պրոֆեսիոնալ բանակի անցման խնդիրը նոր գաղափար չէ, հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ շեշտելով՝ կողմ են քվեարկելու նախագծին։ «Համաձայն չեմ, երբ որ Զինված ուժերի համալրման խնդիրներում այս կամ այն անուններ ենք դնում՝ «Ես եմ», «Դու ես», «Պաշտպան հայրենյաց». դա Զինված ուժերի համալրման ռազմավարության մեջ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու կետը պետք է լինի։ Այս կետին, այս օրենսդրական փոփոխությանը «Հայաստան» դաշինքը կողմ կքվեարկի», – ասաց խմբակցության ղեկավար Օհանյանը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

4855 ՇԱՀԱՌՈՒԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐՎԵԼ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը   2017թ. տարեսկզբից մինչեւ 2022թ. 3-րդ եռամսյակը  հատուցում է տրամադրել 4855 շահառուների՝ զոհվածների, անհետ կորածների ընտանիքների  եւ հաշմանդամության ապահովագրության իրավունք ունեցողների:

 

ArmLur.am-ը այս մասին տեղեկացավ  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած հաշվետվություններից:

2022 թվականի սկզբից մինչեւ սեպտեմբերի վերջ  գրանցվել է 176 նոր դեպք՝ 62 զոհված, 96 անհետ կորած, 4 առաջին կարգի եւ 14 երկրորդ կարգի հաշմանդամներ:

Զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին եւ հաշմանդամության ապահովագրության իրավունք ունեցողներին 2022թ. 3-րդ եռամսյակում տրամադրվել է  11.1 միլիարդ ՀՀ դրամի հատուցում, իսկ  2017-ից մինչեւ 2022թ. 3-րդ եռամսյակ՝ 65.3 միլիարդ ՀՀ դրամի հատուցում:

Ըստ հաշվետվության՝ 2017թ. մինչեւ 2022թ. 3-րդ եռամսյակը նվիրաբերությունները կազմել են շուրջ 9 միլիարդ ՀՀ դրամ:

2017-ից մինչեւ 2022թ. 3-րդ եռամսյակը նվիրաբերությունների ընդհանուր թիվը կազմում է գրեթե 80 հազար, իսկ միջին նվիրաբերության գումարը` 112,000 ՀՀ դրամ:

Ամենաշատ նվիրաբերություններ կատարվել են 2020թ. պատերազմի ժամանակ եւ դրանից հետո։ Տարեսկզբից մինչեւ 2021թ. 3-րդ եռամսյակն արձանագրված ցուցանիշների համեմատ՝  ընթացիկ նվիրաբերությունները նվազել են 61%-ով: Նվիրաբերությունների թիվը եւ միջին չափը նույնպես նվազել են` համապատասխանաբար 53%-ով եւ 17%-ով։ Դա բացատրվում է հետպատերազմյան իրավիճակով, քանի որ պատերազմի ժամանակ նվիրաբերությունները սովորաբար կտրուկ աճ են ցույց տալիս, ինչն արտահայտվել է 2020թ. արդյունքներում։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շահույթ չհետապնդող, հատուկ օրենսդրությամբ կարգավորվող հի?ադրամ է, որը հիմնադրվել է 2017թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայրենիքը եւ նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին եւ 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին կայուն, արդար ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով: ԶԱՀ-ը կառավարվում է անկախ, արհեստավարժ եւ բարձր հեղինակություն վայելող Հոգաբարձուների խորհրդի կողմից։

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 84.8 միլիարդ ՀՀ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ մինչ օրս մոտ 11.8 միլիարդ ՀՀ դրամ, որոնք ստացվում են աշխարհասփյուռ հայությունից, ինչպես նաեւ ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամտից` շուրջ 9 միլիարդ ՀՀ դրամ։

 

 

 

ՃՈԽ ԿԵՐՊՈՎ ԻՆՔՆԱՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ մարզի հանրակրթական 76 դպրոցների շենքերից 10-ն ունի հիմնանորոգման, 32-ը՝ վերանորոգման (դասասենյակներ, միջանցքներ, մարզադահլիճներ) կարիք: Պետական դպրոցների շենքերը նորոգելու համար պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում, սակայն Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն իրեն եւ մարզպետարանի պաշտոնյաներին պետական բյուջեից առատորեն պարգեւատրում է, հայտնի չէ, թե որ նվաճումների համար։  Տավուշի մարզպետարանի թվով 76 աշխատակից 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված 59,5 միլիոն դրամ պարգեւատրման գումարից 2022թ. նոյեմբերի 25-ի դրությամբ ստացել է 49,5 միլիոն դրամի պարգեւատրում։

 

 

 

 

ՕՂԻ ԵՆ ԹՈՐԵԼ

Բերդ համայնքի սահմանամերձ Չինարի բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ այս տարի Չինարիից 300 տոննա կիլոգրամը միջինը 300 դրամով թուզ է արտահանվել։ Նրա խոսքերով՝ Բերդ համայնքի Չինարի եւ Այգեձոր գյուղերում այժմ ընդհանուր մոտ 50 տոննա կորոլյոկի (արքայանարնջի) բերք կա, սակայն անգամ կիլոգրամը 200 դրամով գնորդ չկա։ Չինարիի վարչական ղեկավարն ասաց, որ սահմանամերձ գյուղի բնակիչները ստիպված կորոլյոկից օղի են թորելու՝ խմեն: Աճեցրած կորոլյոկի իրացման լուրջ խնդիր կա նաեւ Իջեւան խոշորացված համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղում։

 

 

 

ԱՆԿԱՏԱՐ ՄՈՒՐԱԶ

Տավուշի մարզպետարանի  պաշտոնյան իր անունը չհրապարակելու պայմանով հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար,  2021թ. ապրիի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը ցանկանում է դառնալ Հայաստանի ՊԵԿ նախագահ, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում քավորի ցանկությունն իրականություն դարձնել, քանի որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Հայաստանում «Սորոսի գրասենյակի»  ղեկավար Լարիսա Մինասյանի կադրն է. Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում վերջինիս հետ հարաբերություններ փչացնել։

 

 

ՀԱՆՁՆՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

Բերդ խոշորացված համայնքի Այգեձոր գյուղի բնակիչ, 1995թ. ծնված  Նվեր Կիզողյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք եւ գտնվելով ոչ սթափ վիճակում, 2022 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Վազ 2107»   մակնիշի ավտոմեքենայով մուտք է գործել  ոստիկանության Տավուշի բաժնի տարածք, որտեղ էլ հայտնաբերվել է ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 344 հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ն. Կիզողյանի դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս