Գործադիրը փոփոխություն եւ լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի եւ շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները համակարգային կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով: Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորումները պատվիրատուին չեն պարտադրում շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում պարտադիր նախատեսել կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի եւ շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ: Որոշմամբ առաջարկվում է նշվածը դարձնել որպես պայմանագրերի նախագծերում ներառվող պարտադիր պայման՝ զուգահեռ դրանց խախտման համար պայմանագրերի նախագծերում նախատեսելով նաեւ պատասխանատվություն նախատեսող կարգավորումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել, որ շինարարական ծրագրերի գնման դեպքում պայմանագրում (նախագծում) պետք է ներառվեն հետեւյալ պարտադիր պայմանները.
– կապալառուն կնքվելիք պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարում է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունն այդ աշխատանքների համապատասխանությունը հսկում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական եւ հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան,
– պատվիրատուն շինարարական աշխատանքների եւ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների նկատմամբ կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ աշխատանքների կատարման ողջ ընթացքում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական եւ հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջների, այդ թվում՝ շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման եւ անվտանգության տեխնիկայի կանոնների չպահպանման յուրաքանչյուր արձանագրված դեպքի համար: Ընդ որում՝ դեպքերը եւ դրանց ի հայտ գալու պարագայում կիրառվելիք պատասխանատվության միջոցները սահմանվում են սպառիչ եւ առանց երկակի մեկնաբանության հնարավորության,
– գնումների դիմաց վճարումները՝ ներառյալ կանխավճարի հատկացումը, իրականացվում են՝ հաշվի առնելով լիազորված մարմնի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձեւով նախատեսված պայմանները։
Արդյունքում կկարգավորվեն շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի եւ շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները՝ բացառելով հայեցողական մոտեցումների կիրառումը:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ընդունված որոշումը եւ նշել է, որ խոսքը շինհրապարակներում ստանդարտներ սահմանելու մասին է: «Այսինքն՝ շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, այնտեղ աշխատողներն ինչ վիճակում պետք է լինեն, ինչ հագուստ պետք է կրեն, եւ անվտանգության ինչ միջոցներ նախատեսեն: Այստեղ հարցերը բազմաշերտ են: Մենք տեսանք, որ Երեւանում փոշու ինչպիսի աննախադեպ մակարդակ կա: Շինարարության ծավալները, այո՛, շատ մեծ թափ են հավաքել, բայց, մյուս կողմից, մենք անընդհատ այդ ահազանգերը ստանում ենք եւ տեսնում ենք նաեւ, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երեւանում: Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում: Մենք պետք է այս հարցում լինենք հետեւողական:
Մյուս կողմից՝ շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, եւ նաեւ այնտեղ աշխատողներն ինչ տեսք պետք է ունենան, եւ շինհրապարակն ինչպես պետք է տարանջատվի մնացած քաղաքացիների առօրյա կյանքից. սրանք բոլորը շատ կարեւոր հարցեր են եւ ունեն եւ՛ անվտանգային, եւ՛, արդեն ասացի, բնապահպանական, եւ՛ էսթետիկ, եւ՛ սոցիալ-հոգեբանական նշանակություն: Կարող է նույնիսկ հարց հնչել՝ արդյոք մենք չափից ավելի ժամանակ եւ ուշադրություն չե՞նք տրամադրում այս՝ մեր ընդհանուր օրակարգի մեջ փոքր թվացող հարցին: Բայց, իմ կարծիքով, նախկինում սրա մասին բազմիցս խոսել ենք, սա, փոխաբերական իմաստով, ԴՆԹ մակարդակի խնդիր է. ԴՆԹ մակարդակի խնդիրներում շեղումները հետագա պրոցեսներում շղթայական մեծ եւ տեսանելի հետեւանքների են բերում: Եվ ես կարծում եմ, որ, այո, մենք բոլոր մակարդակներում մեր երկրում պետք է ստանդարտները սահմանենք եւ ոչ միայն սահմանենք, այլեւ հետեւողական լինենք այդ ստանդարտների իրականացման, ներդրման եւ պահպանման առումով: Այդ առումով այն շատ եմ կարեւորում եւ կարեւորում եմ, որ մենք հետեւողական լինենք, ոչ թե մեկ որոշում ընդունենք, ասենք՝ մենք մեր անելիքն արեցինք, այլ հետագայում նաեւ տեսնենք՝ այդ որոշումներն ինչպես են աշխատում, աշխատում են, թե չեն աշխատում: Եթե չեն աշխատում կամ լավ չեն աշխատում, պետք է դրանք լավարկենք եւ շարունակենք աշխատել այդ ուղղություններով»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:
ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԱՌԱՋ ԵԿԵԼ
Դեպի Լարսի անցակետ գնացող հայ բեռնատար մեքենաների վարորդներին հաջողվել է շրջանցել Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհը:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիլյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ բեռնատարները մոտ 4-5 օր առաջ կարողացել են Լարս հասնել, բայց երկու օր է, ինչ նոր խնդիրներ են առաջ եկել: Պատգամավորի փոխանցմամբ՝ Լարսի անցակետում բեռնատարների կուտակումներ են ոչ միայն Վրաստանից դուրս եկողների, այլեւ վերադարձողների համար: Ու վարորդները, փաստորեն, թե՛ գնալիս, թե՛ հետդարձին անցակետում ստիպված են լինում օրեր անցկացնել: Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանութունների ու կառավարիչների քայլերին՝ օգնելու համար Լարսի անցակետում խցանման մեջ մնացած մեր հայրանկիցներին, ապա, Դանիելյանի գնհատմամբ, եթե անգամ դրանք կան, ու ինչ-ինչ քայլեր արվում են, միանշանակ, բավարար չեն: Հիշեցնենք, որ Լարսի անցակետը հատել փորձող որոշ բեռնատարներ նոյեմբերի սկզբից են Վրաստանի տարածքում: Այժմ, փաստորեն, թեեւ Լարսի անցակետի թողունակությունը փոքր-ինչ շատացել է, բայց խնդիրն ամբողջությամբ չի լուծվել:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՀՈՎԱՆԱՎՈՐԸ «ԱԿԲԱ»-Ն Է
Հայաստանում ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի եւ դիզայնի նկատմամբ հետաքրքրության զարգացման, ինչպես նաեւ ճարտարագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դեկտեմբերի 11-ին Հայաստանում կանցկացնի «ԱրմՌոբոտիքս 2022» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 14-րդ առաջնությունը:
Առաջնության անցկացման հովանավորը նաեւ «Ակբա» բանկն է:
Մրցույթի շրջանակում ռոբոտաշինության եւ ծրագրավորման իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները կցուցադրեն 3 տարբեր խմբերի բաժանված թիմերը՝ դպրոցահասակների թիմերը (10-17տ.), սկսնակ ընկերությունների թիմերն ու մասնագիտացած ընկերությունները:
Թիմերի ստեղծած ռոբոտները մրցույթի ընթացքում կլուծեն ագրոոլորտին վերաբերող խնդիրներ՝ բերքի հավաքումից մինչեւ սերմերի տնկում, այգիների ու բույսերի ոռոգումից մինչեւ կենդանիների կերակրում: Ռոբոտները նաեւ կկատարեն տնտեսության մշտադիտարկում, ստացվող տվյալների վերլուծություն:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՐՈՒԳՎԱՅՈՒՄ
Կառավարությունն իր երեկվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում հավանության տվեց 2022 թ. օգոստոսի 19-ին ստորագրված ««Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական եւ տեխնիկական անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. օգոստոսից Երեւանում գործում է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը: 2022 թ. օգոստոսի 19-ին Մոնտեվիդեոյում ուրուգվայական կողմին է փոխանցվել Հայաստանի ԱԳՆ հայտագիրը՝ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն բացելու հայկական կողմի մտադրության մասին։ Վերոնշյալ համաձայնագրի նպատակն է բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների աշխատանքային հնարավորությունները: