2022 թվականի բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանին մոտ տասը օր է, ոչ միայն պատշաճ եւ չեմպիոնին հարիր ձեւով չեն դիմավորել հայրենիքում, այլ նաեւ գնահատանքի եւ շնորհավորական խոսքեր չեն եղել կառավարության, ԿԳՄՍ նախարարի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից, ինչն էլ մեծ հիասթափություն եւ վրդովմունք է պատճառել մարզիկին:
«Ոնց հասկացա, ձեզ համար բռնցքամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը 0-է: Եթե էդպես է, էլ ես Հայաստանի եռագույնը չեմ բարձրացնի: Ես միշտ ուզեցել եմ, որ հայ ազգիս ուրախացնեմ, բայց եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ…»,- գրել էր Էրիկ Իսրայելյանը։
Այս առնչույթամբ ArmLur.am-ը զրուցեց նաեւ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արամ Մանուկյանի հետ, որը վստահեցրեց, որ մարզիկին օդանավակայանում ֆեդերացիան դիմավորել է ծաղկե դափնիներով:
Իսկ, ահա, երբ դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն, մեզ ասացին, որ որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի պատասխանեն մեր հարցադրմանը, թե ինչն է եղել մարզիկին չդիմավորելու պատճառը: Իսկ ավելի ուշ մեզ տեղեկացրին, որ այսօր սպասվում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի մոտ հանդիպում բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանի հետ:
Այսպիսով, ստացվում է, որ մինչեւ մարզիկները չաղաղակեն իրենց չգնահատելու փաստը, եւ լրատվամիջոցները չբարձրաձայնեն խնդիրը, ԿԳՄՍ նախարարությունն այդպես էլ ոչինչ չի անի:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞ՒՐ ԵՆ ԿՈՐԵԼ ԻՆԳԱ ԵՎ ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԸ
Ո՞ւր են կորել երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները. այս հարցն այսօր հետաքրքրում է հանրության մեծամասնությանը: Արշակյան քույրերն արդեն մի քանի տարի է, ինչ դադարել են ստեղծագործել: Վերջին տեսահոլովակը՝ «Ապրելու ապրիլ» երգը՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, քույրերը ներկայացրել են 2015 թվականին:
Նշենք, որ Ինգա եւ Անուշ քույրերը հայկական շոուբիզնեսում այն եզակի երգչուհիներից են, որոնք ունեն իրենց բնորոշ գույն ու երանգ:
Արշակյան քույրերից Ինգա Արշակյանն ամուսնացել է, մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, իսկ Անուշ Արշակյանից որեւէ տեղեկություն չկա, քանի որ քույրերը պասիվ են նաեւ սոցիալական հարթակներում:
Հիշեցնենք, որ 2009 թվականին «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել են Ինգա եւ Անուշ Արշակյանները:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿ ԿՈՐՈՒՍՏ
Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը եւս մեկ կադրային կորուստ ունի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչից առաջ։ Կիսապաշտպան Դանիլու Պերեյրան վնասվածքի պատճառով չի կարողանա շարունակել մրցելույթն աշխարհի առաջնությունում։
Նա կվերադառան փարիզյան ՊՍԺ եւ կանցնի վերականգնողական փուլ։ Աշխարհի առաջնությունում վնասվածք էր ստացել նաեւ պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը, որը նույնպես կվերադառնա ՊՍԺ։ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Մարոկկո – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
55-ամյա ճապոնացի ֆուտբոլիստ Կաձույոսի Միուրան ճապոնական «Սուձուկայից» տեղափոխվել է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիվեյրենս»։ Նա ավագագույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է պատմության մեջ։ Առաջին պրոֆեսիոնալ հանդիպումը Միուրան անցկացրել է 1986 թվականին բրազիլական «Սանտոսում»։ Նա հանդես է եկել Բրազիլիայում, Ճապոնիայում, Իտալիայում, Խորվաթիայում եւ Ավստրալիայում։ 2021-ին Միուրան մասնակցել է Ճապոնիայի առաջնության մեկ հանդիպման։
ԹԻՄՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչից առաջ Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի տրամադրվածության մասին։
«Անգլիայի հավաքականում կա վստահություն, որ մենք պետք է հաղթենք այս մրցաշարում։ Դա մտածողության լավ փոփոխություն է։ Գիտակցում ենք, թե ինչքան բարդ խնդիր է աշխարհի գավաթը նվաճելը։ Կա եւս հինգ կամ վեց թիմ այդպիսի հավատով։ Հիմա մենք հավատում ենք մեր հաղթանակին»,- ասել է Մագուայրը:
ԿՈՉ՝ ՀՐԵԱՆԵՐԻՆ
Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը հրեաներին կոչ է արել ներել նացիստ դիկտատոր Ադոլֆ Հիտլերին: Ծայրահեղ աջ ակտիվիստ եւ սյունակագիր Գեւին Մաքիննեսին տված հարցազրույցի ընթացքում Ուեսթը մատնանշել է, որ հրեաները չպետք է դատապարտեն իր տեսակետները։ «Հրեաները չեն կարող ասել ում կարող եմ սիրել եւ ում ո՛չ: Դու չես կարող քո ցավը պարտադրել բոլորին։ Հրեա ժողովուրդը պետք է ների Հիտլերին»,- ասել է արտիստը։ Նա հրեաներին մեղադրել է 3-րդ Ռեյխի ֆյուրերի հեղինակությունը գցելու համար, քանի որ վրդովված էին, որ «Հիտլերն իրենց վտարել էր երկրից»: Արտիստը կրկնել է նաեւ իր նախկին պնդումն այն մասին, որ լրատվամիջոցների մեծ մասը, ինչպես նաեւ բանկերը, անշարժ գույքը եւ առեւտրի կենտրոնները վերահսկվում են հրեաների կողմից: