«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը 21-րդ դարում չի հրաժարվում խորհրդային ավտոմեքենաներից, ավելի կոնկրետ՝ «ժիգուլիներից»: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանի աշխատակազմը մտադիր է վարձակալել թվով 8 տրանսպորտային միջոց, եւ այդ նպատակով քաղաքապետարանը մտադիր է ծախսել 33 մլն 504 հազար դրամ: Այսպես, մեզ պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի աշխատակազմին հաջորդ տարվա համար տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է վարձակալությամբ տրամադրել հետեւյալ մակնիշի ավտոմեքենաները՝ 2008 թվականի արտադրության «Նիսսան X-Տեռռա», 2007թ. արտադրության «Գազ-3102-501», 2004թ. արտադրության «Վազ-21214», 2006թ. արտադրության «Գազ-31105-120», 2012թ. արտադրության «Կիա Սեռատո, 2003թ. արտադրության «Գազ-3102»։ Ի
հարկե, փաստաթղթերով քաղաքապետարանը պահանջել է՝ վարձակալության ողջ ժամանակահատվածում ավտոմեքենաները պետք է լինեն տեխնիկապես սարքին եւ արտաքինից լավ վիճակում, որպեսզի շաբաթվա մեջ՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ շաբաթ, կիրակի եւ տոն օրերին օգտագործվեն: Հարց է՝ ինչքանով կարող է 2004 թվականի սովետական արտադրության ավտոմեքենան որակյալ ծառայություն մատուցել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը նախատեսում է նաեւ հաջորդ տարվա համար վարձակալել թվով 2՝ 2014թ. արտադրության «IRAN KHODRO TU5 1.6» մակնիշի ավտոեմեքենա: Այս երկու ավտոմեքենայի վարձակալության համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել 14 մլն 496 հազար դրամ գումար: Չի բացառվում, որ այս ավտոմեքենաները ինչ-որ մեկին են պատկանում, որոնց դիմաց 650 հազար ԱՄՆ դոլար ամանորյա զարդարանքի վրա ծախսող քաղաքապետարանը գումար է դուրս գրում: Հարց է մնում՝ արդյոք 21-րդ դարում արդյունավետ է «Վազ 21»-ով երթեւեկելը: