Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումների արդյունքում ստեղծված իրավիճակը քննարկելու և Արցախի հանդեպ միջազգային զորակցություն ապահովելու համար 2022թ․ դեկտեմբերի 13-ի երեկոյան, Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը։
Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամի իրական վտանգը և ադրբեջանական՝ էթնիկ զտում և հայրենազրկում հետապնդող քաղաքականության վերջին դրսևորումները։ ՀՅԴ Հայ դատի համակարգի ներկայացուցիչները տեղեկություններ են փոխանցել Հայ դատի աշխարհասփյուռ ցանցի կողմից ձեռնարկված և նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ։
Երկուստեք կարևորվել է ստեղծված ծանր իրավիճակում համազգային ջանքերի կենտրոնացման և համատեղ աշխատանքով մեր ժողովրդի առջև ծառացած գոյութենական մարտահրավերի հաղթահարման կարևորությունը։