Ռուս խաղաղապահները չեն ուզում իրավիճակը հասցնել կրակոցների. Կոնստանտին Զատուլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երրորդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է փակ մնալ եւ 120 հազար արցախցիներ մնացել են շրջափակման մեջ: Այս օրերին եւ հատկապես այսօր մեղադրական հայտարարություններ են հնչում ռուսական կողմի ուղղությամբ, քանի որ ռուս խաղաղապահներն են տեղակայված Լաչինչ միջանցքում:

Այսօր նման հայտարարություններ հնչեցին նաեւ խորհրդարանում: Ավելին, միայն Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների մասնակցությամբ այսօր նաեւ ընդունվեց հայտարարության տեքստ, որում նաեւ ասվում էր. «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում»:

Ի վերջո, ինչ մեղավորություն ունի ռուսական կողմը եւ ինչու չի կարողանում կատարել իր խաղաղապահ առաքելությունը: Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինից:

Նա եւս կիսում էր առկա այն տեսակետը, թե այս ամենը շոու է բնապահպանական ակցիայի անվան տակ: Անդրադառնալով հարցին՝ ինչու ռուս խաղաղապահները որեւէ կերպ չեն միջամտում, նա նշեց. «Ես գիտեմ, որ ռուսական կողմը քայլեր է անում, եւ իրավիճակը կշտկվի: Ինչ վերաբերում է քայլերին, իհարկե ռուս խաղաղապահները չեն ուզում իրավիճակը հասցնել կրակոցների կամ զինված կոնֆլիկտի: Ինչպես հայտնի է, խաղաղապահների առջեւ խնդիր է դրված ապահովել այդ մայրուղու աշխատանքը, եւ նրանք կհասնեն դրան», – նշեց նա:

Ն.Հ.




Լրահոս