Ինչպես տեղկացրել էինք “ժողովուրդի” երեկվա համարում, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել: Ու թեեւ պաշտոնապես այդ մասին դեռ չի հայտարարվում (քանի որ Կարապետյանը դեռեւս մի քանի կանխավ պայմանավորված արարողակարգային հանդիպումներ ունի), սակայն երեկ օրվա ընթացքում արդեն իսկ շրջանառվում էր հաջորդ քաղաքապետի անունը, որն ըստ ամենայնի, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով կղեկավարի նաեւ ՀՀԿ Երեւանի շտաբը: Նկատենք, որ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրը բոլորի համար անսպասելի էր. թվում էր, թե “դրայվով” լի քաղաքապետը վատ չէր աշխատում եւ, դատելով փողոցային առեւտուրը մաքրելու եւ կրպակները ապամոնտաժելու վճռականությունից, ամուր նստած է իր աթոռին ու հեռու ապագային միտված պլաններ է մշակում: Բայց, ինչպես ասում են` ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ավելի կոնկրետ` Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից մոտ 10 ամիս ամիս անց: Իսկ ի՞նչը կարող էր Կարապետյանին ստիպել հրաժարական տալ: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, քաղաքապետի պաշտոնից հեռանալու որոշումը եղել է հենց Կարապետյանինը, եւ ոչ թե Սերժ Սարգսյանինը: Սակայն, դա իհարկե չի նշանակում, որ նույն Ս. Սարգսյանի շրջապատի կողմից չեն կիրառվել հետեւողական եւ անընդմեջ ջանքեր, որոնք ի վերջո կստիպեին Կարապետյանին հոգնել եւ հեռանալ: Սակայն կատարվածի դրդապատճառներն, իրականում բազմաշերտ են, որոնցից առաջնայինը կապված է Ռուսաստանի հետ: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Կարապետյանը այսպես ասած` “Ռուսաստանի մարդն” էր` այդ երկրի բիզնես եւ քաղաքական էլիտայում ունեցած լայն կապերով: Եվ երբ ոչ ՀՀԿ-ական Կարապետյանին նշանակեցին Երեւանի քաղաքապետի պաշտոնում, շատերը կանխատեսում էին, որ նա կլինի ՀՀ հաջորդ վարչապետը: Սակայն ինչպես իր անվանակցի եւ քավորի` ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին նախագահ Կարեն Կարապետյանի դեպքում, այստեղ էլ ակնկալիքները չարդարացան: Մեր ունեցած տեղեկություններով, Կ. Կարապետյանին առաջարկվել է առաջիկա ընտրություններում ակտիվորեն աշխատել ՀՀԿ-ի օգտին` բացառելով որեւէ այլ քաղաքական ուժի, առաջին հերթին քոչարյանամետ ԲՀԿ-ի հանդեպ լոյալությունը` փոխարենը հստակ չխոստանալով վարչապետի պաշտոնը: Կարապետյանն էլ, ով, Ռոբերտ Քոչարյանի կադրն է ու բարեկամը, խորհրդակցելով իր ռուսական հովանավորների հետ, հրաժարվել է նման տարբերակից: Առավել եւս, որ դրա համար կային նաեւ այլ պատճառներ` ի դեմս Սամվել եւ Կարեն Կարապետյանների` Ս. Սարգսյանի ու փեսա Միքայել Մինասյանի հետ ունեցած լարված հարաբերությունների եւ, ամենակարեւորը, առաջիկա նախագահական ընտրություններում անկանխատեսելի հեռանկարների:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ այս հրաժարականը որոշակիորեն պայմանավորված է նաեւ Սերժ Սարգսյանի` Պուտինի հետ ունեցած վերջին գիշերային հանդիպման արդյունքներով: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, վաղը Մոսկվա կմեկնի Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես երեւում է` Քոչարյան-Սարգսյան բեւեռները ձեռնամուխ են լինում ռեսուրսների բյուրեղացմանը:
Թ.Թովմասյան