«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ անսպասելի շրջադարձ տեղի ունեցավ Վանաձորում` հաղթահարվեց մեկ տարի շարունակվող կառավարման ճգնաժամը։ Վանաձորում երեկ ավագանու նիստ է հրավիրվել, եւ հաստատվել է հաջորդ տարվա բյուջեն։ Անցած տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո մեծությամբ երրորդ քաղաքում նիստեր չէին գումարվում, իշխանությունը քվորումի խնդիր ուներ։ Ավագանու արտահերթ նիստեր գումարելու իշխանության նախաձեռնությունները բոյկոտած ընդդիմության երկու անդամ՝ «Մամիկոն Ասլանյան դաշինքից», երեկ ներկայացել է նիստին։
Արդեն մեկ տարի կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքի անդամ Սեյրան Ղամբարյանը հայտարարել է, որ մի քանի օր առաջ կալանավայրում հանդիպել է իրենց առաջնորդի՝ Մամիկոն Ասլանյանի հետ ու նրա հորդորով է այժմ ներկայացել ավագանու նիստին։ Մինչդեռ նրա այս հայտարարությունը եւ առհասարակ ընդդիմադիրների՝ նիստին ներկայանալն անակնկալի են բերել գործընկերներին՝ թե՛ «Ասլանյան դաշինքի» 13 անդամներին, թե՛ նրանց գործընկեր «Հայրենիք» խմբակցության երկու անդամին։ Մեզ ասացին, որ Ասլանյանի թիմակիցները շոկի մեջ են ընկել․ եթե Մամիկոն Ասլանյանը նման հորդոր ուներ, ինչո՞ւ չի ուղղել բոլորին, եթե չի արել, կնշանակի՝ երկու թիմակիցները դավաճանել են ու գործարքի գնացել իշխանության հետ։ Այս անորոշությամբ է պայմանավորված, որ երեկ Ասլանյանի թիմակիցներն ընդհատակ էին անցել` չէին պատասխանում զանգերին:
Թերեւս փորձում են կալանավայրում գտնվող Ասլանյանի հետ կապի դուրս գալ եւ պարզել, թե ինչ է եղել: Իսկ «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանն էլ մեզ փոխանցեց, որ կա մի կողմի հայտարարությունը, իրենք կսպասեն մյուս կողմի՝ Ասլանյանի հայտարարությանը, նոր միայն կարծիք կհայտնեն։ Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո նորընտիր ավագանին համայնքապետ պետք է ընտրեր Մամիկոն Ասլանյանին, սակայն նրան կալանավորեցին, իսկ ավագանի չանցած ԼՀԿ-ն մտավ դատարան՝ վիճարկեց արդյունքները, որ կասեցնի քաղաքի իշխանության ձեւավորումը։ Առանձին հայցով դատարանը կասեցրեց Վանաձորի ավագանու նիստերը։
Այդ ընթացքում կրիմինալ Ակային՝ Արկադի Փելեշյանին, նշանակեցին համայնքապետի ԺՊ, եւ ՔՊ-ն զավթեց համայնքը։ Մինչ երեկ ՔՊ-ն ավագանիում չուներ մեծամասնություն եւ չէր կարողանում նիստեր հրավիրել, որոշումներ կայացնել։ Փաստորեն, ՔՊ-ն երկու ընդդիմադիր «գողանալով»՝ հարցը լուծեց, կամ` Ասլանյանին պատանդ պահելով հասան նրան, որ ազատության դիմաց նա գործարքի գնաց իշխանության հետա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում