Հռիփսիմե Խուրշուդյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը աշխարհի առաջնությունում 4-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնության կանանց 87 կգ քաշային կարգում Խուրշուդյանը պոկեց 108 կգ և հրեց 130 կգ: Երկամարտի 238 արդյունքով Խուրշուդյանը գրավեց 4-րդ տեղը:

Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) (ժամը` 01:30): Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի:

Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհի առաջնության կանանց պայքարում Իզաբելա Յայլյանը (59 կգ) B ենթախմբում հրել էր 90 և պոկել 115 կգ: Երկամարտի 205 կգ արդյունքով Յայլյանը երկու ենթախմբերում գրավել էր 18-րդ տեղը: Իսկ 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հրել 166 կգ և պոկել էր 186 կգ: Երկամարտի 352 կգ արդյունքով ընդհանուր հաշվարկում Կարապետյանը գրավել էր 12-րդ տեղը: Նույն քաշային կարգում Հայաստանի երկրորդ մասնակից Վարդան Մանուկյանը հանդես էր եկել B ենթախմբում և երկամարտի 345 կգ արդյունքով 16-րդն էր: 96 կգ քաշային ծանրորդներից Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը պոկել էր 163 կգ և հրել 205 կգ: Երկամարտի 368 կգ արդյունքով Մկրտչյանը 6-րդն է: Նույն քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը 165 կգ էր պոկել, սակայն տապալել էր հրում վարժությունը` ստանալով 0: Հավաքականի կազմում առաջին մեդալը նվաճել էր Սամվեր Գասպարյանը` դառնալով ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:




Լրահոս