Ռուսական կողմն աշխատում է. հայտարարություններով հարց չեն լուծում. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Այս ընթացքում դատապարտող եւ Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների կողմից, սակայն օրինակ Ռուսաստանի Դաշնությունը, որը խաղաղապահ առաքելություն է իրականացնում հենց այդ սահմանին, մինչ այսօր լուռ էր: Միայն այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, թե Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, ակնկալում է մոտ ապագայում տրանսպորտային կապի լիարժեք վերականգնում:

ArmLur.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը նշում է, թե այս հարցի կարգավորումը հայտարարությունների տիրույթում չէ եւ հետեւաբար ՌԴ-ի կողմից մինչեւ այս արձագանք չէր եղել: «Այստեղ հայտարարություններով հարց չեն լուծում: Եղան հայտարարություններ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից, բայց դրանից հետո ինչ -որ բան փոխվե՞ց, ո՛չ, քանի որ հարցի կարգավորումը գտնվում է բանակցությունների տիրույթում՝ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ: Եվ նրանք այս ընթացքում այդ բանակցություններն իրականացրել են», – նշեց նա:

Ռուս քաղաքագետը չի զարմանում մեզ մոտ առկա հակառուսական տրամադրություններից, ասելով, թե դա նորություն չէ Հայաստանի պարագայում: «Խաղաղապահները պետք  է զուսպ վարք դրսևորեին, չտրվեին սադրանքների, քանի որ հետևանքները կարող էին տարբեր լինել: Ադրբեջանն այսպես նաեւ նպատակ ունի ազդել ռուս խաղաղապահների իմիջի վրա եւ տպավորություն ստեղծել, թե այնտեղ խաղաղապահներ պետք չեն. հարց կառաջանար նրանց այնտեղից ժամանակից շուտ դուրս բերելուն, ինչը չեմ կարծում, թե հայկական կողմի հետաքրքրությունների տիրույթում է: Պատկերացրեք, թե այդ դեպքում ինչ կլիներ», – նշեց նա:

Նա նկատում է՝ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ այժմ Ռուսաստանի Դաշնության հետաքրքրությունների տիրույթում ավելի շատ Ուկրաինան է: «Ռուսաստանը վստահաբար աշխատում է, անում իր գործը, խաղաղապահները եւս եւ պետք է թույլ չտալ, որ հետագա իրավիճակը սրվի:  Ադրբեջանն օգտագործում է այն փաստը, որ Ռուսաստանը գերզբաղված է Ուկրաինայի շուրջ իրավիճակով, և դա հավելյալ խթան է Բաքվի համար ԼՂ-ի հարցում իր գործողությունները սրացնելու համար: Բայց վստահ եղեք, որ բանակցությունները ընթանում են եւ պետք է հասնել նրան, որ իրավիճակն ավելի չվատանա», – հավելեց նա:

Ն.Հ.




Լրահոս