ԵՄ-ն կարող է որոշակի դեր խաղալ. ղեկավարները պետք է ակտիվանան. Լյուքսեմբուրգի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Այս ընթացքում դատապարտող եւ Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից:

ArmLur.am-ը Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ զրուցել է նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ, պատգամավոր Սվեն Կլեմենտի հետ:

-Պարո՛ն Կլեմենտ, արդեն չորրորդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակ է, Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին: Նախ Ձեր տեսակետը՝ տիրող իրավիճակի վերաբերյալ:

-Իրավիճակը դառնում է ավելի ու ավելի անկայուն, քանի որ ըստ հաղորդագրությունների,  տարածաշրջանում բազմաթիվ ակտիվ դերակատարներ կան։ ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել անվտանգ անցում միջանցքով, սակայն կոնֆլիկտների ժամանակ անվտանգությունը հարաբերական է, երբ բազմաթիվ դերակատարներ ունեն բազմաթիվ շահեր եւ դրանք բախվում են՝ մտահոգվելով, որ ռուսները վերահսկում են անցումը և անգամ պատրաստ են ուժով պաշտպանել իրենց շահերը։ Դա կարևոր է: Այս իրավիճակներում կարելի է միայն բանականության կոչ անել:

-Դուք ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:

-Բնականաբար 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ կրակի դադարեցման մասին հայտարարությունը պետք է պահպանվի եւ կողմերը հետեւեն դրան: Ես նույնպես կոչ եմ անում հետեւել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը: Ճանապարհները պետք է բաց մնան, որպեսզի պահեն կապը երկու կողմերի միջեւ: Այդ կերպ, 3+3-ը լավ ֆորմատ եւ քայլ կարող էր լինել, սակայն մասամբ արդյունավետ էր, քանի որ Վրաստանը, հարգելի կպատճառներով, հրաժարվեց մասնակցել այդ ֆորմատին: Այդպիսի ձեւաչափերը կարողանում են համախմբել տարածաշրջանի տարբեր երկրներին եւ բանակցությունների միջոցով հնարավորություն են ստեղծում հասնել մի կետը, որտեղ հարևան երկրներն ունենում են ընդհանուր կետեր: ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման հարցը նույնպես պետք է դիտարկվի և ներառվի ՄԱԿ ԳԱ-ի և ՄԱԿ-ի ԱԽ-ի օրակարգում:

-Միջազգային հանրությունն այնքան էլ ակտիվ չէ եւ դատապարտող հայտարարություններ տեսանք Լաչինի միջանցքը փակվելուց մի քանի օր անց միայն: Ինչո՞ւ է աշխարհը լուռ:

-Վստահաբար կարող ենք ասել, որ եվրոպական երկրներն ու ԵՄ ինստիտուտներն ավելի ակտիվ էին 2020 թվականին, երբ սկսվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Ինձ թվում է՝ Ուկրաինայի կոնֆլիկտով պայմանավորված է այս պասիվությունը: Ներկայումս ԵՄ-ն ապահովում է իր էներգետիկ պաշարները եւ անում է ամեն ինչ, որպեսզի աջակցի Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում: Իհարկե, դա արդարացում չէ, քանի որ ԵՄ-ն կարող է որոշակի դեր խաղալ տարածաշրջանում եւ այդ պատճառով պետք է խառնվի, երբ կոնֆլիկտները ստեղծվում կան կրկնվում են: Այդ պատճառով ես կարող եմ միայն հույս ունենալ, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը եւ տարբեր երկրների ղեկավարները, ինչպիսին օրինակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ժամանակ կգտնեն, որպեսզի Ադրբեջանին վերադարձնեն իրենց ուղու վրա եւ կակտիվանան: Մենք, որպես խորհրդարանականներ, պետք է բարձրացնենք այդ հարցը ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրանից դուրս՝ այլ խորհրդարանականների եւ միջազգային  ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Որքան ավելի շատ ուշադրություն լինի այս թեմային, այնքան ավելի լավ:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս