2020թ․ դեկտեմբերի 28-ին ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի քրվարույթով 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում պարզվել են 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում նաև ասված է․

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 42 և 34-ամյա տղամարդիկ մի խումբ անձանց հետ հիշյալ օրը՝ ժամը 09:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում մասնակցել են Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին։

Դրա ընթացքում նրանք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ինչպես նաև անտեսելով ոստիկանների հորդորները՝ խոչընդոտել են նշված վայրում փողոցի երթևեկելի գոտիով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությանը:

Այդ ընթացքում 34-ամյա տղամարդը նախապես իր հետ բերված հավկիթներով և ձնագնդիկներով հարվածել է պատգամավոր Ա.Ք.-ին սպասարկող ծառայողական ավտոմեքենային:

Այնուհետև մի խումբ մասնակիցներ, շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները խոչընդոտել են աշխատանքի վայր ժամանող ԱԺ պատգամավոր Ս.Գ-ի երթևեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ և հարվածել վերջինիս ավտոմեքենային: Ս.Գ.-ն դուրս է եկել ավտոմեքենայից, որի ընթացքում 42-ամյա տղամարդը և մի խումբ հավաքի մասնակիցները, անտեսելով շրջակայքում զբոսնող քաղաքացիների առկայությունը, հայհոյանքներ հնչեցնելով, հավկիթներով հարվածել են Ս.Գ.-ին, քաշքշել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), իսկ 34-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել քրեական վարույթից վերջիններիս վերաբերյալ մասն անջատել առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ»:




Լրահոս