ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 152

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չգիտեմ, թե ամեն անգամ նիկոլական ստերը հերքելուց հետո որքանով նա կուղղվի, բայց նման է վատ սովորող այն աշակերտին, որին ուսուցիչը, որքան էլ փորձում է 1+1=2 հավասարումը սովորեցնել, շարունակում է այլ բան պնդել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարել էր «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ Նա այդ օրը թղթածրարով էր եկել, որտեղ ներառված էին Փաշինյանի գրառումները եւ պաշտոնական փաստաթղթերը, որոնք վկայում են երկու բան: «Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ստում է, որ Ալմա-Աթայի՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի հռչակագրով, երկու երկրները ճանաչելով տարածքային ամբողջականությունը, այդ թվում պատկերացրել են նաեւ Արցախն Ադրբեջանի կազմում», – ասաց Մանուկյանը՝ ցուցադրելով, թե ինչպես է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տարբեր տարիների ընթացքում շնորհավորել Արցախի անկախությունը. «Իր կարճ ուղեղով շնորհավորել է, որ Արցախն անկախացել է Խորհրդային Միությունից»։ Երկրորդը, պատգամավորի խոսքով, այն է, որ սուտ է Փաշինյանի այն հայտարարությունը, թե, Մադրիդյան սկզբունքներով, Արցախն Ադրբեջանի կազմում է։ Ընդդիմադիր պատգամավորի կողմից բերված այս փաստաթղթերն ու հայտարարությունները եւս մեկ անգամ փաստում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել եւ մանիպուլացրել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել. նրա հետ հատուկենտ մարդիկ են շփվում: Նախկին նախարարը «սեւ ցուցակում» է հայտնվել ՔՊ վարչության ընտրություններից հետո, երբ բարձրացրել է անճշտությունների հարցը, որից հետո էլ ձայների վերահաշվարկ էր անցկացվել, եւ պարզվել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը կեղծիքի արդյունքում անցել էին վարչության կազմ, մինչդեռ իրականում ավելի քիչ ձայն էին ստացել նրանք: Բողոքարկման արդյունքում հենց պատգամավոր Արսեն Թորոսյանը դարձավ վարչության անդամ, եւ ազատ ընտրությունների մասին մշտապես բարձրաձայնող հեղափոխականների կյանքում մեծ բան փոխվեց. նրանք դարձան ընտրակեղծարարներ: Հիմա կուսակցության ներսում Արսեն Թորոսյանի դեմ քայլեր են իրականացվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Ինչպես հայտնի է, ՔՊ վարչության կեղծված ընտրություններում ակտիվ դերակատարություն է ունեցել պատգամավոր Արփի Դավոյանը, որը նաեւ համակարգում է Արսեն Թորոսյանի նկատմամբ ատելության գեներացիան: Այս օրերին խորհրդարանում մեր թղթակիցը նկատում է, որ Թորոսյանը գրեթե միշտ միայնակ է, նրա հետ շատ քիչ մարդիկ են շփվում, անգամ բարեւում: Նաեւ դա է պատճառը, որ նա հետաքրքիր քաղաքականություն է որդեգրել եւ խմբակցության նիստերի, հանդիպումների ժամանակ անգամ ընդդիմադիր ելույթներ է ունենում ու քննադատում իշխանությանը: Մարդ, որը տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարը, որպես նախարար՝ չհաջողեց, հիմա ընդդիմություն է խաղում:

 

 

 

ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը մտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել Պետական վերահսկողության ծառայությանը մանրազնին ուսումնասիրել ծառայության ոլորտը: Եվ, ահա, ՊՎԾ աշխատակիցները զննում են Հայաստանի բանտերի փաստաթղթերը, ուսումնասիրում տարբեր պայմանագրեր, փոխանցումներ, զարտուղի գումարների հնարավոր մուտքերը, որպեսզի հասկանան՝ նոր ծառայության պետ Սերգեյ Ատոմյանից հետո ինչ է փոխվել բանտերում: Ի դեպ, նշենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, որ սեւ ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել, որի առիթով սկսվել է գործընթաց: Բացի այդ, քաղաքական իշխանություններն են ծառայության պետի գործունեության մասով բացասական գնահատական տվել, ուստի չի բացառվում՝ ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, թեեւ նա համակարգ էր մտել՝ առողջացնելու, հեղաշրջում անելու. փաստորեն, չի ստացվում:

 

 

 

Այսօր ավարտվում է Սահմանադրական դատարանի դատավորներ Արեւիկ Պետրոսյանի եւ Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը: Նրանց պետք է փոխարինեն Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը, որոնք արդեն ընտրվել են խորհրդարանի կողմից:  Սակայն Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորները դեռեւս չեն կարող ստանձնել իրենց պարտավորությունները, քանի որ խորհրդարանում դեռ չեն երդվել, իսկ դա ամրագրված է Սահմանադրական դատարանի մասին օրենքում: Մասնավորապես, օրենքում ասվում է. « Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների դադարման օրը: Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է երդում»: Եվ ահա. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, խորհրդարանից փոխանցել են, թե հաջորդ շաբաթ Ազգային ժողովի արտահերթ նիստեր են լինելու եւ նորընտիր դատավորները կհասցնեն երդվել ու ստանձնել պաշտոնը: ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով, ծրագիր է եղել միջոցառում կազմակերպել եւ այդպես հրաժեշտ տալ հեռացող դատավորներին, ընդունել նորերին, սակայն մտավախություն է եղել, որ միգուցե հին ու նորերը չցանկանան միմյանց տեսնել եւ արդյունքում որոշում է կայացվել այդ կերպ հանձնում-ընդունում չկատարել:




Լրահոս