«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իմ հայտարարած բանաձեւով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում ես, ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությունը»,- 2020 թվականի մայիսի 10-ին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարության օրերին եւ դրանից հետո էլ ակնհայտ էր, որ խաղաղության օրակարգ փաստացի գոյություն չունի: Դրա վառ ապացույցն այն հանգամանքն է նաեւ, որ Ադրբեջանն արդեն հինգ օր է՝ փակ է պահում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը կարող է հանգեցնել հումանիտար աղետի: Եվ չնայած մինչ այս Փաշինյանը խոսում էր խաղաղության մասին, սակայն արդեն երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, իր ելույթում մի քանի կետերով մեղադրեց ադրբեջանական կողմին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու համար:
Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարեց, թե պատրաստ է կատարել եռակողմ հայտարարության դրույթները: «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը, հիշեցնեմ, տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է: Եռակողմ հայտարարությունն այս գործընթացում Հայաստանի Հանրապետության սուվերենության որեւէ սահմանափակում չի նախատեսում, եւ, հետեւաբար, Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նաեւ շահագործմանը, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»,- նշել էր նա:
Այսինքն՝ նա ժողովրդին խոստացել էր խաղաղություն, սակայն չիրականացրեց դա՝ կրկին խաբելով ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում