Բելգրադը ՆԱՏՕ-ի KFOR (խմբ. Kosovo Force, ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ գործող միջազգային ուժեր, որոնք պատասխանատու են Կոսովոյում կայունության ապահովման համար) առաքելության հրամանատարությանն Է հանձնել խնդրագիր՝ Կոսովո և Մետոքիա մտցնել սերբական բանակի և ոստիկանության սահմանափակ զորակազմ, հաղորդել է Սերբիայի հեռուստառադիոընկերությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Մերդարե վարչական անցակետում KFOR-ին Է հանձնվել Սերբիայի կառավարության խնդրանքը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի համաձայն Կոսովո և Մետոքիայի տարածք Սերբիայի անվտանգության ուժերի 100-1000 աշխատակիցներ վերադարձնելու վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ: ՆԱՏՕ-ին դիմելու պլանների մասին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել Էր այս գիշեր: Դրա հետ մեկտեղ նա նշել Էր, որ խնդրանքը, հավանաբար, մերժվելու է։
Կոսովո և Մետոքիայում լարված իրադրությունը պահպանվում է. ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը դեկտեմբերի 13-ին հայտնել էր, որ կենտրոնական Սերբիա տանող Յարինե և Բռնյակ անցակետերն անորոշ ժամանակով փակ են այն պատճառով, որ «ճանապարհներին արգելապատնեշները խանգարում են տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժին»։ Սերբիայի սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում Սերբիայի հարակից Ռասկա մունիցիպալիտետում ռազմական տեխնիկայի տեղաշարժի և երկրի ռազմաօդային ուժերի Ми-35 ուղղաթիռների թռիչքի մասին։