Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Ստեփանակերտի տուն ինտերնատ» ՊՈԱԿ:
Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ-ից, նշելով, որ ներկայացուցիչներն արձանագրել են հումանիտար ճգնաժամի պայմաններում հաստատությունում պահվող անձանց խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից օրեր շարունակ Արցախը շրջափակման մեջ պահելու և գազի մատակարարման դիտավորյալ դադարեցման հետևանքով:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։