168 ժամ է արդեն, որ բլոկադայի մեջ ենք, կյանքը շարունակվում է, գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ: Այս մասին այսօր իրուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ երկու օրերին եղել է Մարտակերտում, Մարտունիում, իսկ այսօր լինելու է Ասկերանում. «Մարտունիի հանդիպումն ինձ մի քանի հետաքրքիր մտքերի եւ եզրակացությունների բերեց: Ուրախ եմ, որ այդքան մարդ էր հավաքվել, ֆորմատը, կարծում եմ՝ այնքան էլ չստացվեց, որովհետեւ դոմինանտ մի քանի մարդ էր հարց տալիս: Ստացվեց, որ նրանք իրենց ակտիվությամբ հնարավորություն չտվեցին, որ մյուս մարդիկ էլ հարցեր տան: Մարտունեցիներն իրենք պետք է այնպես կազմակերպեն, որ հասկանան, որ դա աշխատում է իրենց համար»,-ասաց նա: