Իրանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի իշխանությունները պատրաստ են կարգավորել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, երբ համարեն, որ Էր Ռիադը պատրաստ է դրան։ Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները կշարունակվեն նախկին ուղով, մենք պատրաստ ենք գնալ պաշտոնական դիվանագիտության ուղով, կրկին բացել երկու երկրների դեսպանատները և վերադառնալ նորմալ հարաբերությունների, երբ սաուդյան կողմը պատրաստ լինի դրան», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, երբ նրան հարց են ուղղել դեկտեմբերի 20-ին Համագործակցության և գործընկերության բաղդադյան երկրորդ խորհրդաժողովի հարթակներում սաուդցի իր պաշտոնակցի հետ հանդիպման հնարավորության մասին: Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Թեհրանը միշտ ողջունել է համագործակցությունն ու փոխգործակցությունը տարածաշրջանի և Պարսից ծոցի երկրների հետ։

Ըստ Աբդոլլահիանի՝ Ամմանում դեկտեմբերի 20-ին կայանալիք համաժողովը «կարող է հարթակ ստեղծել տարածաշրջանում մարտահրավերների հաղթահարման համար», այս հանդիպման կարևոր ելակետը «պետք է լինի տարածաշրջանային համագործակցության շեշտադրումն՝ առանց արտաքին միջամտության»:

Դեկտեմբերի 17-ին IRNA գործակալությունը հաղորդել էր, որ Ամմանի համաժողովի շրջանակներում կարող է կայանալ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Սակայն այսօր Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուիչ Նասեր Քանաանին հայտարարել Է, որ համաժողովին կմեկնի Աբդոլլահիանը։ Ըստ գործակալության՝ իրանական և սաուդական կողմերի հանդիպման ծրագիր համաժողովի կուլուարներում դեռ որոշված չէ:




Լրահոս