Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին:
Դեկտեմբերի 4-9-ն անցկացվող միջոցառմանը ներկայացել են պատվիրակություններ ավելի քան 30 երկրներից: Հայկական կողմից համաժողովին մասնակցում են ԿԳՄՍ եւ Շրջակա միջավայրի նախարարությունների, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ու Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները:
Հայաստանը նախապատրաստել է երկու զեկուցում Մետաքսի մեծ ճանապարհին միջնադարյան Հայաստանի դերի եւ պատմահնագիտական ժառանգության պահպանության ոլորտում ունեցած փորձի մասին:
Այցի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է նաեւ Կազանի ժողովուրդների բարեկամության տան հայկական կենտրոնի ղեկավարությանը եւ ծանոթացել գործունեությանը:
Թաթարստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են երկու երկրների հաջող փորձը եւ համագործակցության հեռանկարները:
ԱՊՕՐԻՆԻ ԿՐՊԱԿԸ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՑ
«Հայաստանի ազգային պատկերասրահ», «Հայաստանի պատմության թանգարան», «Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ների ղեկավարներն օրերս դիմել էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ միջնորդություն ներկայացնելու Երեւանի քաղաքապետարան Հանրապետության հրապարակի տարածքում թանգարանի կամարների երկու սյան մեջտեղում տեղադրված առեւտրային կրպակն ապամոնտաժելու առաջարկով:
Արձագանքելով նախարարի դիմումին՝ դեկտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետարանն ապամոնտաժել է վերոնշյալ առեւտրային կրպակը՝ վերականգնելով հանրապետական նշանակության հուշարձանի եւ ազգային թանգարանների բարենպաստ տեսքը:
ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, «Ֆլումինենսեի» նախկին ավագ Ֆրեդը հաղթանակ է մաղթել բրազիլացիներին՝ հույս հայտնելով, որ կիսաեզրափակիչում կլինի Բրազիլիա- Արգենտինա դիմակայություն։ «Ցանկանում եմ տեսնել Բրազիլիա – Արգենտինա կիսաեզրափակիչ։ Ցանկանում եմ տեսնել իրարանցում, խառնաշփոթ, Նեյմարի խաղն ու Մեսիի արցունքները»,- ասել է Ֆրեդը: Քառորդ եզրափակիչում Բրազիլիան կմրցի խորվաթների, Արգենտինան՝ հոլանդացիների հետ։ Այս դիմակայությունների հաղթողները կիսաեզրափակիչում կխաղան իրար դեմ։
ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՌԵԿՈՐԴԸ
Աշխարհի եռակի չեմպիոն, լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն իր սոցիալական ցանցի գրառումով շնորհակալություն է հայտնել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին աջակցության համար։ ՊՍԺ-ի 23-ամյա ֆուտբոլիստը թվիթերյան գրառումով հայտնել էր, որ աղոթում է ֆուտբոլի արքայի առողջության համար։ «Շնորհակալություն Կիլիան Մբապե։ Ես ուրախ եմ, որ դու գերազանցել ես իմ հերթական ռեկորդը աշխարհի առաջնությունում, ի՛մ ընկեր»,- գրել է 82-ամյա Պելեն։ Մբապեն աշխարհի առաջնություններում խփել է 9 գոլ եւ դարձել այդ ցուցանիշով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (23 տարեկան եւ 349 օրական) պատմության մեջ։ Նա գերազանցել է Պելեի ռեկորդը՝ աշխարհի առաջնություններում 7 գոլ մինչեւ 24 տարեկան դառնալը։
«ՅՈՒՆԻՍԵՖ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ
«Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան դեկտեմբերի 9-ին նշանակվեց «ՅՈՒՆԻՍԵՖ» Հայաստանի դեսպան։ Մալենան «ՅՈՒՆԻՍԵՖ»-ին եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին միացել էր Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի մեկնարկին։ «Դեռահասությունը հատուկ ժամանակաշրջան է երեխայի կյանքում եւ, ինչպես ասում են, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ում՝ հնարավորությունների կարեւոր պատուհան՝ օգնելու երեխաներին զարգացնել ապագայի համար անհրաժեշտ շատ կարեւոր հմտություններ եւ կարողություններ։ Մենք աշխատում ենք մի շարք նախաձեռնությունների վրա՝ երիտասարդներին հզորացնելու, նրանց 21-րդ դարի հմտություններ սովորեցնելու, համայնքային խնդիրներին մասնակցությունը խթանելու եւ նրանց ձայնը լսելի դարձնելու համար՝ կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության եւ շատ այլ կարեւոր հարցերի շուրջ։ Ես ուրախ եմ ողջունելու Մալենային «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի թիմում՝ որպես մեր նոր դեսպան։ Միասին մենք կանենք հնարավորը, որպեսզի երիտասարդների ձայնը լսելի դառնա»,-իր խոսքում նշեց Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ 15-ամյա Մալենան «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ամենաերիտասարդ ազգային դեսպանն է։ Երգչուհին նշեց, որ ոգեշնչված է ու պարտավորված այս նշանակման առթիվ։