ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «2020 թվականի նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը, ահազանգել է, որ գերեվարված Վիգեն Էուլջեքյանը ենթարկվում է ծեծի, խոշտանգումների, անմարդկային եւ դաժան վերաբերմունքի եւ ունի հրատապ օգնության կարիք։ 1 շաբաթ առաջ էլ Վիգենի հետ խոսել է մայրը։ Վերջինս պնդում է, որ որդու կյանքին վտանգ է սպառնում, քանի որ հիվանդ է եւ հրաժարվում է սնունդ ընդունել. Վիգենը 95 կգ էր, ապօրինի բանտարկության ընթացքում դարձել է 45 կգ: Հեռախոսազրույցի ընթացքում որդին խնդրել է մորը փրկել իրեն, ազատել մահից։
Ադրբեջանական այս հանցագործություններն ամբողջությամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնեւի կոնվենցիայով ամրագրված արգելքները։ Մասնավորապես՝ Կոնվենցիայում արձանագրված է, որ ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած ակտը կամ անգործությունը, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են եւ կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նաեւ բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը։ Օրական հիմնական կերաբաժինն իր որակով, քանակով, բազմազանությամբ պետք է բավարար լինի այն բանի համար, որպեսզի պահպանվի ռազմագերիների առողջության բարվոք վիճակը, եւ թույլ չտրվեն նրանց քաշի կորուստ կամ երեւույթներ` կապված սննդի անբավարար լինելու հետ:
Գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար, ուստի հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային իրավասու օղակներին, որոնցով՝
– պահանջել եմ հստակ քայլեր եւ թիրախային գնահատական հայ գերի Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ,
– խնդրել եմ իրենց ուժերի առավելագույնը ներդնել հայ ռազմագերիների հայրենադարձման գործընթացը հնարավորինս շուտ իրականացնելու նպատակով՝ դաժան, անմարդկային վերաբերմունքից եւ խոշտանգումներից նրանց ձերբազատելու համար,
– խնդրել եմ միջնորդել իմ եւ Վահե Էուլջեքյանի հեռախոսային զրույցի կազմակերպմանը։
Միջազգային կառույցներին եւս մեկ անգամ ահազանգում եմ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձումը Ժնեւյան կոնվենցիայով սահմանված պարտավորություն է Ադրբեջանի համար, որի իրականացման համար ձեւավորվել է միջազգային հանրության ուղիղ միջամտության հրատապ անհրաժեշտությունը՝ ի պաշտպանություն հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի։ Գործե՛ք, քանի դեռ շատ ուշ չէ»։
ԿՆՇԱՆԱԿԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Դեկտեմբերի 8-ի կառավարության նիստում վարչապետը խոսեց «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի մասին։ Ըստ այդմ՝ Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն, որը կգործի վարչապետի ենթակայության ներքո։ «Նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները եւ ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»,- այդ ժամանակ նիստին նշել էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը: Համապատասխան նախագիծն արդեն ներկայացվել է Ազգային ժողով: Հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն: Օրենքի հոդված 18-ն ամրագրում է, թե ով է իրավասու նշանակել արտաքին հետախուզության պետին:
«Հոդված 18. Ծառայության ծառայողներին պաշտոնի նշանակումը
- Ծառայության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:
- Ծառայության պետի տեղակալներին Ծառայության պետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը»:
Նկատենք, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Հնարավորություն կընձեռվի Արտաքին հետախուզության ծառայությունը համալրել նաեւ այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊՈՒՏԻՆ-ԱԼԻԵՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ. այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են ղարաբաղյան հարցի շուրջ առկա բանակցություններին: «Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը՝ ներառյալ տնտեսական եւ լոգիստիկ կապերի վերականգնումը Կովկասում»,- ասվում է հայտարարությունում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները:
ԱՆԿՈՒՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել «Դվին» ռեստորանային համալիրում, քավորն էլ եղել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նստել են մի սեղանի շուրջ իրենց կանանց հետ: Տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անտրամադիր է եղել, ոչ մեկի հետ չի խոսել եւ, կարծես թե, նրա մասնակցությունը հարսանեկան արարողությանը ձեւական է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բոլոր ներկա ՔՊ-ականների համար զարմանալի է եղել, որ Տրդատ Սարգսյանը կարող էր իրեն այդպիսի ճոխ հարսանեկան արարողություն թույլ տալ: Ներկաները միաբերան ընդգծել են, որ հարսանեկան արարողությունն իսկապես շքեղ եւ ճոխ է եղել: Ընդգծենք նաեւ, որ Տրդատ Սարգսյանի հարսանեկան արարողության հյուրերը երկար չեն մնացել, եւ դրա պատճառներից մեկն այն է եղել, որ Նիկոլ Փաշինյանն է անտրամադիր եղել: Ներկաների մի հատվածն ասում է, թե սահմանային լարված իրավիճակն է նրա տրամադրության անկման պատճառը եղել. հենց այդ օրն են փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իմացել, որ իրենք պետք է ինքնակամ հրաժարական տան եւ հեռանան մեկը փոխվարչապետի, մյուսը՝ նախարարի պաշտոնից: Դումանյանը հարսանեկան արարողությանը ներկա է եղել դստեր հետ: Եթե ամփոփելու լինենք, ապա կարող ենք ընդգծել, որ հարսանեկան արարողությանը ներկա բոլոր պաշտոնյա հյուրերն անտրամադիր են եղել:
ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵԼ Է
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել»: Նախարարի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Արմֆարմացիա»-ն, դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ խնդրել Առողջապահության նախարարության նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցել արգելված պետական օժանդակության եւ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վանաձորի եւ Գորիսի բժշկական կենտրոնների կողմից կազմակերպված գնումների մրցույթների հաղթող ճանաչվել է դեղ ներմուծող եւ վաճառող «Վագա ֆարմ»-ը, ինչը դժգոհություն է առաջացրել «Արմֆարմացիա»-ի մոտ: Այս ընկերությունը դիմել է Առողջապահության նախարարություն եւ հայտնել, որ «Վագա ֆարմ»-ի կողմից գնման պայմանագրերով նախատեսված եւ մատակարարված «Ֆրաքսիպարին» դեղը գրանցման հավաստագրի իրավատիրոջ մասով չի համապատասխանում ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղի գրանցման իրավատիրոջը, եւ պահանջել է պարզաբանում տալ: Իր հերթին նախարարությունից պարզաբանել են, որ «Վագա ֆարմ» ընկերության կողմից ներմուծվող «Ֆրաքսիպարին» դեղի գրանցման վավերապայմանները, բացառությամբ գրանցված հավաստագրի իրավատիրոջ վերաբերյալ տեղեկատվության, համապատասխանում են ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղի վավերապայմաններին: Այս պատասխանից հետո «Արմֆարմացիա»-ն դիմել է հանձնաժողով, սակայն անպտուղ: Ըստ հանձնաժողովի՝ նախարարության կողմից «Վագա ֆարմ» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման փաստը հաստատված չէ, եւ որոշվել է Առողջապահության նախարարության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը մերժել: