ԱՐՑԱԽԻՑ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով:

 

Նախ՝ մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը եւ հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, եւ կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է:

Կարեւոր անելիքներ ունեն նաեւ միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, եւ Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման:

Արցախը եղել է եւ կլինի հայկական մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արտակ Բեգլարյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը Շուշիի հատվածում արդեն շուրջ 5 ժամ:

«Քաղաքացիական» ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հանցագործություններ են իրականացնում ադրբեջանական պետության ու ալիեւյան ռեժիմի անունից: Այս միջոցով Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել մեր լիովին շրջափակված 120,000 բնակչությանը, ինչպես նաեւ հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը:

Ադրբեջանական կողմը չարաչար սխալվում է ճնշման այս միջոցի կիրառման հարցում, եթե մտածում է, որ դրա հետեւանքով զիջման ենք գնալու մեր արժեքների, սկզբունքների ու իրավունքների հաշվին: Մեր վճռականությունն անկոտրում է մեր սեփական հայրենիքում ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու առումով»:

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նույնպես անդրադարձել է խնդրին.

«Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ադրբեջանական կողմը 2-րդ անգամ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին:

Աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի եւ ապրելու իրավունքը:

Փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդում է մի քանի նպատակ.

l փոխել ստատուս քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո,

l վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը,

l ստուգել մեր զգոնությունը, եթե բացակայում է, հայաթափել Արցախը:

Կոչ ենք անում միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները եւ ադեկվատ զսպման մեխանիզներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Դիմում ենք ՀՀ իշխանություններին եւ ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին, հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի»:

Հայտարարությամբ են հանդերձ եկել նաեւ Արցախի ԱԺ խմբակցությունները.

«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Դիմում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիներին` ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն, որպեսզի միասնական ջանքերով կանխենք ադրբեջանցիների ցանկացած սադրիչ գործողություն: Իր գոյապայքարի ընթացքում բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը այս անգամ էլ կդիմակայի առկա եւ ապագա մարտահրավերներին: Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները: Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները»:

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Պարզվել են 2021թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի սպանության դեպքի հանգամանքները:

Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ նշված օրը` ժամը 09:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում՝ դիտակետի ներսում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում՝ զրույցի ժամանակ, պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ն հայհոյանքներ է հնչեցրել համածառայող Է.Բ.-ի հասցեին։ Դրանից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինս իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի ապահովիչը դնելով մենահատ դիրքի վրա, լիցքավորել է այն եւ մեկ կրակոց արձակել Մ.Թ.-ի ուղղությամբ: Վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Է.Բ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին): Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, որը քրեական վարույթի նյութերի հետ ուղարկվել է դատարան՝ գործն ըստ էության քննելու համար։

 

 

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 8-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել եւ գծային բաժին է տարվել Հովհաննես Ե.-ն, որը ապրիլի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

 

 

 

ՊԱՅԹԵՑՐԵԼ Է

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` երեկ` դեկտեմբերի 11-ին, Շինուհայր գյուղի բնակիչ 57-ամյա Պ. Ս.-Ն ինքնասպանություն է գործել՝ իր տանը կից հողատարածքում նռնակը պայթեցնելով: Մեզ բնակիչները հայտնեցին, որ քաղաքացին միայնակ էր բնակվում եւ մասնակցել էր արցախյան երկու պատերազմներին, հարեւանին հրահանգել է չմոտենալ, հեռանալ տարածքից, որից հետո նրա աչքի առաջ պայթեցրել է նռնակը:

 

 

 

ԽԵՂԴԵԼ Է ՏԱՏԻՆ

Երեկ առավոտյան սպանություն է տեղի ունեցել Աբովյան քաղաքում: ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` երեկ` դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում,  Աբովյան քաղաքում սպանություն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ առողջական խնդիրներ ունեցող թոռը խեղդամահ է արել մոտ 80 տարեկան տատին եւ դիմել փախուստի: Ի դեպ, ArmLur.am-ի հայտնի դարձավ, որ թոռը բնակվում է այլ հասցեում, ազգությամբ եզդի է:

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԸՆԿԵՐՈՋԸ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ սպանություն է տեղի ունեցել Չարենցավան քաղաքում: Երկու տղամարդիկ, որոնք ընկերներ են եղել,  վիճել են միմյանց հետ, որից հետո նրանցից մեկը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ընկերոջը: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ դանակի հարվածներ ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: Ի դեպ, ըստ լուրերի, վիճաբանած տղամարդիկ գինովցած են եղել:

 

 

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Այս տարվա հունիսի 23-ին, կառավարության որոշմամբ, հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը: Վարժական հավաքներին կներգրավեն մինչեւ 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, հրթիռահրետանային մասնագիտություններով: Հավաքներից խուսափողներ են եղել, որոնք հայտնվել են դատարանում: Եղիա Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Երեւանի թիվ 2 ստորաբաժանումում՝ որպես պահեստազորային, 24.06.2022թ. ներկայացել է ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Երեւանի թիվ 2 տարածքային ստորաբաժանում, սակայն հրաժարվել է ՀՀ կառավարության 23.06.2022թ. թիվ 941-Ն որոշմամբ՝ օգոստոսի 01-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը հայտարարված վարժական հավաքին մասնակցելուց՝ չստանալով վարժական հավաքի վայր մեկնելու համար ծանուցագիրը, եւ խախտելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները՝ խուսափել է 2022թ. օգոստոսի 01-ից մինչեւ 2022թ. հոկտեմբերի 30-ն անցկացվող վարժական հավաքներից՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս