Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը կշարունակվի մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը միաժամանակ նախատեսում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների շրջանակը՝ դրանցում ներառելով ՊՈՍ-տերմինալներից բացի նմանատիպ այլ սարքերի միջոցով կատարված անկանխիկ վճարումները, օրինակ՝ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կայքերի միջոցով առցանց գնումներ կատարելիս կամ առցանց կոմունալ վճարներ վճարելիս։ Ի դեպ, այս տարվա սեպտեմբեր ամսին հետվճարի գումարը կազմել է շուրջ 120 մլն դրամ, հոկտեմբերին՝ 131 մլն դրամ, նոյեմբերին՝ 167 մլն դրամ։
Նշենք, որ հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբեր ամիսն անկանխիկ գործարք են կատարել շուրջ 49 հազար 978 կենսաթոշակառուներ: Արդյունքում առկա են շուրջ 1 մլրդ 950 մլն անկանխիկ գործարքներ, որի դիմաց ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է հետվճար՝ շուրջ 195 մլն դրամ, որը յուրաքանչյուր թոշակառուի հաշվարկով կազմում է միջինը 3100 դրամ։
Նշենք, որ կենսաթոշակառուների ծախսերն ուղղվել են առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերմանը՝ դեղորայք, սննդամթերք եւ կոմունալ վճարումներին:
«Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ընտանեկան ու սոցիալական նպաստների, ինչպես նաեւ հրատապ օգնության վճարումը կատարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։
Վճարող բանկն ընտրում է ընտանիքի չափահաս այն անդամը, ով ներկայացնում է համապատասխան նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմում: Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ընտանիքի չափահաս անդամի 75 տարին լրացել է, կամ նա ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ: Այս դեպքում նպաստ նշանակելու դիմումը ներկայացնող անձն ինքն է ընտրում վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ. այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Համակարգը կներդրվի փուլերով. քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում 2023թ. փետրվարի 1-ից հետո նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմում ներկայացնելու դեպքում վճարման եղանակը կորոշվի՝ հաշվի առնելով դիմում ներկայացրած անձի տարիքը կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանգամանքը։ Կանխիկ եղանակով ստացողները վճարման եղանակը փոխելու եւ բանկ ընտրելու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն։
Եթե մինչեւ 2023թ. փետրվարի 1-ը ներկայացված դիմումների հիման վրա քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում նշանակված նպաստը կամ հրատապ օգնությունը 2023թ. փետրվարի 1-ից հետո կշարունակվեն վճարվել կանխիկ եղանակով, եւ եթե չի ներկայացվի վճարման եղանակը փոխելու ու բանկ ընտրելու դիմում, ապա 2023թ. հուլիսի 1-ից գումարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ ծրագրային գործիքով ընտրված բանկի միջոցով։ Բացառություն կկազմեն այն անձինք, ում 75 տարին լրացել է, կամ նա ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներն են փոխանցում: «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ էր գրել, որ Մաթեւոսյանի գլխին սեւ ամպեր են կուտակված, ու կառավարությունը մտադիր է հրաժեշտ տալ նրան: «Չի բացառվում՝ Փաշինյանն առաջիկայում նրան հրաժարական տալու դիմում գրել տա»,- գրել էր թերթը: ArmLur.am-ի տեղեկություններով՝ փոխվարչապետի՝ հրաժարական գրելու դիմումը կապված է եղել Բրյուսովի անվան պետական համալսարանի՝ վերջերս կայացած ռեկտորի ընտրությունների հետ, ինչի ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել էր: Բանն այն է, որ Համբարձում Մաթեւոսյանը Բրյուսովի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել, որ իրենց ցանկալի թեկնածուն (ըստ երեւույթին՝ Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը) չի ընտրվել: Չնայած իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ ու ծածուկ ճնշումներին՝ դեկտեմբերի 9-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն անգամ սեփական լրատվամիջոցներով էին փորձում ստվերել Հարությունյանի գործունեությունն ու ռեկտորի ընտրություններից մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով գրում էին Պետական վերահսկողական ծառայության՝ բուհում իրականացրած ստուգումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 9-ին գրել էր նաեւ, որ Բրյուսովում ռեկտորի պաշտոնում սեփական թեկնածուին ունենալու ակնկալիքով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ուսանողների, նրանց ծնողների վրա տարբեր ճնշումներ բանեցնելով, փորձում էր Գյուջինյանի համար ճանապարհ հարթել, ինչը, փաստորեն, չի ստացվել. բուհի խորհուրդը նախընտրել է գործող ռեկտորին:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԹՎԱՔԱՆԱԿԸ ՊԱԿԱՍԵԼ Է
Հայաստանի բնակչությունը վերջին 10 տարիների ընթացքում 60.000-ով պակասել է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 10 տարիների ընթացքում ՀՀ բնակչության թվաքանակը 3 մլն 21 հազար 400-ից պակասել է՝ դառնալով 2 մլն 961 հազար 400: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանը բնութագրվում է բնակչության նվազումով եւ ժողովրդագրական ծերացմամբ, ինչը պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակով եւ արտագաղթի բարձր տեմպերով:
Օրինակ՝ 2021 թվականին Հայաստանում զգալիորեն կրճատվել է տղամարդկանց եւ կանանց կյանքի միջին տեւողությունը, շարունակել է աճել կանանց եւ տղամարդկանց ամուսնության միջին տարիքը եւ ավելի քիչ երեխաներ ունենալու միտումը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԵԼ Է
Տավուշի մարզպետարանի ինտերնետային, պաշտոնական կայքը հայտնում է. «Դեկտեմբերի 8-9-ը Տավուշի մարզպետարանի հանդիսությունների դահլիճում եւ կից ուսումնական կենտրոնում կազմակերպվել էր «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» տվյալների ցուցահանդես։ Ցուցահանդեսի նպատակն էր հանրամատչելի ձեւով ներկայացնել աղքատության եւ սոցիալական ծառայությունների վերաբերյալ Տավուշի մարզում իրականացված հետազոտությունների արդյունքները։ Մուտքն ազատ էր։ Ցուցահանդեսի մասնակիցները ինտերակտիվ ձեւաչափով ծանոթացան արդյունքներին, մեթոդաբանությանն ու քննարկեցին ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։ Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» 3-ամյա ծրագրի շրջանակներում։ Սննդամթերքի եւ այլ ապրանքների, տարբեր ծառայությունների գնաճի, Տավուշի մարզում աճեցրած գյուղատնտեսական մթերքների իրացման դժվարությունների պատճառով Տավուշում վերջին տարիներին աղքատությունն ավելի է աճել։ Տավուշի մարզպետարանի շենքի տարածքում բացված ցուցահանդեսի մուտքը ազատ չէր կարող լինել, քանի որ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանի օրոք մարզպետարանի շենքի առաջին հարկում մետաղյա արգելափակոց են տեղադրել՝ փակելով քաղաքացիների մուտքը:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ
Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելի մուտքի մոտ գտնվող երկու փակ զուգարանները մեր կենցաղային անտիմշակույթի նյութական վկայություններ են։ Զուգարաններից մեկը կառուցվել է տարիներ առաջ ինչ-որ ծրագրով, այն երկու մուտք ունի՝ տղամարդկանց եւ կանանց համար։ Մյուս զուգարանը թիթեղից սարքված անշուք պետքարան է։ Ճանապարհային դեպարտամենտին չի մտահոգում, որ միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող զուգարանները տարիներ շարունակ փակ են։ Տավուշի մարզում զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող հուշարձաններ կան՝ Հաղարծին եւ Գոշավանք վանական համալիրները, Մակարավանքը եւ այլն, այդ ճանապարհով նաեւ շատ օտարերկրացի զբոսաշրջիկներ են երթեւեկում։ Կառավարության եւ Էկոնոմիկայի նախարարության շենքերի զուգարանները պետական բյուջեի տասնյակ միլիոնավոր դրամներով վերանորոգում են, իսկ միջպետական ավտոճանապահի եզրին գտնվող զուգարանները ո՞վ պետք է նորոգի, դրանց տիրություն անի։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ