ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 154

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունիսի 15-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանրաքվեի կամ պլեբիսցիտի մասին, ինչպես այն հիշատակվում է բանակցային փաստաթղթերում։ «Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի նշվում, թե հանրաքվեն ԼՂ-ում է տեղի ունենալու։ Ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին։ Ավելի կոնկրետ ասվում է՝ համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է ԼՂ ամբողջ բնակչությունը, այսինքն՝ ԼՂ ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ»,- այդ նիստին ասել էր Փաշինյանը։ Այս թեզը Փաշինյանը վերջին շրջանում բավականին ակտիվորեն էր տարածում, սակայն «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է հանրաքվեի հնարավոր արդյունքները՝ ասելով, թե «Լեռնային Ղարաբաղի տարածքի» փոխարեն փաստաթղթերում նշված է եղել «Լեռնային Ղարաբաղի բնակչություն»։ Փաստն այն է, որ Արցախի (ԼՂԻՄ-ի) հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում 1986 թվականի Սովետական Միության անցկացրած մարդահամարով։ Հայերը Արցախում 1986-ին շուրջ 103 հազար էին կամ բնակչության ընդհանուր թվի 85 տոկոսը, ադրբեջանցիները 17 հազար էին կամ միայն 14 տոկոսը։ Համամասնությունը մի փոքր տարբեր է առկա հաջորդ՝ 1989 թվականի տվյալներով. հայ բնակչությունը Լեռնային Ղարաբաղում կրկին  բացարձակ մեծամասնություն էր կազմում՝ 76.տոկոս, ադրբեջանցիները՝ 21.5 տոկոս, եւ 1 տոկոսը՝ ռուսներ։  Այսպիսով, իր ելույթով Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե «համաժողովրդական» արտահայտությունը նախկին իշխանությունները օգտագործել են որպես միայն «հայկական հանրաքվե», եւ թե իրականում դրան պետք է մասնակցեին նաեւ ադրբեջանցիները: Ըստ Մադրիդյան սկզբունքների՝ պլեբիսցիտին ցանկացած պարագայում մասնակցելու էին 1988 թ. համամասնությամբ հայեր եւ ադրբեջանցիներ, ինչը բացարձակ առավելություն էր տալիս հայկական կողմին։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հերթական անգամ իրականությանը չեն համապատասխանում. նա փորձել է մեղադրել ուրիշներին, սակայն կրկին ձախողել է:

 

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը, որ մինչեւ նախարարի աթոռը զբաղեցնելը նախարարության՝ կրթության ոլորտը համակարգող փոխնախարար էր, նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների «լոբինգի» արդյունքում է նախարար դարձել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեռ ամիսներ առաջ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը ստորագրահավաք է նախաձեռնած եղել: Նպատակը նախկին նախարար Վահրամ Դումանյանին պաշտոնանկ անելն ու Անդրեասյանով փոխարինելն է եղել: «ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի, Արսեն Թորոսյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Մարիա Կարապետյանի ու ՔՊ-ի՝ քաղհասարակության հատվածը ներկայացնող այլ պատգամավորների օժանդակությամբ է Դումանյանից ազատվելու ծրագիրը հաջողել: Վերոնշյալ ստորագրահավաքը, ճիշտ է, այն ժամանակ Դումանյանի՝ պաշտոնից ազատելու համար բավարար հիմք չի եղել, բայց վարչապետ Փաշինյանի մոտ նստվածք է թողել այն իմաստով, որ ՔՊ-ի մի շարք պատգամավորներ դժգոհ են Դումանյանից»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրն ու ընդգծեց, որ, փաստորեն, Թագուհի Ղազարյանն ու նրա յուրայինները վերջապես կարողացել են հասնել իրենց նպատակին, ու «սուպերնախարարի» տիտղոսն այժմ Անդրեասյանինն է: Նա, ի դեպ, Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի կինն է:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ակտիվ քննարկվում է հարցը , որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Պատճառաբանվում է այսպես. քաղաքական իշխանությունները դժգոհ են այս պահին ՀՀ առողջապահության նախարարի աշխատանքից: Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  անդրադառնալով նախարար Անահիտ Ավանեսյանի հնարավոր ազատման լուրին, հայտնեց, որ այս պահին նման հարց չի քննարկվում: «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե քաղաքական իշխանությունները վերջերս դժգոհություն հայտնել են արդյոք նախարար Ավանեսյանի աշխատանքից, խոսնակն ասաց, թե գնահատական չի կարող տալ այդ մասով, միայն կարող է հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրային կատարողականը իրականացրել է 100 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եղել է Առողջապահության նախարարությունում:

 

 

 

Հայաստանում ձուկ արտահանող տնտեսվարողները հայտնվել են վատ վիճակում: Պարզվում է՝ տեւական ժամանակ է, ինչ նրանք չեն կարողանում ձուկ արտահանել: «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում. «Օրինակ՝ մեր մեքենան գնացել է, 20 օր հետո է տեղ հասել, որ ձկան ժամկետը 16 օր է… Ճիշտ է, ձուկը չի փչացել, բայց 15-րդ օրը ստիպված խորը սառեցրել ենք, բայց ձուկը Հայաստանից գնացել է թարմ վիճակում: Կրել ենք ֆինանսական վնասներ, այդ ձուկը վաճառել ենք նախատեսվածից 50 տոկոս ցածր»: Վարորդների պատմելով՝ ռուսական կողմը հենց իմանում է, որ բեռը հայկական է, արհեստական խոչընդոտներ է ստեղծում, իսկ վրացական, ռուսական մեքենաները արագ են անցնում: Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ այս խնդիրը կա, հիմա էլ չեն կարողանում կենդանի ձուկ արտահանել: Ձկնաբույծի խոսքով՝ պետական կառույցները տեղյակ են խնդրին, բայց ոչինչ չի փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին եւ հետաքրքրվեց, թե ինչ է անում հարցի լուծման ուղղությամբ: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ամեն օր էլ արտահանվում է: Հիմա արդեն արագ անցնում են»: Ձկնաբույծները հակառակն են պնդում՝ նշելով, որ թարմ ձուկը հետ է բերվում, կա՛մ սառեցվում է, կա՛մ էլ էժան գնով վաճառվում է: Ի դեպ, շատերը ձկներով բեռնված մեքենաներով շրջում են գյուղերով եւ կիլոգրամը 1200-1300 դրամով փորձում վաճառել՝ այդպես կրելով մեծ վնասներ:

 




Լրահոս