Ստեփանակերտը Երեւանին կապող միակ ճանապարհն այս պահին դեռ շարունակվում է անանցանելի մնալ: Միակ մայրուղու փակ մնալուն անդրադարձել են նաեւ միջազգային լրատվամիջոցները:
Ռուսական տարածաշրջանային ԽՈՉՍՈջրՍՌռ ձջպս լրատվական կայքը հրապարակել է «Հայաստան տանող ճանապարհի փակումը խնդիրներ է ստեղծել Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար» վերտառությամբ հոդվածը: Հոդվածում լրատվական կայքի թղթակիցը զրուցել է նաեւ Արցախի Հանրապետության բնակիչներից մի քանիսի հետ, որոնք թղթակցին պատմել են, որ ճանապարհի փակումը խնդիրներ է առաջացրել: Ստեփանակերտի բնակիչ Անդրանիկ Գեւորգյանը պատմել է, թե Երեւան էր գալիս բարեկամներին այցելության. «Մեզ կանգնեցրին Շուշիի խաչմերուկում, ինչպես մյուս մեքենաները: Ես հասկացա, որ ճանապարհը երկար ժամանակ է փակվելու, քանի որ տեսա, որ ադրբեջանցիները շատ լավ են կազմակերպել իրենց ակցիան. եկել էին տեսախցիկներով, բարձրախոսներով, պաստառներով, շատ լրագրողներ կային: Ապա տեղեկություններ կային, թե նրանց շրջանում զինված մարդիկ կան, եւ ես որոշեցի իմ ընտանիքին վերադարձնել Ստեփանակերտ»:
Ռուսական «Ինտերֆաքս»-ն այսօր հրապարակել է «Ստեփանակերտը դիմել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով» վերտառությամբ հոդվածը: Հոդվածում ներկայացվում է, որ երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: Նկատենք՝ միջազգային մամուլն այնքան էլ ակտիվ չէ Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու հարցում եւ կրկին ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, իսկ հրապարակումներն էլ միայն պաշտոնական բնույթ են կրում՝ արտատպելով գերատեսչություններից ուղարկված հաղորդագրությունները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաեւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:
ԱԿՆՀԱՅՏ ՍԱԴՐԱՆՔ
2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանցիների մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն եւ անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կապն ապահովելու նպատակով:
Այս գործողության հետեւանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային եւ հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ:
Ստեղծված իրավիճակը ուղիղ հակադրության մեջ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ, համաձայն որի՝
ա) Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո,
բ) Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը:
Ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եւ անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի: Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը եւ այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսենք միջազգային գործընկերների հետ:
ԴԵՊԻ ՆՅՈՒ ՅՈՐՔ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու Յորքում` մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում՝ բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաեւ երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ «ՔՊ» ՉԷ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Դատելով տարածված հաղորդագրության բովանդակությունից՝ նիստի մասնակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ այն, որ Ադրբեջանն ավելի քան 24 ժամ փակ է պահում Արցախը Հայաստանին կապող հաղորդակցային միակ միջոցը՝ Բերձորի միջանցքը:
ԱԽ արտահերթ նիստին, բացի դրա կազմում ներառված անդամներից, նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն են մասնակցել:
Ըստ տրամաբանության՝ եթե ԱԽ նիստին վարչապետի հրավերով ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարը նույնպես մասնակցել է, ապա խորհրդարանի մյուս խմբակցության ղեկավարները նույնպես պետք է մասնակցեին: Բայց, պարզվում է, թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարները նիստին մասնակցելու հրավեր չեն ստացել:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանի ու Հայկ Մամիջանյանի հետ. նրանք երկուսն էլ մեզ ասացին, որ հրավեր չեն ստացել:
Փաստորեն, Հայաստանի ու Արցախի անվտանգային, պաշտպանական հարցերն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» միայն իրեն է վերագրում: Իհարկե, լավ կլիներ, որ, վերագրելուց բացի, այն լուծել կարողանար կամ դրանց համար ելքեր փնտրեր, բայց պետությունը միայն ՔՊ-ինը չէ, ու այն պետք է կառավարել՝ բոլոր ինստիտուտների հետ հաշվի նստելով: Հայաստանն, ի վերջո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չէ:
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ
ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում ընտրություններ կլինեն: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Ռոբերտի Նուրբեկյանի թեկնածությունը:
Այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո կքննարկվի հիմնական նիստում, եւ կկազմակերպվի քննարկում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ օրն այլ քննարկում եւս սպասվում է: Մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար քննարկվելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նարեկ Հովհաննեսի Ղազարյանի թեկնածությունը: