ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպով ուշագրավ զարգացումներ են եղել դատարանում:
Գործը հասել է դատախազի տեղակալին, սակայն Վճռաբեկ դատարանը կուլ չի գնացել քաղաքական իշխանության քայլերին:
2021 թվականի փետրվարի 26-ին ԱԺ ընդունարանին հարող հատվածում միջադեպ էր եղել Բաղրամյան պողոտան փակած «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկի եւ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ։ Հակոբ Ասլանյանը պատմել էր՝ փողոցում հայհոյանքներ են հնչեցրել, սակայն Ասլանյանի հետ միջադեպի մասնակից երիտասարդը ոստիկաններին ցուցմունք էր տվել եւ հերքել էր, որ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածել է:
Ինչեւէ, մեղադրյալի աթոռին է հայտնվել Հակոբ Հովհաննիսյանը, որին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել, որ նա 2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտա 19 շենք հասցեում գտնվող ՀՀ Ազգային ժողովի դիմաց՝ փողոցի երթեւեկելի մասում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով փողոցով անցնող անցորդների նկատմամբ, անտեսելով բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հասցեին:
Այդ ընթացքում այդտեղ գտնվող նույն խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը դիտողություն է արել Հակոբ Հովհաննիսյանին եւ փորձել կարգի հրավիրել վերջինիս, սակայն Հակոբ Հովհաննիսյանը բռունցքով մեկ անգամ հարվածել է Հակոբ Ասլանյանի աջ այտին, պատճառել ֆիզիկական ցավ եւ շուրջ 2-3 րոպե տեւողությամբ շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, որպիսի դիտավորյալ խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցրել է միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննիսյանին պատժել էր 200.000 դրամի չափով, սակայն Հովհաննիսյանը բողոքարկել էր դատարանի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարան, Վերաքննիչն էլ տուգանքի չափը կրճատել էր եւ տուգանել էր 50.000 դրամի չափով:
Գործին խառնվել է գլխավոր դատախազի տեղակալը եւ Վերաքննիչ որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ, իսկ, ահա, Վճռաբեկ դատարանն էլ կուլ չէր գնացել առկա իրավիճակին եւ դատախազի տեղակալի բողոքը վարույթ չէր ընդունել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՈՒ ՀԱՎԿԻԹՆԵՐԻ ՀԱՐՎԱԾԸ
Գ.Բ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցելով Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ:
Մասնավորապես, Գ.Բ.-ն հավկիթներով եւ ձնագնդիկներով հարվածներ է հասցրել Ազգային ժողովի շենքին մոտեցող պատգամավոր Ա.Ք.-ին սպասարկող ծառայողական ավտոմեքենային, որի մեջ գտնվել է պատգամավորը: Դրանից անմիջապես հետո Գ.Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Այնուհետեւ հավաքի մի խումբ մասնակիցներ, շարունակելով խուլիգանական գործողությունները, ժամը 11:00-ի սահմաններում փակել են Դեմիրճյան փողոցի երթեւեկելի հատվածը: Վերջիններիս միացած Ա.Ս.-ն եւ գործով չպարզված անձինք խոչընդոտել են աշխատանքի վայր ժամանող Ազգային ժողովի պատգամավոր Ս.Գ.-ի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ:
Պատգամավորը փորձել է խուսափել կոնֆլիկտից եւ առաջարկել բացել ճանապարհը, սակայն հավաքի մասնակիցներից չպարզված անձը Ս.Գ.-ին վիճաբանության մեջ ներքաշելու նպատակով հարվածել է նրա ավտոմեքենային: Վիճաբանություն է սկսվել պատգամավորի ու հավաքի մասնակիցների միջեւ, որի ընթացքում Ա.Ս.-ն եւ ինքնությունները չպարզված մասնակիցները հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Ս.Գ.-ին, քաշքշել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ա.Ս.-ն եւ չպարզված անձինք, հրմշտելով եւ ճեղքելով խուլիգանական գործողությունները խափանող ոստիկանների կենդանի պատը, հետապնդել են Ս.Գ.-ին՝ շարունակելով կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, հավկիթներով հարվածել՝ պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ ձախ բազկի ստորին երրորդականի դրսային մակերեսի, աջ արմնկային շրջանի արյունազեղումներ, ձախ այտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:
Ա.Ս.-ի եւ վարույթով դեռեւս չպարզված անձանց խուլիգանական գործողությունները դադարել են դեպքի վայրում գտնվող ոստիկանության մեծաքանակ ուժերի միջամտության արդյունքում ժամը 11:20-ին՝ Ա.Ս.-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկելուց հետո:
Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գ.Բ.-ի եւ Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում (համապատասխանաբար՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից, եւ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից՝ հարվածներ հասցնելով կամ բռնի այլ գործողություններ կատարելով):
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ անդրադարձել էր պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մասնակցությամբ միջադեպին՝ գրելով, որ գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Դատախազները հրաժարվում են գործը դատարան ուղարկել, եւ 2 տարի է՝ այս գործը քննվում է նախաքննական մարմնում: Մեր հրապարակումից օրեր անց գործով նախաքննության ավարտ հայտարարվեց, եւ գործը ուղարկվեց դատարան:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մալաթիա վարչական շրջանում ինքնասպանության փորձ է տեղի ունեցել: Դեկտեմբերի 12-ին՝ ժ.04:30-ին, 46-ամյա կինը՝ Հ. Ազարյանը, ինքնասպանություն գործելու նպատակով տան լոգարանում շեղբով կտրել է դաստակները: Վերջինիս շտապ հասցրել են հիվանդանոց, ու այս պահին կնոջ վիճակը նորմալ է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՊՕՐԻՆԻ ՀՐԱԶԵՆ
Ոստիկանության ՔՈԳՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասում բնակվող մի երիտասարդ պահում եւ կրում է ապօրինի հրազեն: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին 25-ամյա երիտասարդին Կոտայքի մարզի Առինջ գյուղի Աբովյան 10-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել եւ, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, ներկայացրել են քննչական բաժին: Երիտասարդը հայտնել է, որ մեքենայի սրահում պահում է հրազեն: Դեկտեմբերի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ, որը, ըստ ոստիկանության ՓՔՎ տեղեկանքի, արհեստագործական եղանակով պատրաստված ակոսափող հրազեն է: Կատարվում է նախաքննություն:
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում կատարված նույն շենքի 62-ամյա բնակչի սպանության հանգամանքները։ 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:55-ին, «Չարենցավան» ԲԿ ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12:40-ի սահմաններում, հիշյալ հասցեում բնակվող 62 եւ 30-ամյա բնակիչների միջեւ ծագած վիճաբանության ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է 62-ամյա տղամարդու ձախ ազդրին` պատճառելով մահ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին տրվել է համապատասխան հանձնարարություն։
Նույն օրը վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով 30-ամյա տղամարդը ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը` արնանման հետքերով:
Նախաքննությունը շարունակվում է: