Արցախում վերջին տասնօրյակում նկատվում է շմոլ գազով թունավորվելու դեպքեր. նախարարությունը հորդորում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ վերջին տասնօրյակում հանրապետությունում նկատվել է շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորվելու դեպքեր:

Դրանք հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։
Թունավորումն իսպառ բացառելու լավագույն պաշտպանությունը՝ կանխելն է։ Ուստի, հորդորում ենք խստագույնս պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:

Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ բացօթյա տարածք և օդափոխել բնակարանը։ Եթե տանն առկա է գազօջախ, անհրաժեշտ է անջատել այն և փակել գազի հոսքը։

Օդափոխելով տարածքը գազի խտությունը նվազում է՝ միաժամանակ նվազեցնելով թունավորման ռիսկը։

Շմոլ գազը չունի համ, գույն և հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ, մարդն այն շնչում է ու շնչահեղձ լինում։ CO գազից թունավորվելու առաջին ախտանիշներն են գլխացավը, հոգնածությունը, հևոցը, չոր հազը, սրտխառնոցը։ Ավելի լուրջ ախտանիշներն են հավասարակշռության, տեսողության և գիտակցության կորուստը կամ հիշողության խանգարումը։

Մեր պատասխանատվությամբ ու հետևողականությամբ խուսափենք ողբերգական դեպքերից:

ՆԳ նախարարության թեժ գծի հեռախոսահամարներ

Ոստիկանություն-102, /0479/ 4-02-07

ԱԻՊԾ-911, /0479/ 4-09-11




Լրահոս